Միջազգային հանրության դիրքորոշումը երբեք տարբեր չի լինելու նրանից, ինչը հնչեցրել է Ռիչարդ Միլսը

- in Միջազգային
richard Mils

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ զրույցում բացառել է Արցախյան հակամարտության հարցի կարգավորումն առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»:

Հարցազրույցի ընթացքում դեսպանը հայտնել է, թե հայ ժողովուրդը, ի վերջո, պետք է որոշի` ո՞ր լուծմանն է ինքը պատրաստ: «Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եմ եկել և պարզել, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում «Հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործվելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի»,- ասել է Ռիչարդ Միլսը: Նա նշել է, որ հասկանում է, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմն էլ ավելի է սրել հայերի ընկալումները: «Սակայն դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»,- ասել է ԱՄՆ դեսպանը:

Այն, ինչի մասին խոսել է Միլսը, եզակի կարծիք չէ ու այս իմաստով նույնիսկ կարելի է պնդել, որ Հայաստանում ԱՄՆ հեռացող դեսպանն արտահայտում է միջազգային հանրության կոնսոլիդացված դիրքորոշումը։

Մեր քաղաքական դաշում իսկապես բացակայում է լուրջ դիսկուրսը ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարների մասին։ Յուրաքանչյուր քննարկում հանգում է կամ ստատուս-քվոն պահպանելու անհրաժեշտության մասին խոսակցություններին, կամ էլ՝ «ոչ մի թիզ հող» չզիջելու մասին պնդումներին։

Այս համատեքստից դուրս ցանկացած դիրքորոշում պիտակավորվում է «դավաճանական», «պարտվողական» արտահայտություններով՝ սկզբունքորեն անհնար դարձնելով բանավեճի կայացումը։

Իհարկե, Ադրբեջանի իշխանության մաքսիմալիստական հռետորաբանությունն ու ռազմատենչությունը սահմանափակում են ռացիոնալ քննարկումները նաև Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում, սակայն դա արդարացում չէ, որովհետև անկախ Բաքվի դիրքորոշումներից՝ հայկական կողմը պետք է ունենա կարգավորման իր տեսլականը, որտեղ հստակ շարադրվեն առաջնահերթությունները ու քաշվի այն «կարմիր գիծը», որից այն կողմ փոխզիջումները դառնում են անհնար։

Ստատուս-քվոյի իբրև թե պահպանումը հարցի լուծում չէ, որովհետև Հայաստանում նույնիսկ խեղաթյուրված պատկերացում կա ստատուս-քվոյի վերաբերյալ։ Դա միայն առաջնագծում տիրող իրավիճակը չէ, այլ մի շարք քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիկ գործոնների հանրագումար, ինչի հետևանքով մենք կորցնում ենք մեր դիրքերը, ինչը ենթադրում է, որ մի օր կամ բախվելու ենք նոր պատերազմի ծանր իրականությանը, կամ էլ՝ բանակցելու ենք մեզ համար շատ ավելի անբարենպաստ համատեքստում։

Թավշյա հեղափոխությունն այս առումով կարևոր բացահայտիչ նշանակություն ունի, ու տարիների ընթացքում մենք կհամոզվենք՝ Հայաստանը կարո՞ղ է լիարժեք դեմոկրատական երկիր դառնալ ու զարգացած տնտեսություն ունենալ շրջափակման ու հակամարտության պարագայում, թե՞ այնուամենայնիվ, հենց կիսապատերազմական համակարգն է խթանում փակ համակարգի ձևավորմանը։ Սակայն թավշյա հեղափոխությունն ընդամենը պատուհան է բացում կարճ ժամանակի համար, որի ընթացքում հայկական քաղաքական էլիտան պետք է ձևակերպի երկրի զարգացման տեսլականը ու այդ համատեքստում՝ ԼՂ խնդրի կարգավորման հեռանկարը։ Երրորդ հանրապետության պատմության մեջ նման եզակի փորձ արել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1997-ին։ Ընդունենք, որ առաջին նախագահի մոտեցումներն արդեն ժամանակավրեպ են, սակայն նրա ընդդիմախոսներից որևէ մեկն այլընտրանքային լուծումներ չի առաջարկել՝ բացի «ոչ մի թիզ» հոխորտալուց կամ ժամանակի ու պետության զարգացման հաշվին խաղալուց։

Իրականում ԼՂ հարցով Հայաստանի հասարակական ու քաղաքական միջավայրում անցած քսան տարիներին չկար դիսկուրս ոչ միայն ու ոչ այնքան Ադրբեջանի վարքագծի, որքան՝ քրեաօլիգարխիկ համակարգի հետևանքով, որի համար ԼՂ հարցն ընդամենը շահարկման առարկա էր՝ իր իշխանության վերարտադրությունն ընտրակեղծարարության միջոցով ու համատարած թալանն արդարացնելու համար։ Ընտրակեղծարարությունն ու թալանը չեն ենթադրում երկրի զարգացման տեսլականի առկայություն, ըստ այդմ՝ ԼՂ հարցով չէր կարելի կոնցեպտուալ մոտեցումներ ակնկալել ո՛չ Ռոբերտ Քոչարյանից և ո՛չ էլ Սերժ Սարգսյանից, որոնց քաղաքականության հիմքում, ըստ էության, հայկական «շուստրիությունն» էր կամ էլ այն հույսը, որ կոնսենսուսի չեն գա միջնորդները, կամ կառուցողական չի լինի Ադրբեջանը։ Այդ արկածախնդրությունը հանգեցրեց Մեղրիի տխրահռչակ տարբերակի հայտնվելուն, ԼՂՀ սուբյեկտության կորստին, 2016-ի մահաբեր իրադարձություններին և այլն։

Այս հարթության վրա թավշյա հեղափոխությունը դարձյալ պատմական շանս է ընձեռել Հայաստանի հասարակությանը՝ թերևս երրորդ անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը հաշվի առնելով։ Առաջին նախագահի կոնցեպցիան առաջ քաշվեց անպատեհ մի ժամանակաշրջանում, երբ իշխանության տոտալ ճգնաժամը թույլ չէր տալու նման սկզբունքային հարցում ձևավորել քաղաքական և հանրային կոնսենսուս։

ԼՂ խնդիրն արժանապատիվ լուծելու բացառիկ շանս ուներ Վազգեն Սարգսյանը՝ որպես պետական գործիչ, որի կենսագրությունը լեգիտիմացնում էր փոխզիջումային որևէ ռացիոնալ տարբերակ։ Հոկտեմբերի 27-ը կանխեց դա ու, մեծ հաշվով, ակնհայտ է, թե որ երկրին ձեռնտու չէր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։

Եվ վերջապես պատմական շանս է ընձեռված Նիկոլ Փաշինյանին՝ որպես հասարակական վստահության ռեսուրսի աննախադեպ կրողի։ Նա կարող է դառնալ պատմական ֆիգուր, եթե ԼՂ խնդրի ռացիոնալ տարբերակի շուրջ կոնսոլիդացնի Հայաստանի հասարակությանը ու, վերջապես, հնարավոր է փոշիացնի հեղափոխության ռեսուրսը, եթե ԼՂ հարցում կոնցեպտուալ դիրքորոշման բացակայությունը մատուցի որպես ամբոխային տրամադրությունների արտահայտություն։

Պրագմատիկ քաղաքականությունը հուշում է, որ միջազգային հանրության դիրքորոշումը երբեք տարբեր չի լինելու նրանից, ինչը հնչեցրել է Ռիչարդ Միլսը:

Spread the love
  • 10
    Shares