ՀՀԿ-ն սաբոտաժի ենթարկեց, և դեկտեմբերի արտահերթ ընտրությունը կանցնի հին օրենսգրքով

- in Հրապարակ
HHK

Հանրապետական կուսակցության սաբոտաժի հետևանքով խորհրդարանում հոկտեմբերի 22-ին տապալվեց Ընտրական օրենսգրքի փոփոխության փորձը:

Քանի որ խոսքը սահմանադրական օրենքի մասին էր, բավարար չէր պարզ մեծամասնությունը, պետք էր 63 ձայն, ինչը հնարավոր չէր առանց ՀՀԿ: ՀՀԿ-ն սաբոտաժի ենթարկեց, և հետևանքը այն էր, որ դեկտեմբերի արտահերթ ընտրությունը կանցնի հին օրենսգրքով:

Այստեղ առանցքային դիտվում է վարկանիշային ընտրակարգի հարցը: Այդ ընտրակարգը թույլ է տալիս առավելագույնս խաղարկել տեղային գործոնը, իսկ ըստ էության՝ համենայնդեպս նախորդ իշխանության համակարգում՝ փողային գործոնը: ՀՀԿ-ն ձգտում էր պահպանել այդ ընտրակարգը, սակայն այստեղ կա հետաքրքիր հանգամանք: Այն թաքնված մեծամասնականն է, սակայն աշխատող է, եթե բաժանվում է փող: Եթե դա չկա, ապա ՀՀԿ-ի համար այդ ընտրակարգը ոչինչ է:

Հետևաբար այստեղ առաջանում է պարզ հարց՝ ՀՀԿ-ին թույլ տրվելո՞ւ է բաժանել փող, այլ կերպ ասած՝ աշխատեցնել վարկանիշային ընտրակարգը, որը պահպանելը, փաստորեն, հաջողվեց: Ընդ որում՝ այստեղ հետաքրքիր է, որ կարծես թե առանձնապես խոշոր դիմադրություն և աղմուկ չի եղել այդ կապակցությամբ, այսինքն՝ ՀՀԿ սաբոտաժին չի հետևել իշխանության կտրուկ քարոզչական հակագրոհը: Հետևեց, իհարկե, Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումը, սակայն ընդամենը վարչապետի հրաժարականի մասով, որպեսզի որևէ ուժի մտքով չանցնի առաջադրել թեկնածու և փաստի առաջ դնելու փորձ կատարել: Իսկ սաբոտաժի ՀՀԿ փորձը, որը անցավ հաջող, կարծես թե չառաջացավ օպերատիվ իշխանական դիմադրության: Սա մի կողմից, կարծես թե, մարտավարական «զոհաբերություն» էր, որին իշխանությունը գնում է խորհրդարանի արտահերթ ընտրության հարցում, այսպես ասած, հակաժողովրդավարական մեղադրանքներից զերծ մնալու համար, որ կարող էին գալ եվրոպական շրջանակներից և կառույցներից: Մյուս կողմից՝ իշխանությանը տալիս է հնարավորություն հանրությանն այսպես ասած ցույց տալ, որ իրականում մեղադրանքները, թե գործող խորհրդարանը խոչընդոտ չէր կառավարությանը, և չկար արտահերթն արագացնելու կարիք, չեն համապատասխանում իրականությանը:

Բանն այն է, որ այստեղ իհարկե կարող է բերվել փաստարկ, որ ՀՀԿ-ն դիմադրել է, քանի որ այլևս ակնհայտ է, որ լինելու է արտահերթ, այլապես չէր լինի դիմադրություն: Մյուս կողմից, սակայն, ակնառու է մեկ այլ բան, որ Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որոնց վերաբերյալ պետք են օրենքներ, որոնց համար դարձյալ պահանջվելու է 3/5-րդ կամ 2/3-րդ: Եվ այստեղ ակնառու է, որ այդ հարցում կառավարությունը հայտնվելու է խոցելի դրության մեջ: Նորմալ է, երբ կառավարությունը խորհրդարանի առաջ հայտնվի որևէ օրենքի հարցում խոցելի դրության մեջ, խորհրդարանը հենց դրա համար է, սակայն դա աննորմալ վիճակ է դառնում, երբ կառավարությունն է հանրային տրամադրությունների արտահայտողը, ոչ թե խորհրդարանը: Հետևաբար, կառավարությունը պառլամենտի հետ կամ պետք է հարաբերվի միշտ ժողովրդական ալիքով, կամ պետք է աննորմալ այդ վիճակը արագորեն բերվի բնականի, երբ հանրությունը կձևավորի խորհրդարան, որին էլ հաշվետու կլինի կառավարությունը: Միևնույն ժամանակ, իր այս քայլով ՀՀԿ-ն գործնականում առաջին հայացքից իր համար ցանկալի ընտրակարգ ապահովեց, որը նրան թույլ կտա ունենալ անցողիկ շեմը հաղթահարելու փոքր հույս, խորքային առումով, սակայն, ինքն իրեն դրեց գործադիր իշխանության «բուռը»:

Բանն այն է, որ այսպես կոչված վարկանիշային, իրականում թաքնված մեծամասնական և «ձայն քերելու» համակարգը կարող է գործել միայն գործադիր իշխանության հովանավորությամբ, երբ իրավապահները աչք կփակեն ՀՀԿ տեղային ռեսուրսի օրինախախտումների վրա, ինչպես եղել է 2017-ի ապրիլի 2-ին: Եվ ուրեմն հարցը հետևյալն է՝ նոր գործադիր իշխանությունը աչք կփակի՞ դրա վրա, թե՞ ոչ: Թե՞ կլինի միջանկյալ, այսպես ասած՝ մասնակի փակելու տարբերակ, այնքանով, որքանով պետք կլինի, որ խորհրդարանում մի քանի մանդատով ներկայացված լինի նաև ՀՀԿ-ն: Սա իհարկե կարող է ական լինել, սակայն, նոր իշխանության տակ, հետևաբար այն, որ իշխանությունն աչք կփակի ՀՀԿ այդօրինակ փորձերի վրա, գրեթե անհավանական է: Եվ եթե ՀՀԿ-ն դիմի այդ փորձերին, ապա այստեղ առաջանալու է մեկ այլ հարց՝ ովքեր են այն տեղային «մահապարտները», որ գնալու են ինքնազոհաբերության ՀՀԿ մի քանի մանդատի համար: Այդ տեսանկյունից ՀՀԿ-ն թերևս իր սաբոտաժով ավելի շուտ փրկեց ոչ թե ինքն իրեն, այլ հեղափոխությանը՝ հերթական անգամ: Տվյալ պարագայում, իհարկե, հեղափոխությանը առանձնապես վտանգ չէր էլ սպառնում, մյուս կողմից, սակայն, հավելյալ օժանդակությունը երբեք վնաս չէ, համենայնդեպս՝ մինչ պաշտոնապես կարձանագրվի ԱԺ արտահերթ ընտրության արդյունքը:

Spread the love
  • 25
    Shares