Նախարարի ցնցող պատասխանը՝ աջ ղեկով մեքենաների մասին

- in Մամուլ
avtoner

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ի զորու չէ որեւէ լուծում գտնել Բագրատաշենում ամիսուկես կուտակված աջ ղեկով շուրջ 130 ավտոմեքենաների հարցով: Իրավիճակի պատասխանատվությունը նա թողնում է Ազգային ժողովի վրա:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե մարդիկ տեղյակ չեն եղել, որ «ժամանակավոր» բառը ՀՀԿ իշխանության օրոք օրենքից հանվել է, եւ մեքենաներ են գնել առցանց աճուրդներով ու կանգնել փաստի առաջ, նախարարը պատասխանեց. «Թող գնան եւ պատասխանները ուզեն ասողներից: Ես գիտեմ, որ օրենքը համապատասխան ձեւի հրապարակվել է, պետք է տեղեկանային»:

Մեր մյուս հարցին, թե մարդիկ բերել են ու փաստացի խնդրի առաջ կանգնել, նախարարն ավելի ցնցող պատասխան տվեց. «Դե մարդիկ էլ կան, որ կոկաին են բերում եւ այնտեղ` սահմանին, խնդրի առաջ են կանգնում»: Դե, իհարկե, մարդիկ էլ կան, որ պատկերացում չունեն իրենց՝ նախարարի կարգավիճակի լրջության մասին: Իսկ իշխանական ՔՊ-ականները Հունան Պողոսյանի դեմ են պայքարում՝ պայքարի իրական թիրախին թողած»:

Աջ ղեկով մեքենաներ ներկրող մոտ 80-90 քաղաքացիներ երեկ երեկոյից Բագրատաշենի անցակետի տարածքում բողոքի ակցիա են իրականացնում։ Այսօր 30 րոպե անգամ փակ է եղել անցակետի ճանապարհը։ Սահմանին արդեն 140-ից ավելի աջ ղեկով ներկրված մեքենաներ են կուտակվել և մաքսատանը հրաժարվում են մաքսազերծել։

Նշենք, որ խնդիրը, ըստ բողոքի ակցիա իրականացնողների, առաջացել է նախկին կառավարության և Ազգային ժողովում իրականացված խաբեության պատճառով։ Այլ կերպ ասած՝ երբ անցած տարի կառավարությունն արգելեց աջ ղեկով մեքենաների ներկրումն ու համապատասխան օրենսդրական նախագիծը ներկայացրեց ԱԺ, այդ փուլում բարձրացված աղմուկի պատճառով օրենքում որոշակի փոփոխություններ արվեցին՝ սահմանվեց, որ 2018-ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չպետք է արգելվեր երկրի ներսում: Ազգային ժողովի այս տարվա մարտի 1-ի նիստում 61 կողմ ձայնով ընդունվեց օրենքը։ Սակայն պարզվում է՝ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման և ամբողջությամբ ընդունվելու ժամանակ փոփոխություն է կատարվել և նախագծից հանվել է «ժամանակավոր» բառը: Օրենքն արդեն մարտի 16-ին ստորագրվեց ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի համաձայն`ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումը ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:

Spread the love
  • 18
    Shares