Կա նաև արհեստական գնաճի միտում մանրածախ ցանցում

- in Տնտեսական
Hashvark

Օրերս Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսների   տեղեկագիրը:

Համաձայն հրապարակման 2018թ. հունվարի համեմատությամբ սեպտեմբերինսպառողական գների ինդեքսը  նվազել է 3.6%-ով: Ընդ որում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների անկումը կազմել է ամբողջ 9.5%: Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային  արտադրատեսակների դեպքում արձանագրվել է 3.6%-ոց աճ: Հագուստի և կոշիկի պարագայում ևս, սեպտեմբերին հունվարի համեմատությամբ գները նվազել են, 5%-ով: Տրանսպորտի ոլորտում արձանագրել է ավելի քան 1.6%-ոց աճ, ռեստորանների և հյուրանոցների գնաճը կազմել է 3.5%: Հանգիստ և մշակույթ տողում գնանկումը եղել է 6%: Մնացած դեպքերում գների ինդեքսի լուրջ տատանումներ չեն  արձանագրվել:

Առաջին անհրաժեշտության սպառման սննդամթերքի գնային տատանումները նշյալ ժամանակային միջակայքում ունեցել են հետևյալ պատկերը. հացաբուլկեղեն-ձավարեղեն խմբում գների աճ  չի արձանագրվել, ալյուր և այլ ձավարեղեն խմբում՝ գրանցվել է ավելի քան 3%-ոց անկում:  Հացի գինն աճել է 1.8%-ով: Մսամթերքի գներն աճել են ավելի քան 6%-ով, մինչդեռ տավարի ու հորթի միսը՝ 13.6%-ով, խոզի միսը՝ 1.1%-ով, գառան, ոչխարի միսը՝ 3.6%-ով:  Թռչնամսի գները 2.2%-ով անկում են գրանցել: 4-5%-ով թանկացել է ձկնամթերքը, 30%-ով՝ ծովամթերքը:  Կաթնամթերքի գների լուրջ փոփոխություն չի արձանագրվել: Մինչդեռ ձվի գնանկումը կազմել է ավելի քան 13%: Կարագի գինն  աճել է 2.2%-ով: Շաքարի գինը նվազել է 12%-ով:   Եթե մրգերի գները միջինում աճել են ավելի քան 4%-ով, ապա բանջարեղենի գնանկումը կազմել է  30%:

2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատությամբ սպառողական գների ինդեքսը աճել է 2.8%-ով: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 3.6%, ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի գների աճը կազմել է 5.6%, սննդամթերքի գներինը՝ 4%, հացաբուլկեղենև ձավարեղեն խմբում գնային տատանում գրեթե չի եղել, ալյուր և այլ ձավարեղենում գնանկումը կազմել է 6%,  հացի գնի աճ ևս չի արձանագրվել:  Մսամթերք ապրանքախմբում գրանցվել է 13.1%, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում՝ 25.9%  գնաճ: Կաթնամթերք-պանիր և ձվի ապրանքախմբերում արձանագրվել է համապատասխանաբար  7.1%-ոց  գնաճ և 0.3%-ոց գնանկում: Կարագի գինն աճել է 39%-ով, շաքարինը՝ նվազել 8%-ով:

Մրգեր ապրանքախմբում  նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.9%-ոց գնանկում, բանջարեղենի գներն աճել են 6%-ով:

2018թ. սեպտեմբերին 2017թ. սեպտեմբերի համեմատությամբսպառողական գների ինդեքսն աճել է 1.6%-ով:  Հացաբուլկեղեն-ձավարեղեն խմբի գները  2018թ. սեպտեմբերին նախորդ  սեպտեմբերի նկատմամբ աճել  է 10.1%-ով: Ալյուր և այլ ձավարեղեն խմբի սպառողական գները նվազել են 5.8%-ով: Հացը  2018թ. սեպտեմբերին 2017թ. սեպտեմբերի նկատմամբ աճել է 2%-ով, միսը՝ 11.9%-ով: Տավարի ու հորթի միսը թանկացել է գրեթե 20%-ով, խոզի միսը՝1.2%-ով, ոչխարի և գառան միսը՝  ավելի քան 14%-ով: Թռչնամիսը՝ նվազել է 4.4%-ով: Սեպտեմբեր- սեպտեմբեր միջակայքում ձուկը թանկացել է գրեթե 6%-ով: Ծովամթերքն ավելի քան 33%-ով: Կաթնամթերքը թանկացել է գրեթե 5%-ով: Պանիրն ու կաթնաշոռը՝ 6.7%-ով: Ձուն՝ 4.6%-ով: Կարագը գրեթե 25%-ով: Մրգերի գնաճը մոտ է զրոյականին: Բանջարեղենն աճել է  14.5%-ով: Կարտոֆիլը՝ 7.3%-ով:  Շաքարի գինը նվազել է 15.8%-ով:

2017-2018թթ. հունվար և 2018 հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածներում գնային ատանումները դիտարկելիս ստանում ենք բավականին հետաքրքիր պատկեր. եթե 2018թ.-ի հունվարին մեկ տարի առաջվա համեմատությամբ սպառողական գների ինդեքսը աճել էր 2.8%-ով, ապա սեպտեմբերին այն նվազել է 3.6%-ով: 2017-18 հունվար. սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների աճը կազմել է 3.6%, 2018թ. հունվար-սեպտեմբեր՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների անկումը՝ 9.5%,   հունվար-հունվար՝ ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքի աճը կազմել է 5.6%, հունվար-սեպտեմբեր՝ 3.6 %: Ալյուր և այլ ձավարեղեն խմբում տարվա կտրվածքով անկումը կազմել է 5.8%, իննը ամիսների կտրվածքով՝ 3%: Վերջին իննը ամիսներին հացի գնի 1.8%-ոց աճ է արձանագրվել նախորդի զրոյական աճի դիմաց: Այս տարի մսամթերքն աճել է 6%-ով,  անցած տարվա ավելի քան 13-ի դիմաց: Ընդ որում տավարի և հորթի միսը անցած տարի թանկացել է ավելի քան 20%-ով: Կարագի գնի անցած տարվա 30%-ի դիմաց այս տարի թանկացել է ընդամենը 2.2-ով: Կաթնամթերքի խմբում գրեթե նույն աճն է: Վերջին ամիսներին շաքարի գինն նվազել է ավելի քան 16%-ով, անցած տարվա 8-ի դիմաց:   Անցած տարի բանջարեղենի գները աճել են 14.5%-ով, այս տարվա իննը ամիսներին՝ 6%-ով:

Թվերի պարզ համադրումից ստացվում է, որ վերջին ամիսներին գնաճի միտումների դանդաղեցում, որոշ դեպքերում էլ անկում է արձանագրվում, գուցե դանդաղ, գուցե տվյալ փուլի համար ոչ բավարար, բայց անկումն ակնառու է:

Գնաճային այս զարգացումները Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով կշարունակվեն նաև առաջիկայում: Նրա մեկնաբանությամբ այս տարվա գնաճը պայմանավորող հիմնական գործոններից է գյուղմթերքների բարձր գները: Նրա գնահատմամբ գնաճին նպաստել է նաև տուրիզմի զարգացումը: Այն որոշակի ամիսների սպառողական շուկայոմ ավելացնում է պահանջարկը եւ սպառումը գրեթե 50%-ով ավելանում է: Իսկ դրա հետևանքով առաջարկ-պահանջարկի անհամապատասխանություն է առաջանում, պահանջարկը մեծանում է, որ չի բավարարվում:  «Հունվարի 1-ից նախատեսվում է, որ կտրուկ կթանկանան նաեւ ալյուրը և ցորենը, ինչպես նաև անասնակերը և այդ հումքով պատրաստվող ամեն ինչ՝ հացը, հացաբուլկեղենը, հրուշակեղենը, թռչնամիսը, միսը»:

Սկզբունքորեն բավականին այլ կարծիքի է գյուղատնտեսության փոխնախարար, նախարարի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանը: Նա գտնում է, որ կան ապրանքատեսակներ, որոնք բավականաչափ լուրջ քանակություններով կան շուկայում և կա գնանկում նախորդ տարիների համեմատությամբ: «Կան նաեւ որոշ ապրանքատեսակներ, որոնք այսօր ավելի բարձր գնով են` շուկայի համեմատ: Իրականում գների մեջ էական տարբերություն կա: Երբ մենք համադրում ենք մեծածախ և մանրածախ շուկայի գները, իրականում գների տարբերությունը բավականին զգալի է: Պետք է նշեմ, որ նախորդ տարիների համեմատությամբ մանրածախ շուկայում կա որոշակի գնաճ: Իմ կարծիքով՝ դա հիմնավորված չէ, քանի որ մեծածախ շուկայում գները անհամեմատ մատչելի են:  Ես կարծում եմ՝ որոշ առումով կա նաև արհեստական գնաճի միտում մանրածախ ցանցում: Մեր բոլոր հանդիպումների ընթացքում գյուղացիները բողոքում են ապրանքների ցածր գներից, մեր սպառողներն էլ հակառակը` դժգոհում են գյուղատնտեսական մթերքների բարձր գներից: Սա է խնդիրը և միջնորդ օղակները շատ ավելի շահեկան իրավիճակի մեջ են գտնվում»:

Please follow and like us:
18642