Նիկոլ Փաշինյանի կրեատիվն ու Արմեն Սարգսյանի փորձառությունը

- in Վերլուծական

Երեկ երեկոյան հանդիպում են ունեցել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս հանդիպումն ինքնին գործնական առումով ոչինչ չի որոշում. Սահմանադրությունը գործիքակազմի առումով սահմանափակել է նախագահի իրավասությունները քաղաքական որոշումների կայացման հարցում։

Մյուս կողմից՝ նախագահը պետության գլուխն է ու հատկապես այս ոչ ստանդարտ, ճգնաժամային իրավիճակներում պարտավոր է հետևել Սահմանադրության անթերի կատարմանը։ Դա հատկապես կարևոր է այս փուլում, երբ հեղափոխությունը թևակոխել է արժեքների կապիտալիզացիայի պատասխանատու հանգրվան, և լեգալությունից դուրս արված որևէ քայլ կարող է կասկածի տակ դնել պատմական գործընթացի քաղաքական նշանակությունը։

Խորհրդարանական կառավարման համակարգում ու հատկապես հեղափոխությունից հետո նախագահի ինստիտուտը նորովի արժևորման անհրաժեշտություն ունի, որպեսզի ամբողջական պատկերացում կարողանանք կազմել պետական բազմաշերտ համակարգի ֆունկցիոնալության մասին։ Երբ Արմեն Սարգսյանը քրեաօլիգարխիկ համակարգի օրոք ստանձնեց նախագահի պաշտոնը, հասարակությանը խոստացավ իր իշխանությունը գործի դնել խոսքի ազդեցության շնորհիվ։ Նախկին համակարգի պայմաններում հենց խոսքի ուժը, ուղերձների քաղաքական բովանդակությունը պետք է լեգիտիմություն հաղորդեին նախագահի իշխանությանը։

Սակայն Արմեն Սարգսյանի երդմնակալությանն ըստ էության հաջորդեցին հեղափոխական զարգացումները, որոնք բացահայտեցին հանրապետության նախագահի նոր որակը՝ արդյունավետ բանակցողի, միջնորդի գործառույթը, ինչը մեծապես նպաստեց, որ Հայաստանում հեղափոխության առաջին փուլն իրականություն դառնա՝ առանց ցնցումների ու բախումների։

Խորհրդարանական ընտրություններով հեղափոխությունը Հայաստանում ավարտվում է, ու մեզ այլևս պետք է միանգամայն նոր որակի իշխանություն, որն արդեն հասարակությանը պետք է կոնսոլիդացնի ոչ թե տեսարանների, այլ հացի ու աշխատանքի շուրջը։ Այլ խոսքով՝ հիմա երկրին անհրաժեշտ է կայունության փուլ՝ հեղափոխությունն ինստիտուցիոնալիզացնելու նպատակով։

Արտաքին իմպուլսների մակարդակում դրա անհրաժեշտությունն անշուշտ գիտակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հռչակել է բարիկադներն ապամոնտաժելու փուլ, ինչի առաջին դրսևորումները դարձան նախկին համակարգում առանցքային դերակատարություն ունեցող գեներալների նշանակումները բարձր պաշտոններում։ Հնչող հանրային քննադատություններն օբյեկտիվ են, սակայն մակերեսային են ու ոչ այնքան ադեկվատ՝ իրավիճակն ու նոր փուլի առանձնահատկությունները գնահատելու տեսանկյունից։

Բարիկադներին փոխարինելու է գալիս կոմպրոմիսների, էլիտաների երկխոսության ժամանակը։ Հեղափոխության ավարտը ենթադրում է կայունացման անհրաժեշտություն, ու այս համատեքստում է, որ նորովի արժևորվում է նախագահի ինստիտուտը՝ հատկապես Արմեն Սարգսյանի դեմքով, որը, պայմանական ասած, պետական համակարգի ինստիտուցիոնալ հիշողության կրողն է, կայունացնող այն գործոնը, որը պետք է շաղկապի նախահեղափոխական ու հետհեղափոխական Հայաստանների պատմությունը՝ ապագայի օրակարգ, տեսլական ձևավորելու համար։ Ընդ որում՝ Սարգսյանի կայունացնող դերակատարությունը կարևոր է ոչ միայն ներքին քաղաքականության մեջ, այլ նաև արտաքին հարաբերություններում, որտեղ ադապտացիոն ռեժիմին փոխարինելու պետք է գա հայեցակարգային քաղաքականությունը։

Նիկոլ Փաշինյանի կրեատիվն ու Արմեն Սարգսյանի փորձառությունը, վարչապետի ներքին մեծ լեգիտիմությունն ու նախագահի միջազգային կապերը կարող են փոխլրացնել միմյանց՝ ամբողջացնելով նոր Հայաստանի ռացիոնալ կերպարը, մեծացնելով նրա կանխատեսելիությունն արտաքին գործընկերների համար։

Այս օրերին Արմեն Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումները, խորհրդակցությունները պետք է ինստիտուցիոնալ բնույթ ստանան՝ նպաստելով քաղաքական նոր մշակույթի և նոր, արդյունավետ համակարգի ձևավորմանը։

Հեղափոխությունից հետո գալու է կայուն զարգացման փուլը, որի կարևոր գարանտներից մեկը դառնալու է Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի համատեղ ջանքերով կայացող քաղաքական մշակույթը, համատեքստը։ Սա էլ է հեղափոխություն՝ ավելի ինքնատիպ ու բովանդակային, սակայն արդեն՝ ոչ թե փողոցներում, այլ պետական մտածողության ու քաղաքական մշակույթի մեջ։

Spread the love
  • 15
    Shares