Հայ-թուրքական սահմանի խախտման հաճախակիացած փորձերը մեծ քաղաքականության որոշակի մա՞ս են

- in Կեղտոտ լվացք
Rus zinvor

Հայ-թուրքական սահմանի պահպանությունն իրականացնող ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու:

Ըստ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության, հոկտեմբերի 15-ին Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահները նկատել են անհայտ անձի, ով հատել է հայ-թուրքական սահմանը: Սահմանախախտը ուշադիր զննել է տեղանքը և փորձել է աննկատ առաջ շարժվել: Հետո սահմանապահները նրա այսպես ասած առաջընթացի երթուղում դարանակալել ու ձերբակալել են նրան, փոխանցելով Հայաստանի իրավապահներին:

Պետք է պարզվի, թե որն է եղել սահմանախախտի նպատակը:

Հատկանշական է, որ վերջին ամիսներին հայ-թուրքական սահմանի ապօրինի հատման դեպքերը եւ սահմանախախտների հայտնաբերման մասին տեղեկատվությունը բավական հաճախակիացել է: Բառացիորեն նախօրեին էլ տեղեկություն ստացվեց, որ հայ-թուրքական սահմանը հատելու համար ձերբակալել է անձ, որը հետագայում պարզվել է, որ Իրանի քաղաքացի է եւ ըստ նրա՝ սահմանն անցել է զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Վերջին մի քանի ամիսներին այդօրինակ դեպքերը, երբ հայ-թուրքական սահմանը հատել են անհատներ եւ նույնիսկ խմբեր, թերեւս անցնում են արդեն տասնյակը: Եղել է նաեւ դեպք, երբ Բանգլադեշի քաղաքացիները անցել են հայ-ադրբեջանական Նախիջեւանի սահմանը, այնտեղ հայտնված լինելով թերեւս Թուրքիայից:

Օրերս Հայաստանի ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որ սահմանախախտներից մեկին ազատ են արձակել, եւ նա վերադարձել է Թուրքիա: Խոսքն ամիսներ առաջ սահմանը հատած 16-ամյա պատանու մասին է, որը իբրեւ թե անասնապահ էր եւ սահմանը անցել էր նախիրն արածացնելիս: Նրան ձերբակալելիս ՌԴ սահմանապահ ծառայությունը տեղեկություն էր տարածել, որ ձերբակալվել է հետախույզ: Հետագայում Հայաստանի ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ չի հաստատվել տեղեկությունը, որ նա կապ ունի որեւէ այդօրինակ կառույցի կամ ահաբեկչական խմբավորման հետ, եւ այդ իսկ պատճառով նրան տրվել է Թուրքիա վերադառնալու հնարավորություն: Այդ պատանու հետեւից անգամ հայրն էր եկել Հայաստան:

Իսկ դրանից առաջ տեղի ունեցավ թուրքական մամուլի ուշագրավ արտահոսք, որ այդ պատանու կապակցությաբ Նիկոլ Փաշինյանին է զանգահարել Թուրքիայի նախագահ Էրդողանն, ու Փաշինյանը համաձայնել է ներել նրան: Հայաստանի ԱԳՆ-ն, հետո նաեւ Նիկոլ Փաշինյանը հերքեցին այդ հեռախոսազանգի մասին տեղեկությունը: Ուշագրավ է այն, որ դրա վերաբերյալ թուրքական մամուլի արտահոսքը տեղի ունեցավ սեպտեմբերի 17-ին Սոչիում սպասվող Էրդողան-Պուտին հանդիպումից առաջ, որտեղ, ի դեպ, քննարկվեց սիրիական Իդլիբի հարցն ու ձեռք բերվեց ռուս-թուրքական հայտնի պայմանավորվածությունը, որ Իդլիբի ուղղությամբ չի լինի ռազմական գործողություն:

Արդյոք Թուրքիայի նախագահը հեռախոսազանգի մասին այդ արտահոսքի միջոցով փորձում էր դաշտ բացել Պուտինի հետ հանդիպումից առաջ, ստեղծելով որոշակի տպավորություն, թե կա Երեւան-Անկարա շփում Պուտինից այսպես ասած «գաղտնի»: Նկատի ունենալով նաեւ այն, որ ՌԴ նախագահի հետ հանդիպմանն Էրդողանը թերեւս ինչ որ բաներ պետք է խնդրեր նաեւ Ալիեւի համար: Պատահական չէ, որ նա Սոչիի նախօրեին մեկնեց նաեւ Բաքու:

Արդյոք հայ-թուրքական սահմանի խախտման հաճախակիացած փորձերը մեծ քաղաքականության որոշակի մաս են եւ ռուս-թուրքական հարաբերությունների պարզաբանման այսպես ասած յուրօրինակ մի ուղղություն, թե՞ պարզապես ռեգիոնալ ապակայուն իրավիճակի ուղղակի մետաստազ:

Համենայն դեպս, դրանք Հայաստանի անվտանգության կառույցներից պահանջում են աչալրջության բազմապատկում:

Please follow and like us:
18642