Կառավարության նիստում 3 մարզպետներ նշանակվեցին. Հունան Պողոսյանը՝ նոր Հայաստանի կողմնակից

- in Պաշտոնական
Hunan Poghosyan

Կառավարության այսօրվա նիստում Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նա թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է, մինչ այս աշխատում էր տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար:

Կառավարության այլ որոշումներով Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ նախկին ոստիկանապետ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ:
Վարչապետը շնորհավորեց նորանշանակ մարզպետներին և արդյունավետ աշխատանք մաղթեց:

Հայաստանի ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով կառավարության հունվարի 16-ի արտահերթ նիստի ընթացքում կնշանակվի Սյունիքի մարզպետ, նշում է, որ մարզպետի պաշտոնում առաջնահերթ պլաններ ունի, որոնք խոստանում է իրագործել: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Հունան Պողոսյանն ընդգծեց, որ առաջին քայլը լինելու է փոխվստահության մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ ինքն է իրավիճակի տերը:

Հունան Պողոսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Սյունիքի մարզպետի պաշտոնում իր ընտրությունը: «Ես ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում 8 տարի պաշտոնավարել եմ: Ինձ կարճ դադար էր պետք: Այդ դադարը եղավ, իսկ դրանից հետո ես մեծ սիրով ընդունում եմ այս առաջարկը»,- ասաց Պողոսյանը:

Հունան Պողոսյանը շեշտեց, որ ինքը նոր Հայաստանի կողմնակիցն է ու ամեն ինչ անելու է, որ նոր Հայաստանում լավ լինի:

Հարցին, թե իր նշանակման վերաբերյալ քննադատություններ կան, Հունան Պողոսյանն ասաց, որ նորմալ է վերաբերում, առանց քննադատության անհնար է: Դիտարկմանը, որ գնահատականներ կան, թե ինքը հին  ռեժիմի ծառայող է եղել, նա պատասխանեց. «Դե դրանք ստրկամիտ մարդիկ են, էդպես կարող են մտածել: Ես ծառայելով օրենքին՝ ժողովրդին եմ ծառայել»:

Այն հարցին, որ ՏԻՄ մարմիններում աշխատելու փորձ չունի, ինչպե՞ս է պատկերցնում աշխատանքը, Պողոսյանը  պատասխանեց. «Կփորձեմ, անպայման կփորձեմ»: Նա ասաց, որ առաջնահերթ խնդիրներ ու պլաններ կան, բոլորը կիրագործեն, առաջնահերթ է փոխվստահության մթնոլորտ ստեղծելը, որ ժողովուրդը հասկանա ինքն է իրավիճակի տերը:

Հարցին, որ տպավորություն էր, թե ինքը հին թիմի հետ հեռացել է, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ սխալ ընկալում է եղել: «Ես նախկինում էլ ութ տարի պաշտոնավարել եմ: Ինձ կարճ դադար էր պետք, կարճ դադարը եղավ, ու դրանից հետո մեծ սիրով ընդունել եմ այս առաջարկը»,- հավելեց նա:

Պողոսյանը  նաև պատասխանեց հարցին, թե անսպասելի՞ էր այս առաջարկը: «Կոնկրետ մարզի մասով ոչինչ չեմ կարող ասել, բնականաբար ինչ-որ բաներ սպասում էի», նշեց նա:

Հայաստանում ապրիլյան իրադարձությունների ժամանակ խաղաղ ցույցերը ցրելու հրահանգներ չեն եղել: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սյունիքի նոր մարզպես Հունան Պողոսյանը, ով նախկինում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը. «Ոստիկանությունը շատ ավելի հանդուժող էր, հատկապես հեղափոխության վերջին օրերին: Ես, որպես գեներալ, որպես պատվախնդիր մարդ, արել եմ հնարավոր ամեն ինչ, որ բախումներ չլինեն: Խաղաղ ցույցերը ցրելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ չեն եղել: Եղել է իրավիճակի վերլուծություն և իրավիճակից ելնելով՝ ինչ-որ գործողություններ, և որպես կանոն, ոստիկանության ղեկավարությունը ձեռնպահ է մնացել կտրուկ միջոցներից»:

Spread the love
  • 18
    Shares