Կարեն Կարապետյանի հայտնի «գմփացնողների գումարտակում» հայտնվել է գյուղատնտեսության նախարարությունում

- in Տնտեսական

«Հիմա որպեսզի «քաղաքական ռասիզմի» մեղադրանք չհնչի, ազգովի ուղղիչ-դաստիարակչական աշխատանքների ականատե՞ս ենք լինելու: Պաշտոնանկությունը կյանքի ավարտ չէ. այս ընկալումը կարող էր տեղավորվել միայն նախկին իշխանության տրամաբանության շրջանակներում: Իսկ նշանակումների պարագայում պետք է առաջնորդվել ընդամենը երկու գործոնով՝ պրոֆեսիոնալիզմով և ազնվությամբ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու կապակցությամբ:

Քանի որ ոստիկանության կամ արդարադատության ոլորտները մասնագիտական առումով իմը չեն, ճիշտ չեմ համարի սիրողական կարծիք հայտնել պրն Պողոսյանի նշանակման վերաբերյալ, անգամ համացանցում Հունան Պողոսյանին վերագրվող հանցագործություններով ու մեղսակցություններով բազում տեսագրությունների առկայության պարագայում: Բայց նշանակման հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված մեկնաբանությունը, որ ներկայացվեց վերևում, միանշանակ «մեկնաբանության» կարիք ունի, այլապես կարծես խոսքի և գործի լուրջ հակասություններ են երևում:

«Իսկ նշանակումների պարագայում պետք է առաջնորդվել ընդամենը երկու գործոնով՝ պրոֆեսիոնալիզմով և ազնվությամբ»: Նիկոլ Փաշինյանի խոսքերն են: Միանշանակ ընդունելի: Հունան Պողոսյանի հետ միաժամանակ Նիկոլ Փաշինյանի միջնորդության և հանրապետության նախագահի հաստատմամբ գյուղատնտեսության նախարարի պաշտոնին հաստատված Գեղամ Գևորգյանի պարագայում որևէ մեկը պարզապես չի համարձակվի ոչ միայն պրոֆեսիոնալիզմի, այլև ոլորտին տիրապետելու կամ անգամ ծանոթ լինելու մասին ակնարկ իսկ անել:

Բացարձակապես ոչինչ չունենալով երիտասարդ նախարարի դեմ՝ այնուամենայնիվ չեմ կարող չհարցնել՝ իսկ վարչապետը ի՞նչ կրեդոներով է տեսնում վերջինիս պրոֆեսիոնալիզմը գյուղատնտեսության ոլորտում: Մարդ, որը մասնագիտությամբ իրավաբան է ու գիտակցական ողջ կյանքը եղել է այդ ոլորտում, ընդամենը մեկուկես տարի առաջ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի «գմփացնողների գումարտակում» հայտնվել է գյուղատնտեսության նախարարությունում ու մեկ էլ՝ նախարար: Ընդ որում, վերջինս ոչ միայն պրոֆեսիոնալ չէ, այլև կատարելապես ձախողել է իրեն վստահված համակարգի գործունեությունը:

Վերջինիս ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ներկայացնելիս վարչապետը խոսեց վերջերս իր՝ Արարատի մարզ կատարած այցի մասին: Այդ օրերին եթերից չէր իջնում տեսագրությունը, թե ինչպես էր պրն Փաշինյանը պատասխան փնտրում լոլիկի ցեցի տարածման պատճառների ու դրա դեմ պայքարի միջոցառումների մասին ու այդպես էլ չստացավ: Սեզոնին նա բազմիցս գյուղատնտեսական շուկաներում էր ու փորձում էր հասկանալ, թե ինչու ձմերուկի գինն այդպես էլ տևական ժամանակ չէր նվազում՝ նախորդ տարիների համեմատությամբ բազմապատիկ թանկ լինելով:

Երկրի այդ ոչ այնքան հաճելի իրավիճակի համար մեղքի ամենամեծ բաժինն ունի նորանշանակ նախարարը՝ այն պարզ պատճառով, որ գյուղացուն՝ լոլիկ ու ձմերուկ ու մնացած մթերքները մշակողին, մեծ կորուստներից խուսափելու համար «ինչ անել» ասողը բառիս բուն իմաստով այն հիմնադրամն է, որ ղեկավարում էր պրն Գևորգյանը: Խորհրդատվությունը այդ հիմնադրամը պետք է ապահովեր, որ ոչ թե թերացել ու լավ չի ապահովել, ոչ թե ձախողվել է, այլ պարզապես այդ գործով և ընդհանրապես ոչ մի գործով չի զբաղվել: Փաստորեն նորանշանակ նախարարը ոչ որպես մասնագետ, գոնե որպես մենեջեր էլ չի կարողացել իրեն դրսևորել:

Վերջինիս ազնվության հարցը քննարկելն իհարկե անլրջություն է, բայց արդյո՞ք ազնվությունը բավարար պայման է բոլորովին նորաթուխ վարորդի համար, ով առաջին անգամ է տեսնում այն խարխուլ մեքենան, որով պետք է բավականին բարդ ու վտանգավոր ճանապարհներով ամբողջ համակարգ հաջողությամբ տեղափոխի:

Պրոֆեսիոնալիզմ է պետք: Այլապես այն, ինչ արվում էր նախկինում, երբ դատաբժիշկ արմենաշոտյանները գիտության կրթության ու նրա նմանները նույն սկզբունքով այլ ոլորտներ էին համակարգում, երկիրը հասցրին այս օրվան: Այս ու նման մոտեցումներն էին պատճառը, որ ժողովուրդը դուրս եկավ փողոց: Ինչպես և նախկինների պարագայում, պրն Փաշինյանի կառավարությունը ևս կարծես գյուղատնտեսության նկատմամբ նույն մնացորդային վերաբերմունքն է դրսևորում, ինչը հարգալից վերաբերմունք չէ գյուղի ու գյուղացու նկատմամբ:

Spread the love