Հունան Պողոսյանի նշանակումը նշանային քաղաքական ուղե՞րձ է

Hunan Poghosyan

Գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն այսօր նշանակվելու է Սյունիքի մարզպետ։ Կադրային այս որոշումը ստանդարտ չես համարի, ու պատահական չէ, որ այն երեկ երեկոյան թերևս ամենաքննարկվող հարցն էր սոցիալական ցանցերում։

Հանրային քննարկումների շեշտադրումները հիմնականում բացասական էին, ու դա թերևս բնական է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հունան Պողոսյանը 2008-ից մինչև հեղափոխությունը զբաղեցրել է ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը ու հաճախ եղել է ընդդիմության դեմ պայքարի «առաջնագծում»։ Գեներալի հասցեին հնչում էին նաև կոռուպցիոն մեղադրանքներ, ընդհուպ այն, որ նա ամենահարուստն է եղել Վովա Գասպարյանի տեղակալների մեջ։

Ոմանք այս նշանակման ստվերում անգամ աշխարհաքաղաքական ենթատեքստ էին տեսնում՝ նշելով, որ Մոսկվայի «մատն» է խառը, այլ խոսքով՝ Հայաստանի ամենաստրատեգիական մարզում նշանակվել է մարդ, ով լոյալ է ռուսական իշխանություններին։

Սակայն թերևս պետք է դուրս գալ էմոցիոնալ, զգայական միջավայրից ու ավելի սթափ վերլուծել իրավիճակը։ Ընդ որում, վերջին մի քանի օրերին սա երկրորդ դեպքն է, երբ նախկին համակարգում առանցքային դերակատարություն ունեցած գեներալը Նիկոլ Փաշինյանի թիմում բարձր պաշտոն է ստանում։ Առաջինը Ֆելիքս Ցոլակյանն էր, ում վարչապետը վստահեց ԱԻ նախարարի պաշտոնը։

Շատերը կարծիք հայտնեցին, թե Փաշինյանը վարձահատույց է լինում Ցոլակյանին, որն առաջին հանրապետական պատգամավորն էր, ով խորհրդարանում հրապարակավ սատարեց Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը։ Այս գործոնն իհարկե կա, սակայն պարզունակ կլինի Ցոլակյանի խնդիրը միայն այդ հանգամանքով պայմանավորել՝ հատկապես Հունան Պողոսյանի նշանակումից հետո, ով հեղափոխական «խաղեր» չի տվել։

Կարծում ենք՝ այս նշանակումները սկզբունքորեն մոտիվացված են։ Նախ՝ հեղափոխության կադրերի զգալի մասն առաջին հինգ ամիսներին, մեղմ ասած, աչքի չընկավ պրոֆեսիոնալիզմով, ինչի մասին բացահայտորեն խոսում է նաև հասարակությունը՝ գործող վարչապետի թույլ տեղը համարելով կադրային քաղաքականությունը։

Մյուս կողմից՝ Փաշինյանը չի կարող օդից կադրեր գտնել ու շատ դեպքերում ստիպված է լինում ընտրություն կատարել ոչ պրոֆեսիոնալ յուրայինի ու նախկին համակարգի պրոֆեսիոնալների միջև՝ երբեմն գերապատվությունը տալով երկրորդ խմբին՝ այն հույսով, որ նոր համակարգում նրանք կձերբազատվեն քրեաօլիգարխիկ «սովորություններից»։

Խնդիրն ունի նաև, այսպես կոչված, գլոբալ ենթատեքստ։ Վերջին ելույթներում Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում է, որ եկել է բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը։ Տրամաբանությունն ավելի քան հասկանալի է. հակահեղափոխությունը ջախջախված է, ըստ այդմ՝ պետք է հումանիտար միջանցք բացել նախկին համակարգի այն կադրերի համար, ովքեր կարող են ծառայել պետությանն ու նոր իշխանությանը։

Մյուս կողմից՝ հեղափոխության լուսանցքում առաջացել է, այսպես կոչված, մարգինալ հոսանք, որը, պայմանականորեն ասած, նախկինների «արյունն» է պահանջում՝ զարգացնելով պերմանենտ հեղափոխության թեզը։

Կարող ենք արձանագրել, որ Հունան Պողոսյանի նշանակումը նշանային քաղաքական ուղերձ է։

Եվ վերջապես՝ Սյունիքի մարզն առանձնահատուկ է։ Այստեղ երկու տասնամյակ եղել է քրեաօլիգարխիայի ամենադեսպոտ դրսևորումը, մյուս կողմից՝ գոյություն ունի Քաջարանի կոմբինատի, այսպես կոչված, կլանը, ու անհրաժեշտ է «ուժեղ ձեռք», որը կկարողանա կարգուկանոն հաստատել Սյունիքում։

Այս ամենով հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանի նշանակումը ռիսկային է, սակայն իշխանության կադրային քաղաքականությունը ընթանալու է նույն քաոտիկ վայրիվերումներով, քանի դեռ չի ստեղծվել արդյունավետ համակարգ։

Spread the love