Միանշանակ է, որ «Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին

- in Ընտրություններ
Tigran Urikhanyan

Միանշանակ է, որ «Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին և ներկայումս վարում է բանակցություններ «հանրությանը հայտնի չափազանց մեծ թվով գործիչների հետ», որոնք բացառապես մաքուր կենսագրություն ունեն, «Հանրապետականի» իշխանության տարիներին հանդես են եկել ընդդիմադիր դաշտում և սատարել են հեղափոխությանը:

Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:

Ի՞նչ ձևաչափով, ո՞ր կուսակցությամբ կամ դաշինքով, ովքե՞ր կլինեն ցուցակում՝ այս մասին, ըստ Ուրիխանյանի, կհայտնվի բանակցությունների ավարտին:

Հարցին, թե քարոզարշավի ժամանակ երևի թե «գույներ կլինեն», դաշտեր, որտե՞ղ են լինելու իրենք, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.

«Լինելու ենք այն դաշտում, որում եղել ենք: Այսինքն՝ այն դաշտում, որը պայքարել է «Հանրապետականի» մենիշխանության դեմ, այն դաշտում, որն աջակցել է հեղափոխությանը և այն դաշտում, որը շարունակելու է աջակցել իշխանափոխություն իրականացրածներին՝ երկրի կառուցման գործում:

Խորհրդարանում պետք է լինի առնվազն 4 խմբակցություն, և մենք գտնում ենք, որ այդ խմբակցություններից մեկը, որ կանգնել է հեղափոխության և հեղափոխականների թիկունքին, այսօր ևս՝ երկրի կառուցման ճանապարհին, պետք է լինենք մենք»,- հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը:

Ի դեպ, նա նկատեց, որ տասնյակից ավելի հանրապետական պատգամավորներ բանակցել ու շարունակում են բանակցել «Ալյանսի» հետ, բայց ինքը վստահ է, որ ՀՀԿ-ի քաղաքական կուրս իրականացրած որևէ մեկը դաշնակից համարվել չի կարող:

Հարցին, թե կան շատ քաղաքական ուժեր, որոնք այսօր իրենց համարում են ՔՊ-ի աջակից, բնական դաշնակից և այլն, իրենց և՞ս Տիգրան Ուրիխանյանը համարում է բնական դաշնակից, վերջինս պատասխանեց՝ ասելով.

«Դե, գիտե՞ք ինչ՝ ուժեր կան, որոնք ժամանակ առ ժամանակ դիրքորոշումներ են փոխում, բայց կա պարզ մի ճշմարտություն՝ գործողությունների խրոնոլոգիա. անցած գումարման խորհրդարանի 5 տարիները, առնվազն՝ վերջին 2-ը, դրսևորվել են շատ հստակ: Ըստ որում, այսօրվա հեղափոխության առաջամարտիկների հետ միասին էր, որ մենք կարմիր կոճակները վառում էինք՝ ի նշան հակադրության՝ բոլոր հակաժողովրդական քվեարկություններին»:

Տիգրան Ուրիխանյանը թվարկում է՝ այդպես են վարվել սահմանադրական փոփոխություններից սկսած, բազմաթիվ այլ նախագծերով վերջացրած:

«Անձամբ Ձեր խոնարհ ծառան՝ ես, իրավունք ունեմ ասելու, որ իմ բոլոր տարիները խորհրդարանում եղել են անշեղում պայքար մեր՝ «Քաղաքացիական պայմանագրի»  ու մեր մի քանի այլ  գործընկերների հետ, համատեղ քաղաքական ճանապարհով, ու չգիտեմ՝ տեղի է, թե ոչ «դաշնակից» բառը, բայց որ բացարձակապես նույն քաղաքական տիրույթից ենք և շարունակելու ենք այդպես լինել, դա ակնհայտ է»,-ասում է Տիգրան Ուրիխանյանը:

Ի դեպ,  գործող խորհրդարանում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել “Կենդանական աշխարհի մասին” ՀՀ օրենքում փոփոխության նախագիծ, որով այսուհետ պետք է արգելվեն  կենդանիների ոչնչացման դաժան, անմարդկային մեթոդները, մասնավորապես զենքի կիրառմամբ։ Կենդանիներին, այդ թվում թափառող շներին պետք է  տեղահանել բնակավայրերից և (կամ) ենթարկել ստերիլիզացիայի, հաշվառել և տեղավորել հատուկ պահպանման վայրերում։

Spread the love
  • 32
    Shares