ՀՀԿ-ն գաղափարական կուսակցությունից ու քաղաքական պրոյեկտից տրանսֆորմացվել է քրեաօլիգարխիայի քաղաքական ցուցանակի

- in Կեղտոտ լվացք
HHK

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է սպասել և տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն վարչապետի հրաժարականից հետո: Անդրադառնալով ՀՀԿ-ական այն 17 պատգամավորներին, ովքեր կողմ են, որ դեկտեմբերին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, Բաղդասարյանն ասաց. «Նորմալ է, մեր կողմից որևէ մեկին պարտադրանք չի եղել՝ միանալու կամ չմիանալու: Խմբակցության նիստի ժամանակ մենք դեմ ենք եղել դեկտեմբերին ընտրությունների գնալու համար»,- նշեց նա և ավելացրեց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք պատգամավորների վրա իշխանությունների կողմից ճնշումներ եղել են, թե՞ ոչ:

Մեզ համար անակնկալ էլ չէր, որ եթե Հանրապետականը չլիներ իշխանություն, մենք մասսայական կուսակցությունից դառնալու էինք մի ավտոբուս ժողովուրդ։ Դա շատ էլ լավ է, ինքնամաքրվում է կուսակցությունը։ Ով ուզում է գնալ, բարի ճանապարհ՝ ասել է Էդուարդ Շարմազանովը։

Սա թերևս նախկին իշխանությանը, համակարգին տրված լավագույն գնահատականն է. Շարմազանովը խոստովանում է, որ իրենց իշխանությունն ապաքաղաքական է եղել, կամ էլ մարդկանց ստիպողաբար են դարձրել ՀՀԿ անդամ։ Երկու դեպքում էլ նախկին իշխող կուսակցության ֆիասկոն կանխատեսելի էր, որովհետև ՀՀԿ-ի մասսայականության կամ ընտրություններում նրա հաջողության բանալին եղել են ոչ թե քաղաքական ծրագրերն ու կենսունակ թիմ ունենալը, այլ իշխանությունն ու վարչական ռեսուրսները։

Սակայն ՀՀԿ-ի մասով ամեն բան պարզ է, ու այսօրվա մասին կանխատեսումներ կարելի էր անել նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի թիմն իշխանության ղեկին էր, ու թվում էր՝ ոչ ոք ու ոչինչ չի սպառնում նրան։

Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Շարմազանովի նշած պրոբլեմը բնորոշ է ոչ միայն ՀՀԿ-ին, այլև Հայաստանի քաղաքական համակարգին առհասարակ։ Հայաստանում դասական իմաստով կուսակցություններ չկան, ինչի հետևանքով կենսունակ է եղել միայն այն թիմը, որն այդ պահին տիրապետել է իշխանությանը։ Ընդ որում, այդ կենսունակությունը խիստ հարաբերական է, որովհետև հանրային աջակցության ու քաղաքական գործոնների վրա հիմնվել է միայն շատ կարճ ժամանակի մեջ, դրանից հետո կառավարող կուսակցությունը վերածվել է բյուրոկրատիայի, նոմենկլատուրայի, ՀՀԿ-ի պարագայում՝ նաև քրեական աշխարհի ու օլիգարխիայի ցուցանակի ու «կենսունակ» է մնացել դրա շնորհիվ։

1991-91թթ. ընտրական ցիկլում ՀՀՇ-ն փայլուն հաղթանակ տարավ իր քաղաքական ծրագրերի, հասարակության աջակցության շնորհիվ, սակայն Հայաստանում օրինական ընտրությունների մոդելի ներդրում տեղի չունեցավ։ Արդեն 1995-96թթ.-ներին ՀՀՇ-ի ձևավորած «Հանրապետություն» միավորման շարժիչ ուժը ոչ թե քաղաքական գաղափարներն ու հասարակությունն էին, այլ բյուրոկրատիան, որն, ի դեպ, սովոր չէ նորմալ ընտրությունների կազմակերպմանը, ինչի հետևանքով Հայաստանում սկսվեց քաղաքական և ընտրական ինստիտուտների ճգնաժամը։

ՀՀԿ-ն ընդամենը մեկ անգամ է հաղթել օրինական ընտրություններում, երբ 1999-ին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դաշինք էին ձևավորել, ու կուսակցությունը դրա կազմում էր։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում ՀՀԿ-ն գաղափարական կուսակցությունից ու քաղաքական պրոյեկտից տրանսֆորմացվել է քրեաօլիգարխիայի քաղաքական ցուցանակի, ու պատահական չէ, որ ամբողջովին մնաց, ըստ էության, հակաօլիգարխիկ հեղափոխության հարվածների տակ։

Ի դեպ, թյուր է հանրապետականների այն կարծիքը, թե Նիկոլ Փաշինյանի թիմն իրենց թիրախավորել է. գոնե առայժմ նման բան չկա, իշխանությունը հարվածում է հանցագործությունների ու կոռուպցիայի մեջ թաթախված քրեաօլիգարխիային, որի փլատակների տակ էլ մնացել է ՀՀԿ-ն։

Խորհրդարանական համակարգում իշխանությունը ձևավորում են կուսակցությունները, և եթե մեզանում չդրվեն նոր քաղաքական համակարգի հիմքերը, ապա թավշյա հեղափոխությունը լիարժեք հաղթել չի կարող, որովհետև մի քանի տարի հետո ունենալու ենք նոր քաղաքական ճգնաժամ, որի հանգուցալուծումն ավելի բարդ է լինելու։

Նոր կառավարող կուսակցությունը գնում է, ըստ էության, նույն՝ մասսայական դառնալու մեխանիկական ճանապարհով, ինչը ստեղծում է քաղաքական թիմի ու բյուրոկրատիայի, կուսակցական ու պետական օրակարգերի սերտաճման ռիսկեր, որոնք աստիճանաբար բերելու են քաղաքական ու ընտրական ինստիտուտների ձևախեղմանը, որովհետև մի կողմից՝ բոլոր ռեսուրսները կենտրոնանում են իշխանության կուսակցության ձեռքերում, մյուս կողմից՝ մյուս քաղաքական ուժերի ինքնադրսևորման դաշտը սահմանափակվում է։

Սակայն այս պահին ռիսկերը քողարկված են՝ վարչապետի ու նրա թիմի բարձր վարկանիշի շնորհիվ։ Այս իրավիճակը թույլ չի տալիս նաև օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել։ Նիկոլ Փաշինյանի իշխանության որակի մասին դատողություններ կարելի է անել տարիներ անց, երբ անբնական վարկանիշներ չեն լինի, ու ընտրությունները լակմուսի թուղթ կհանդիսանան։ Դանք կամ հիմք կդնեն իշխանության փոփոխության լեգալ մեխանիզմների արմատավորմանը՝ անշրջելի դարձնելով օրինական ընտրությունների մոդելի ու քաղաքական բազմազանության մոդելի ներդրումը, կամ էլ կունենանք կառավարող թիմի ու բյուրոկրատիայի, կապիտալի հերթական դաշինք՝ ընդդեմ քաղաքականության ու արդյունավետ կառավարման։

«Մի ավտոբուս ժողովուրդ» դառնալու հեռանկարը սպառնում է ցանկացած կուսակցության, որի համար իշխանությունը դառնում է ինքնանպատակ՝ դեգրադացնելով թե՛ նրան, թե՛ ողջ քաղաքական ու պետական համակարգը։ Այս իմաստով Շարմազանովի անկեղծությունը ոչ միայն սեփական կուսակցության ինքնագնահատականն է, այլ նաև տագնապ, որն առնվազն պետք է զգաստացնի այսօրվա կառավարող կուսակցությանը։

Please follow and like us:
18642