Հայաստանը հայտնվել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի ուշադրության կենտրոնում

- in Հրապարակ
usa-spitak-tun

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որ Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին:

Ջուլիանին նախագահական ընտրություններում եղել է Թրամփի խորհրդատուների թիմում, և այն, որ Թրամփը տարավ անսպասելի հաղթանակ, հուշում է, որ թիմը բավական լավ է աշխատել: Միևնույն ժամանակ, ակնառու փաստ է այն, որ Ռուդոլֆ Ջուլիանին բավականին արդյունավետ է եղել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնում, և նրա պաշտոնավարման տարիներին լուծվել են հսկա մեգապոլիսի համար տարիներ շարունակ անլուծելի համարվող մի շարք առանցքային խնդիրներ:

Այդ ամենը հուշում է, թե ինչպիսի կալիբրի գործիչ է ժամանելու Հայաստան: Եվ եթե հաշվի առնենք նաև այն, որ Ջուլիանին վերջին շրջանում լինելու է, մեղմ ասած, ոչ առաջինը, ոչ միակը և ոչ էլ ամենաբարձրը իր կալիբրով՝ առաջիկա օրերին Հայաստան կժամանի ամերիկյան ներկայիս քաղաքականության առանցքային դեմքերից մեկը՝ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ապա ստացվում է բավականին ուշագրավ պատկեր:

Հայաստանը հայտնվել է ԱՄՆ ներկայիս վարչակազմի ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ առարկայական ուշադրության, քանի որ խորհրդականների կամ խորհրդատուների կալիբրի այցերը հուշում են հենց այն մասին, որ կոնկրետ աշխատանքի սովոր մարդիկ գալիս են շատ կոնկրետ հարցեր քննարկելու: Այս շաբաթ Հայաստանում էր նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Քենթը: Իսկ ամերիկյան քաղաքականության հիերարխիայում Եվրոպայի ու Եվրասիայի ուղղությունը և այդ ուղղությամբ պաշտոնյաները նշանակալի դերակատարում ունեցող դիվանագետներ են:

Եվ ի լրումն այս ամենի՝ ԱՄՆ դեսպան Ջոն Միլսը իր, այսպես ասած, հրաժեշտի աղմկոտ հայտարարություններով, որոնք, սակայն, Հայաստանում ունեցան փոքր-ինչ տարօրինակ ընկալում: Դրանցից Հայաստանի հանրությունը, կամ այսպես ասած՝ հանրային կարծիք կանխորոշողների մեծամասնությունը կենտրոնացան միայն տարածքների հանձնման մասին հայտնի հայտարարության վրա՝ այն դեպքում, երբ հեռացող, արդեն նախկին դեսպան Միլսը արել էր մեկ այլ հիմնարար արձանագրում, որ հայ ժողովուրդը դեմ է դրան, այսինքն, որ հայ ժողովուրդն է տարածքների հանձնմանը դեմ, ոչ թե իշխանությունը: Հեռացող, այսինքն՝ դիվանագիտական պաշտոնավարման կաշկանդող հանգամանքներից դուրս եկող դեսպանն է անում այդ հայտարարությունը ու անում է Հայաստան ամերիկյան բարձրաստիճան դիվանագետների, պաշտոնյաների այցի, այսպես ասած, որոշակի ալիքին ընդառաջ:

Այդպիսով դեսպանը այդ այցերին ընդառաջ Հայաստանի իշխանությանը տալիս է ամերիկացի պաշտոնյաների հետ աշխատանքի բավականին ճկուն հնարավորություն՝ այցից առաջ սուբյեկտ դարձնելով հասարակությանը: Եվ սա, իհարկե, չի վերաբերում լոկ Արցախի հարցին: Այսինքն՝ ամենևին միարժեք չէ, որ նրանք գալիս էին կամ գալիս են Արցախի խնդրում ինչ-որ բան բերելով, և Միլսն ասում է, որ ժողովուրդն է դեմ:

Արցախի խնդիրը հենց սկզբից իր ռազմաքաղաքական խորքային նշանակությամբ հայկական պետականության և ռեգիոնալ քաղաքականության համար ունի բացարձակապես ավելի խորը նշանակություն, քան կոնկրետ հակամարտությունը երկու սուբյեկտների միջև: Եվ այդ խորը նշանակությունը ենթադրում է ընդգրկուն շրջանակներ բազմաթիվ այլ հարցերում, և այդ իմաստով արցախյան հարցն ու դրանում հայ ժողովրդի դիրքորոշումը, ըստ էության, հայկական պետական ռազմավարության կենտրոնն են, ու դեսպան Միլսը Հայաստան եկող ամերիկացի պաշտոնյաներին էլ ցույց է տալիս, թե որն է կենտրոնը:

Այլ կերպ ասած՝ հայ-ամերիկյան բարձրաստիճան ու ինչ-որ իմաստով աննախադեպ շփումների ակտիվ փուլում Հայաստանում իր դիվանագիտությունն ավարտող դեսպան Միլսը ցույց է տալիս հայ-ամերիկյան հարաբերության «ծանրության» նոր կենտրոն, որտեղից պետք է սկսել կառուցել նոր բնույթի և բովանդակության հարաբերություններ, քան այն պատկերացումները, որ ԱՄՆ դեսպանը ամերիկյան կառավարության և Հայաստանի իշխանությունների 25 տարիների փոխհարաբերության մակարդակում գնահատեց որպես «սխալ պատկերացում»:

Spread the love
  • 17
    Shares