Նաիրա Զոհրաբյանը պաշտպանո՞ւմ է իր տիրակալին, թե՝ հարվածում ցավոտ

Naira Zohrabyan

Լրագրողները Ծառուկյան դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հարցրել են, թե լինելով օլիգարխ՝ ԲՀԿ ցուցակը կրկին Գագիկ Ծառուկյա՞նն է գլխավորելու:

Գագիկ  Ծառուկյանը օլիգարխ չէ, ասել է Նաիրա Զոհրաբյանը եւ տվել օլիգարխի իր սահմանումը. «Օլիգարխը այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»։

Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժի համար սա սովորական երեւույթ է՝ երբ պետք է՝ Ծառուկյանը գործարար է, երբ պետք չէ՝ քաղաքական գործիչ: ԲՀԿ-ն հայտարարություններ է անում այն մասին, որ քաղաքականության մեջ պետք է բացառել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, բայց երբ հիշեցնում են, որ Ծառուկյանի երկու փեսաները, ընկերոջ դուստրը խմբակցության պատգամավորներ են, պատասխանում են՝ սա այդ դեպքը չէ: Ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում՝ կրկես:

Բայց վերադառնանք Նաիրա Զոհրաբյանի սահմանումներին: Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում քաղաքականության մեջ, ձեւավորում տվյալ դեպքում ձրիակերների մեծաքանակ խմբակցություն նրա համար, որ «պետական լծակները չօգտագործի սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»։

Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչի՞ համար է այդ ահռելի ծախսը եւ քաղաքականության մեջ պարբերաբար խայտառակ դառնալու իրողությունն ու հեռանկարը:

Նախորդ վարչակարգերի օրոք ներքին քաղաքականության իմաստը հենց դա էր՝ անօրինական քվոտաների ու արտոնությունների բաշխումը: Դա հնարավոր էր միայն իշխանության յուրացման դեպքում, մասնավորաբար խորհրդարանի մանդատների տեսքով Դրա համար անհրաժեշտ էին կուսակցություններ, որոնք քաղաքական ցուցանակի դեր ունեին, եւ դեպուտատներ, որոնց խնդիրը այդ խմբավորումների տնտեսական շահերի սպասարկումն էր:

Կա՞ մի դեպք, երբ Գագիկ Ծառուկյանի խմբակցությունը կողմ քվեարկած չլինի այդ համակարգի առանցքային նախաձեռնություններին ու ծրագրերին: Կա՞ մի առանցքային հարց, որի վերաբերյալ ԲՀԿ-ն ունի դիրքորոշում, կամ եղածը տարբերվում էր ՀՀԿ-ի դիրքորոշումից:

Ինքը Գագիկ Ծառուկյանը 2015-ին քաղաքականությունից դուրս եկավ իր բիզնես իմպերիան չկորցնելու համար: Նույն պատճառով էլ ԲՀԿ-ն «միացավ» հեղափոխությանը, հետո հավատալով ՀՀԿ-ի ու Քոչարյանի «հեղաշրջմանը»՝ մասնակցեց հոկտեմբերի 2-ի ակտին, հետո կրկին միացավ հեղափոխությանը՝ հուշագիր ստորագրելով, որ չարություն չի անի:

Առաջին հայացքից է թվում, թե Նաիրա Զոհրաբյանը պաշտպանում է իր տիրակալին: Իրականում նա տալիս է Ծառուկյան քաղաքական նախագծի մոտիվացիայի ճշգրիտ գնահատականը: Իսկ ներկայում, երբ վերացվել են անօրինական քվոտաները եւ չկա սեփականությունը կորցնելու վտանգ, եթե իհարկե այն օրինական է, խմբակցությունը չի ուզում բաց թողնել Ծառուկյանին, նրա միջոցով իր սեփական բարեկեցության հարցերը լուծելու համար:

Ի դեպ, ժամանակին Գագիկ Ծառուկյանը չէր հերքել, որ ինքը օլիգարխ է, եւ մարդկանց կոչ էր արել հարգել օլիգարխներին:

Spread the love