Խոր Վիրապում 38-ամյա վանաձորցին կազակական վկայականով ներկայացել է որպես «police» ու թալանել զբոսաշրջիկներին

- in Իրավունք
Vostikan

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արտյոմ Դոդորյանի գործի դատական քննությունը:

Վանաձորի 38-ամյա բնակիչ Արտյոմ Դոդորյանին  2 դրվագով մեղադրանք էր առաջադրվել կողոպուտի փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 1-ին մասով:

Արտյոմ Դոդորյանի գործով տուժողները Դուբայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներ են:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի փետրվարի 12-ին, ժամը 12-ի սահմաններում Արտյոմ Դոդորյանը ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում գտնվող Խոր Վիրապ եկեղեցական համալիրի բակում մոտեցել է զբոսաշրջիկ, Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի Ջոն Ռ.-ին:

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Դոդորյանը Ջոնին ցույց է տվել «Հայ-ռուսական կազակական միավորման» վկայականը, բայց ներկայացել է որպես ոստիկան՝ «police», ապա ժեստերով հասկացրել է, թե պետք է անձնական խուզարկության ենթարկի «կասկածյալին»:

Արտյոմը Ջոնին ուղեկցել է եկեղեցու պարսպի մոտ ու սկսել է «խուզարկել» զբոսաշրջիկի գրպանները՝ հանել է բջջային հեռախոսը և ընդհանուրը՝ 215 հազար 913 դրամին համարժեք գումարը՝ 10 հազար դրամ, 157 հազար 656 դրամին համարժեք՝ 1200 ԱՄԷ դիրհամ և 100 դոլար:

Այս ամբողջը Արտյոմը դրել է գետնին ու շարունակել է ստուգել զբոսաշրջիկի տաբատի հետևի գրպանները:

Այնուհետև, ըստ մեղադրանքի,  նա գետնից վերցրել է բոլոր թղթադրամները, բջջային հեռախոսը թողել է գետնին ու փորձելով բացահայտ հափշտակել ամբողջ գումարը՝ փախել է:

Սակայն իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Արտյոմ Դոդորյանը չի կարողացել հանցավոր արարքն ավարտին հասցնել, քանի որ զբոսաշրջիկը հետապնդել է նրան, բռնել ու նրա ձեռքից խլել է իր ամբողջ գումարը, նաև գետնից վերցրել է իր հեռախոսն ու հեռացել է:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ դարձյալ գտնվելով Խոր Վիրապում, Արտյոմ Դոդորյանը մոտեցել է զբոսաշրջիկ, ԱՄԷ քաղաքացի Մարկ Ա.-ին, նույն կերպ ներկայանալով որպես «police»՝ ոստիկան՝ ասել է, թե պետք է անձնական խուզարկության ենթարկի նրան:

Այս անգամ Արտյոմը տուժողին տարել է եկեղեցու տարածքում գտնվող զուգարան, որտեղ խուզարկության ենթարկելու պատրվակով հանել է տվել զբոսաշրջիկի վերնահագուստը:

Մարկն իր դրամապանակն ու տեսախցիկը դրել է լվացարանին, որպեսզի «պոլիսին» ցույց տա իր անձը հաստատող փաստաթուղթը:

Արտյոմ Դոդորյանն անմիջապես լվացարանի վրայից վերցրել է դամապանակը, թափահարել, միջի գումարը թափել է լվացարանի վրա և 9 հազար դրամն ու 131 հազար 380 դրամին համարժեք 1000 ԱՄԷ դիրհամը հափշտակելով՝ Մարկին հրել ու դիմել է փախուստի, սակայն նորից իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ հանցավոր արարքն ավարտին չի հասցրել՝ նրան բռնել են Խոր Վիրապի այցելուները:

Դատարանում Արտյոմ Դոդորյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար:

Դատարանում ստացվել է տուժող Մարկ Ա.-ի գրությունն այն մասին, թե չի կարող վերադառնալ Հայաստան՝ դատական լսումներին ներկա գտնվելու, քանի որ միջադեպի ժամանակ Հայաստանում է եղել որպես զբոսաշրջիկ: Իր օրակարգը շատ հագեցած է աշխատանքի բերումով, ինքը չի կարող հեռանալ Դուբայից:

Տուժող Ջոն Ռ.-ի ներկայությունը դատարանում ապահովել նույնպես հնարավոր չի եղել:

Դատարանը հաշվի է առել Դոդորյանի արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը:

Արտյոմ Դոդորյանը մեղավոր է ճանաչվել ու վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի իրական ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի փետրվարի 12-ից:

Կողոպուտների ժամանակ Դոդորյանի կողմից օգտագործած կազակական վկայականը, ըստ դատական ակտի, կպահվի քրեական գործում:

Spread the love