ՀՀԿ-ի վերջի՞ն սաբոտաժն է սա, թե՝ ևս մեկը չորեքշաբթի

- in Կեղտոտ լվացք
AJ

Ազգային ժողովում տապալվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քվեարկությունը: Ավելի շուտ, քվեարկությունը կայացավ, սակայն կողմ ձայները բավարար չէին:

Հավաքվեց պարզ մեծամասնություն, սակայն քանի որ խոսքը սահմանադրական օրենքի մասին էր, անհրաժեշտ էր ձայների 3/5-ը, ինչն էլ չկար, քանի որ ՀՀԿ-ն սաբոտաժի ենթարկեց քվեարկությունը և բոյկոտելով այն կարողացավ տապալել: Այդպիսով, ՀՀԿ-ն ըստ էության հաստատեց, թե ինչու է պետք շուտափույթ խորհրդարանի ընտրություն: Ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտության դեպքում այդ ուժը կարող է տապալել կարևոր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պահանջում են պարզ մեծամասնությունից ավելի: Իսկ Հայաստանում համակարգային բարեփոխումներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնություններ անխուսափելիորեն պետք է լինեն այդպիսին, այսինքն` դրանք պետք է անցկացվեն ձայների պարզ մեծամասնությունից ավելի ձայների աջակցությամբ:

Ըստ այդմ` պարզ է, թե ինչպիսին է ՀՀԿ թեկուզ ոչ մեծամասնական ներուժը այդ հարցում: Հետևաբար, կառավարությունը կամ ցանկացած այդպիսի օրինագիծ պետք է անցկացներ պարբերաբար ժողովուրդ հավաքելով, կամ տեղի տար ՀՀԿ պահանջներին: Կարելի է պատկերացնել թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում իրավիճակի ոչ միայն զավեշտալիությունը, այլ պարզապես ապակառուցողականությունը պետական կառավարման էֆեկտիվության տեսանկյունից: Այդպիսով, ՀՀԿ-ն հոկտեմբերի 22-ի սաբոտաժով լավագույնս ապացուցեց խորհրդարանի ընտրությունն արագացնելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, այդ ընտրությունը պետք է անցնի հին օրենսգրքով, որի ամենախնդրահարույց դրույթ է դիտարկվում, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգը, որը ՀՀԿ-ն հատուկ ներդրել էր 2017 թվականի խորհրդարանի անաղմուկ ընտրություն անցկացնելու և, ըստ էության, փողով ձայն քերելու համար: Մյուս կողմից, սակայն, այդ մեխանիզմի հովանին քաղաքական իշխանությունն է և այլ կերպ լինել չէր կարող: Եվ հիմա քաղաքական իշխանություն ՀՀԿ-ն չունի, հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հույսը: Սակայն ՀՀԿ-ն, խոշոր հաշվով, այլևս երևի թե հույս չի կարող դնել ոչնչի վրա, այլ պարզապես գործում է, այսպես ասած, առավելագույն խանգարելու սկզբունքով, չունենալով կորցնելու, ըստ էության, ոչինչ:

Ավելին, ՀՀԿ-ն այդպիսով, թերևս, կորցրեց նաև խանգարելու վերջին հնարավորությունը, քանի որ տասն օր անց, ըստ ամենայնի, խորհրդարանը կլուծարվի վարչապետի հրաժարականի արդեն գործողության մեջ մտած մեխանիզմով: Իհարկե, այստեղ կարող է առաջանալ հարցը հայտնի ռիսկի հետ կապված, ինչի վերաբերյալ, սակայն, Նիկոլ Փաշինյանը արեց զգուշացում, որ այդ դեպքում պարզապես ժողովուրդը դարձյալ պետք է հավաքվի իր օրակարգը հաստատելու: Իսկ հոկտեմբերի 2-ի փորձից ելնելով, ՀՀԿ-ի համար, թերևս, ավելի լավ է, որ 22-ին տեղի ունեցածը լինի հենց վերջինը նաև խանգարելու հնարավորության տեսանկյունից:

Please follow and like us:
18642