ՀՀԿ ներքին հարցն է և ԲՀԿ-ն չի կարող հույս դնել, որ այստեղ չի լինի ներկուսակցական ընդհանուր հայտարար

- in Ընտրություններ
Serzh Gagik

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին ակտիվ է Ընտրական օրենսգրիք նոր քննարկում և քվեարկություն կազմակերպելու հարցում, հորդորելով կառավարությանը կրկին խորհրդարան բերել օրենսգրքի նախագիծը ու փորձել անցկացնել այն: Նախագծի քվեարկությունն ու առաջին ընթերցմամբ ընդունումը տապալվեց նախօրեին, հիմնականում ՀՀԿ ջանքով:

Դա նշանակում է, որ դեկտեմբերի արտահերթ ընտրությունը տեղի կունենա գործող օրենսգրքով, այսինքն հայտնի ռեյտինգային ընտրակարգով: Նոր օրենսգիրքը առաջարկում էր այսպես ասած մաքուր համամասնական, իսկ դա ըստ էության նշանակում է, որ Հանրապետական կուսակցությունը գրեթե զրկվում էր անգամ 1 տոկոսի հնարավորությունից: Իհարկե ամենևին երաշխիք չկա, որ ռեյտինգային ընտրակարգը տալիս էր ավելիի հնարավորություն, սակայն այդուհանդերձ շանս, որպես այդպիսին, իհարկե դրանում ՀՀԿ համար առկա է, քանի որ տալիս է տեղերում որոշակի ռեսուրսի ավելի ինտենսիվ գործադրման հնարավորություն:

Այդպիսով, ռեյտինգային ընտրակարգը ՀՀԿ համար խորհրդարանում հայտնվելու եթե ոչ ավելի մեծ, ապա թերևս ավելի իրատեսական շանս է: Այդ իմաստով հատկանշական է, որ դրա դեմ առավել ևս ընդվզում է ԲՀԿ-ն, քանի որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական աշխատանքի թերևս առանցքային թիրախներից մեկը լինելու է հենց այն ընտրազամնգվածը, որի ուղղությամվ պետք է աշխատի նաև ՀՀԿ-ն: Այդ հանգամանքը առավել պարզորոշ դարձավ Երևանի քաղաքապետի ընտրության արդյունքում, երբ ԲՀԿ-ն արձանագրեց, որ իր «ավանդական ընտրազանգվածը» նոր իրավիճակում ենթարկվում է առանցքային վերափոխման և նվազման:

Ի տարբերություն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ն այդ ընտրազանգվածի հետ աշխատանքի առումով չունի ռեյտինգայինի կարիք: ԲՀԿ-ն դա կարող է անել նաև համամասնականով, քանի որ այստեղ առանցքայինը Գագիկ Ծառուկյանի գործոնն է: Ըստ այդմ, երբ լինում է մաքուր համամասնական ընտրակարգ, ՀՀԿ-ն ԲՀԿ հանդեպ կորցնում է մրցունակության զգալի պաշար: Երբ կա ռեյտինգային ընտրակարգը, ՀՀԿ-ն դառնում է ԲՀԿ համար մրցակից: Իհարկե այստեղ լուրջ խնդիրներ են առաջանում ՀՀԿ ներսում էլ, որովհետև ի վերջո այս միավորում խիստ տարբեր են ռեյտինգային և քաղաքական ռեսուրսները, հետևաբար հարց է առաջանում, թե ինչպես են դրանք բաշխվելու մանդատների փոքր շրջանակում:

Նախկինում քանի որ կար մի քանի տասնյակ մանդատի հնարավորություն, բաշխումը կատարվում էր ավելի հանգիստ՝ բաժին էր հասնում թե ռեյտինգայիններին, թե նաև նրանց շվաքի ներքո քաղաքականներին: Այս դեպքում խոսքը ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի մանդատի հնարավորության մասին է: Բայց այդ հարցը ՀՀԿ ներքին հարցն է և ԲՀԿ-ն չի կարող հույս դնել այն բանի վրա, որ այստեղ չի լինի ներկուսակցական ընդհանուր հայտարար: ԲՀԿ-ն զուտ տեխնիկական առումով ստանում է մրցակից և բնական է, որ «Բարգավաճ Հայաստանը» մեծ շահագրգռվածություն է ցուցաբերում այդ մրցակցից ազատվելու հարցում: Մյուս կողմից, ԲՀԿ-ն դրանով կամա, թե ակամա պայքարում է փաստորեն չորրորդ ուժի մյուս հավանական թեկնածուի՝ Սասնա ծռեր կուսակցության հնարավորության համար, որովհետև մաքուր համամասնական ընտրակարգի դեպքում լավագույն քառյակի մեջ տեղ զբաղեցնելու առումով բարձրանում է «Սասնա ծռերի» հնարավորության աստիճանը, եթե ՀՀԿ-ն զրկվում է ռեյտինգային հնարավորությունից:

Այստեղ ի դեպ կա նաև մեկ այլ ուշագրավ շերտ: Բանն այն է, որ արմատական ուժի խորհրդարանում հայտնվելու պարագայում կարող է ընդգծվել ԲՀԿ այսպես ասած չափավորության հանգամանքը, որպես նոր իշխանության կամ նոր մեծամասնության այլընտրանք: Այդ իմաստով էլ ԲՀԿ համար թերևս կարող է առավել նախընտրելի լինել որպես չորրորդ ուժ ունենալ «Սասնա ծռերի» հարևանությունը, քան ՀՀԿ-ի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...