Հասարակությունն ում է պատրաստ ընդունել ու ներել և ում է միանշանակ մերժում

- in Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի օրը նշանակումներ է արել, որոնք ոչ միանշանակ արձագանք են առաջացրել:

Առաջինը նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումն է Սյունիքի մարզպետի պաշտոնում: Դա համացանցում մեծ աղմուկ է առաջացրել, բանն անգամ հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանն ստիպված եղավ բացատրել նշանակման դրդապատճառները:

Երկրորդ նշանակումը եղել է անցած շաբաթ. էներգետիկայի նախարար է նշանակվել Գարեգին Բաղրամյանը, ով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է:

Առաջին նշանակումը կտրուկ դժգոհություն է առաջացրել որոշակի շրջանակներում, որոնք պնդում են, որ նախկին ռեժիմին ծառայած մարդիկ չպետք է լինեն նոր իշխանությունում: Հնչել են ատելությամբ լի կոչեր ու մեկնաբանություններ:

Երկրորդ նշանակումն ընդունվել է «ըմբռնումով». ընդհանրապես, ընդունված է ներել նոր իշխանության որոշ «թուլություններ»: Ինչպես ասում են, բոլորս էլ մարդիկ ենք, բոլորս էլ բաջանաղ ունենք:

Այս բոլոր պատմությունները հարցեր են առաջացնում, թե որտեղով է անցնում ջրբաժանը, հասարակությունն ում է պատրաստ ընդունել ու ներել եւ ում է միանշանակ մերժում:

Նիկոլ Փաշինյանը, «արդարացնելով» Հունան Պողոսյանի նշանակումը, կառավարության նիստին կոչ է արել հրաժարվել «քաղաքական ռասիզմից» եւ մարդկանց մասին չդատել քաղաքական անցյալով: Սակայն այս որոշումը դժվար թե «ըմբռնումով» ընդունվի. վերջին մի քանի ամիսներին նոր իշխանության ձեռքով հասարակությունը բաժանվեց սպիտակների ու սեւերի: Դժվար կլինի անմիջապես փոխել վիճակը, որը քաղտեխնոլոգները գնահատում էին որպես հասարակական կարծիքի մանիպուլյացիա:

Վերլուծաբանները դեռ պետք է պարզեն հեղափոխությունը պաշտպանած մարդկանց հոգեկան վիճակն ու հոգեւոր տրանսֆորմացիան: Մարդկային ոգու մեծ «անատոմ» Արա Նեդոլյանը, օրինակ, այսօր ցնցող խոստովանություն է արել: Lragir.am-ին տված հարցազրույցում նա ասել է, որ 20 տարի իր կենարար աղբյուրն ատելությունն էր: Մայիսին նա կորցրել է ատելությունը եւ ընկել դեպրեսիայի մեջ: Նա նաեւ ասել է, որ այդ առումով «Լեւոնը շատ լավ էր սնում»:

Սա իրոք ցնցող խոստովանություն է: Սիրո եւ համերաշխության հեղափոխության ժամանակ ատելությունը սյուրռեալիզմ չէ, այլ Լուսնի հակառակ կողմը՝ թաքնված մեխանիզմ, որի օգնությամբ կարելի է առաջ մղել սիրո գաղափարները: Դա նաեւ հեղափոխության արմատներին, համընդհանուր վերելքի ու նախորդ ռեժիմի տապալմանը հասնելու միջոց է:

Այնքան էլ պարզ չեն ատելության օբյեկտները, պարզ չէ, թե ինչ էր «սնում» Լեւոնը եւ ինչպես է հաջողվել հանրային հոգեբանությունը միանշանակ տրամադրել նախորդ ռեժիմի մերժմանը:

Սիրո եւ ատելության մանիպուլյացիան, վերջիվերջո, կարող է չար կատակ խաղալ, եթե հանրությանը երկար համոզեն, որ սա թշնամի է, իսկ այս մեկին ամեն ինչ կարելի է ներել: Այդ ժամանակ ինքդ կարող ես հայտնվել ատելության ծուղակում:

Spread the love
  • 17
    Shares