ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ ընդունած այդ օրենքով ԱԺ լուծարման արգելք է ստեղծվում

- in Հասարակություն

Այսօր կարծես թե վճռական օր է ներքաղաքական հետագա զարգացումների առումով: Այսօր լրացել է ԱԺ ընդունած Կանոնակարգի փոփոխության մասին աղմկոտ օրինգածի 21 օրը, երբ նախագահ Արմեն Սարգսյանը կամ պետք է այն ուղարկի ՍԴ, կամ ստորագրի օրենքը: Հոկտեմբերի 2-ին ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ ընդունած այդ օրենքով ԱԺ լուծարման արգելք է ստեղծվում:

Այսօր լրանում է նաեւ վարչապետի հրաժարականի 7 օրը, երբ ԱԺ-ն պետք է քննարկի վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը: Թեեւ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պարտավորվել են թեկնածու չառաջադրել, այնուամենայնիվ չեն դադարում քննարկումները տարբեր վարկածների շուրջ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի առաջադրումն ու ընտրությունը, որից հետո ԱԺ-ն չի լուծարվի, արտահերթ ընտրություն էլ տեղի չի ունենա:

Երեկ խորհրդարանը չընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը, որը Նիկոլ Փաշինյանը գնահատեց որպես սաբոտաժ կառավարության դեմ: Նա ասաց, որ այդ սաբոտաժն ըստ էության սկսել է հենց հոկտեմբերի 2-ի քվեարկությունից:

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ըստ էության դեմ են թե արտահերթ ընտրությանը, թե նոր Ընտրական օրենսգրքին, թեեւ վերջին երկուսը հակառակ հայտարարություններ են անում: Բանն այն է, որ հոկտեմբերի 2-ի եւ երեկվա քվեարկությունից հետո Նիկոլ Փաշինյանն այլեւս որեւէ «պարտավորություն» չունի այդ կուսակցությունների հանդեպ:

Մյուս կողմից, պահպանվում են արտահերթ ընտրությունները տապալելու «սահմանադրական» հնարավորությունները, եւ չի բացառվում, որ դրանցից օգտվելու փորձեր կատարվեն:

Նիկոլ Փաշինյանը ԸՕ տապալումից հետո հանրությանը կոչ արեց պատրաստ լինել գործողությունների: Նա ցանկանում է իրավիճակը հանգուցալուծել սահմանադրական ճանապարհով, եւ դա բնական է՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների հանդեպ արտաքին գործընկերների սպասումներն ու արձագանքները, ինչպես նաեւ պետության միջազգային պարտավորությունները: Իսկ նրա հակառակորդները կարծես թե փորձում են ամեն ինչ անել, որպեսզի ներքին ճգնաժամի հանգուցալուծումը հնարավորինս տեղի ունենա ոչ սահմանադրական եղանակներով: Քաղաքական շահառու այդ խմբերը դա նույնիսկ չեն էլ թաքցնում, եւ սա նույնպես յուրատեսակ սաբոտաժի դրսեւորում է: Առավել եւս, որ այդ խմբերի մտահոգությունը ոչ թե Հայաստանի ժողովրդավարությունն է, այլ սեփական նեղ շահերի ու գողոնի պաշտպանությունը:

Հանգուցալուծումը այսօր այն տեղի կունենա: Դրանով էլ կպայմանավորվի իրադարձությունների հետագա զարգացման տրամաբանությունը:

Please follow and like us:
18642