Հայաստանում հին համակարգի կողմնակիցների վերջին օրերի ֆիասկոն ակնհայտորեն անհանգստացնում է Մոսկվային

- in Կեղտոտ լվացք
eshelon ishxanutyun

Հեղինակավոր Bloomberg հանդեսն անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրան ներկայացնելով որպես «Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող մարդ, որը քաղաքականություն է վերադառնում նոր կառավարությանը մարտահրավեր նետելու համար»:

Սա պաշտոնաթող նախագահի օրեր շարունակ գովազդվող հարցազրույցն է, որտեղ Քոչարյանն, ըստ էության, նոր ոչինչ չի ասել ու դարձյալ գովազդել է իր ընկերական հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քոչարյանը մնում է իր ոճին հավատարիմ․ նա քննադատել է Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ՝ առանց այլընտրանքային տեսակետներ հայտնելու։ Երկրորդ նախագահն ակնհայտորեն սպառված է ու, ըստ էության, չունի որևէ ասելիք, ինչի հետևանքով հարցազրույցի տարբեր դրվագներ միմյանց հակադրվում են։

Bloomberg-ի հարցազրույցում երկրորդ նախագահն, այնուամենայնիվ, մի հստակեցում արել է․ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ։

«Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը», -լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։

Երկրորդ նախագահը նաև ասել է, որ վարչապետ դառնալու խնդիր իր առաջ չի դնում։

Հենց այս կետում էլ դրսևորվում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հիմնական կոնտրաստը։ Նա մի քանի անգամ շեշտում է, թե իրեն հետապնդում են քաղաքականություն վերադառնալու համար, սակայն անմիջապես շտապում է ասել, թե չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին ու մտադիր չէ զբաղեցնել վարչապետի պաշտոնը։

Քոչարյանն, իհարկե, կեղծում է, ու նա մեծ պատրաստակամությամբ կստանձներ վարչապետի պաշտոնը, եթե իր կողմից հոկտեմբերի 2-ին խորհրդարանում կազմակերպված «պուտչը» չհանդիպեր հեղափոխության ուժեղ հակահարվածին։ Երկրորդ նախագահը իշխանության վերադառնալու շանս ուներ միայն գործող խորհրդարանի միջոցով ու, ըստ էության, անելիք չունի ԱԺ արտահերթ ընտրություններում, մանավանդ որ նրա անունն իրենց ցուցակում հազիվ թե ուզենան տեսնել անգամ ՀՀԿ-ն կամ ՀՅԴ-ն։ Այս իմաստով՝ Ռոբերտ Քոչարյանն՝ իր չմասնակցությամբ, մեծ ծառայություն չի մատուցում Հայաստանի հասարակությանը, մանավանդ որ նրա վարկանիշը զրոյական է։ Ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի բացակայության միակ դրական հետևանքն այն է, որ գործընթացի վրա հնարավորինս քիչ կլինի «սպիտակների» ու «սևերի» հակադրության իռացիոնալ հետևանքը։

Մյուս կողմից՝ ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու քաղաքականությանը, եթե դրա, ըստ էության, միակ ձևը ընտրություններն են։ Թե՞ երկրորդ նախագահի համար քաղաքականությունը միայն Հոկտեմբերի 27 ու Մարտի 1 կազմակերպելն է։ Սակայն այս անգամ, կարծում ենք, Քոչարյանը մեկ ճանապարհ ունի և այն տանում է բանտ։

Սակայն Հայաստանում հին համակարգի կողմնակիցների վերջին օրերի ֆիասկոն ակնհայտորեն անհանգստացնում է Մոսկվային, որտեղ գրեթե բացահայտորեն հույս ունեին Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ձևավորել երկրոդ առանցք, որպեսզի երկբևեռ համակարգի միջոցով ավելի վերահսկելի դարձնեն Նիկոլ Փաշինյանի թիմի արտաքին քաղաքականությունը։ Հիմա այս ծրագիրն, ըստ էության, չեղարկվում է ու մեկը մյուսի հետևից Հայաստան են ժամանում Պետդումայի պատվիրակությունները, որոնց հանդիպումները սահմանափակվում են միայն խորհրդարանում։ Ռուսական քաղաքական էլիտան շատ արագ փորձում է Հայաստանում նոր դաշնակիցներ գտնել՝ շեշտը դնելով հատկապես ԲՀԿ-ի հետ համագործակցության վրա։

Մյուս կողմից՝ երեկ խիստ ուշագրավ տեղեկատվություն է հրապարակել ռուսական «Կոմերսանտը»։ Պարբերականին հայտնի է դարձել, որ այս շաբաթվա սկզբին Մոսկվա է այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու նրա տեղակալ Գրիգորի Կարասինի հետ: ՌԴ պետական կառույցներում պարբերականի զրուցակիցների խոսքերով՝ բանակցությունների թեման եղել են հայ-ռուսական հարաբերությունները, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ իրավիճակը, որի դեմ նոր իշխանությունները քրեական գործ են հարուցել: Ինչպես տեսնում ենք՝ Մոսկվայում շարունակում են չվստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանն ու այլընտրանքային ճանապարներ են փնտրում՝ Հայաստանի իրավիճակի վրա ազդելու նպատակով, միևնույն ժամանակ՝ փորձում են արգելափակել Մարտի 1-ի բացահայտման գործընթացը։ Իհարկե, չի բացառվում նաև, որ Սարգսյանի մոսկովյան այցը պայմանավորված է նրա ամերիկյան հանդիպումներով, կամ էլ՝ բոլոր խնդիրները քննարկվել են միասնական փաթեթով։

Դժվար է կանխատեսել, թե ինչպիսի դրսևորումներ կունենա ռուսական գործոնը խորհրդարանական ընտրությունների գործընթացում՝ թեև կանխատեսելի է, որ Մոսկվայում ձեռնպահ կմնան կտրուկ գործողություններից։

Please follow and like us:
18642