Խորհրդարանի ընտրությանը մասնակցել-չմասնակցելու հարցը ՀՀԿ գաղտնիքն է, ո՞ւմ է հետաքրքրում այն

- in Ընտրություններ
Vahram Baghdasaryan

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե խորհրդարանի ընտրությանը մասնակցել-չմասնակցելու հարցը ՀՀԿ գաղտնիքն է: Ո՞ւմ է հետաքրքրում այդ գաղտնիքը, լրատվամիջոցներից բացի:

Թերևս միայն այն ուժերին, որոնք պատրաստվում են մասնակցել խորհրդարանի ընտրությանը: ՀՀԿ մասնակցության հարցը կարող է հետաքրքրել միայն նրանց: Բանն այն է, որ ՀՀԿ մասնակցությունը կարող է ենթադրել, որ այդ ուժի հաշվարկը ցույց է տվել անցողիկ շեմը հաղթահարելու քիչ թե շատ իրատեսական հնարավորություն, կամ առնվազն լավագույն չորրորդը լինելու հնարավորություն: Դա առնվազն կնշանակի, որ ՀՀԿ-ն, հայտնվելով խորհրդարանում, բաժին է ստանալու նաև 1,3-ի այն բոնուսներից, որոնք սահմանադրորեն հասնում են ընդդիմություն կամ ոչ իշխանություն հանդիսանալիք ուժերին:

Սակայն կա ոչ միայն ավելորդ մանդատներ բաժին չհանելու խնդիրը, այլ նաև ավելի խորքային հարց այլ տեսանկյունից: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ բանակցությանը եկել է փոխհամաձայնության, որ նախընտրական պայքարը պետք է լինի փոխադարձ հանդուրժողության մթնոլորտում: Օրինակ՝ այդ մասին ամրագրվեց նաև Գագիկ Ծառուկյանի հետ հուշագրում: Դա նշանակում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կամ «Իմ քայլը» դաշինքը՝ նայած, թե ինչ ֆորմատով կլինի մասնակցությունը, արտահերթ խորհրդարանական ընտրությանը ձեռնպահ կմնան կոշտ և արմատական քարոզչական հռետորաբանությունից, չեն կիրառի այն մարտավարությունը, որը կիրառվեց Երևանի ավագանու ընտրությանը: Այդ մարտավարությունը գործնականում լուծել է դրված խնդիրը և ապահովել է այն, ինչ պետք էր այդ փուլում:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ներկայումս սկսել են բավականին հաճախ հայտարարել, որ չի բացառվում անգամ իրենց նախընտրական ցուցակում այնպիսի մարդկանց ներառում, որոնք նախկինում եղել են «բարիկադի» մյուս կողմում, սակայն պրոֆեսիոնալներ են և չունեն, այսպես ասած, աղմկոտ անցյալ կամ օդիոզ կերպար չեն: Փաշինյանը հայտարարում է, որ կար բարիկադներ կառուցելու ժամանակ և կա բարիկադները քանդելու ժամանակը: Թվում է, որ ստեղծվում է ընտրության համար, այսպես ասած, իդեալական միջավայր, համերաշխ և հանդուրժող քաղաքական մրցակցության դաշտ, որտեղ իրենց հարմարավետ կզգան բոլոր ուժերը: Սակայն ահա այստեղ է, որ ՀՀԿ մասնակցությունը կարող է ստեղծել անհարմարավետություն: Բանն այն է, որ ՀՀԿ մասնակցությունը ենթադրելու է միջավայրի կամ ավելի շուտ հանրային տրամադրությունների ռադիկալացում:

Նիկոլ Փաշինյանն այդ իմաստով իր առաջնորդած ուժի համար արդեն իսկ սահմանել է այսպես ասած չեզոքացնող, լիցքաթափող մարտավարություն և նշաձող: Այդ պայմաններում ռադիկալության մթնոլորտը, կամա թե ակամա, կարող է բաժին հասնել մյուս մասնակից ուժերին, որոնք կմտնեն ՀՀԿ-ի հետ դիմակայության: Առիթ ունեցել ենք տարբեր այլ հոդվածներով խոսել այդ մասին, որ ՀՀԿ-ն և մյուս ուժերը լինելու են գործնականում միմյանց մրցակից, քանի որ Փաշինյանի ուժը մրցակցությունից դուրս է օբյեկտիվորեն: Այստեղ թվում է, որ խնդիր չկա. մյուս ուժերը կարող են ՀՀԿ-ի վրա միավոր հավաքել, և Հանրապետականը իր մասնակցությամբ այդպիսով կարող է օգնել նրանց: Բայց խնդիրն այն է, որ այդ ուժերի և ՀՀԿ բախումից միավորներ կարող է հավաքել Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը, որովհետև այդ բախումը առաջացնելու է որոշակիորեն սև-սպիտակ տրամաբանություն կամ առնվազն այդպիսի տարրեր մթնոլորտում, որի դեպքում արդեն միավորները, ինքնաբերաբար, ենթագիտակցական մակարդակում անգամ կգնան Նիկոլ Փաշինյանի կողմ:

Կասկած չկա, որ ՀՀԿ-ին գրոհելու դեպքում մյուս քաղաքական ուժերը և հատկապես դրանց շարքում առաջատար դիտարկվող «Բարգավաճ Հայաստանը» ՀՀԿ-ից արժանանալու են, այսպես ասած, պատասխան մեղադրանքի, որ ԲՀԿ-ն, ըստ էության, նախկին համակարգի ուժ է: Գործնականում, այդպիսի մի իրավիճակի մենք բոլորս ականատես ենք եղել մայիսի 25-ին, երբ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն էր ծրագիր ներկայացնում, իսկ կռվում էին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Խորհրդարանի արտահերթ ընտրությանը ՀՀԿ մասնակցության դեպքում մեծ է հավանականությունը, որ հանրությունն ականատես կլինի համանման տեսարանի, սակայն ոչ թե խորհրդարանի մեկ նիստի, այլ ամբողջ նախընտրական արշավի ընթացքում: Այդ իմաստով, իր մասնակցության շուրջ ստեղծելով յուրօրինակ ինտրիգ՝ որքան էլ այն բխի ՀՀԿ կարգավիճակից և իրավիճակից բնականորեն, Հանրապետականն այդուհանդերձ լարված անորոշության մեջ է պահում մյուս մասնակիցներին, որոնք պայքարելու են երկրորդ և ավելի ցածր ևս երկու տեղի համար:

Ի վերջո, եթե ՀՀԿ-ԲՀԿ միջև ծավալվի այդ պայքարը, բավական անհարմար վիճակում են հայտնվում նաև այդ ուժերը, որովհետև, մի կողմից, նրանք հայտնվում են սև-սպիտակ մթնոլորտում, մյուս կողմից՝ ստացվում է, որ դա ամենևին իրենց խաղը չէ և լինելով խաղում դե յուրե, նրանք դե ֆակտո կարող են հայտնվել խաղից դուրս վիճակում: ՀՀԿ «գաղտնիքով» ստեղծվող անորոշությունը, իհարկե, իքս պահին ցրվելու է, օրենքի ուժով, սակայն մինչ այդ դա նրանց կարող է խանգարել նախընտրական մարտավարության հստակեցման հարցերում: Իսկ հաշվի առնելով այն, որ ընտրական գործընթացը լինելու է կարճ, այսպես ասած՝ բլից տրամաբանությամբ, ցանկացած օրն ու ժամը ստանում են մեծ նշանակություն, ըստ այդմ՝ էական է դառնում ցանկացած ժամ կամ օր հապաղումը:

Spread the love
  • 14
    Shares