Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականով ճանապարհ հարթեց արտահերթ ընտրությունների անցկացման համար

- in Հրապարակ

Ինչպես և խոստացել էր՝ Նիկոլ Փաշինյանը հեռուստաուղերձով դիմեց Հայաստանի ժողովրդին ու տեղեկացրեց, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։

Իհարկե, այս հրաժարականը ֆորմալ բնույթ ունի ու նպատակ ունի հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը, որոնց արդյունքներով ամրագրվելու է թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակը։ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում՝ մինչև արտահերթ ընտրությունները, կատարելու է վարչապետի պարտականությունները՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։

Այնուամենայնիվ, Երրորդ հանրապետության պատմության մեջ չենք հիշում որևէ այլ դեպք, որ նախագահի կամ վարչապետների հրաժարականները տեղի ունենային նման հուզումնալից պայմաններում։ Հրաժարականները Հայաստանում, որպես կանոն, եղել են հասարակական դժգոհության, իսկ ավելի հաճախ՝ պալատական խարդավանքների հետևանք, որոնց նկատմամբ հասարակությունը հիմնականում անտարբեր է եղել։

Սակայն խիստ ուշագրավ ու կոնտրաստային են այս տարվա երկու հրաժարականները։ Այս տարվա ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, դա համազգային տոնախմբության առիթ դարձավ։ Միանգամայն այլ էր այսօրվա հրաժարականին ուղեկցող հուզական ֆոնը։ Մեր հայրենակիցները խորապես համոզված են, որ հեղափոխությունը հաղթելու է, ու Նիկոլ Փաշինյանը դեկտեմբեր ամսին վարչապետի պաշտոնը ստանձնելու է շատ ավելի ամուր քաղաքական ու հանրային հիմքերով, սակայն միևնույն է՝ այսօր վշտացած ու մտահոգված էին վարչապետի հրաժարականով։ Սա է մինչև հեղափոխական ու հետհեղափոխական Հայաստանների, ավտորիտար ռեժիմի ու լեգիտիմ իշխանության տարբերությունները։

Մարդիկ անհամբեր սպասում էին Սերժ Սարգսյանի հրաժարականին, հիմա նույնքան անհամբերությամբ սպասում են դեկտեմբերյան ընտրություններին, որպեսզի վարչապետի պաշտոնին հետ բերեն Նիկոլ Փաշինյանին։

Հեղափոխությունը ավարտվեց արդեն այսօր, դեկտեմբերին դրա կայացած հաղթանակն ամրագրվելու է քվեաթերթիկներով։ Հենց այդպիսի տպավորություն կարելի է ստանալ Նիկոլ Փաշինյանի ելույթից, որում իսպառ բացակայում էին բարիկադային տրամաբանությունը, թիրախավորված քննադատությունը, հակառակը՝ վարչապետը վստահություն հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանում ներկայացված կուսակցություններից որևէ մեկը չի գործի պետության ու անվտանգության դեմ ու չի անցնի, այսպես կոչված, «կարմիր գիծը»։

Սա արդեն նշանակում է հեղափոխության անվերապահ հաղթանակ ու նախադրյալներ է ստեղծում, որ առաջիկա ընտրական գործընթացը չի ուղեկցվի «սպիտակների» ու «սևերի» հակադրության թեզով, ինչը հույսեր է ծնում, որ ականատես կլինենք ավելի հետաքրքիր քարոզարշավի ու ծրագրային բանավեճերի։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը ռեաբիլիտացիայի հնարավորություն է տալիս այս խորհրդարանում ներկայացված կուսակցություններին։ Փաշինյանը, իր հրաժարականով ու խորհրդարանի արձակմամբ, հնարավորություն է ստեղծում, որ խորհրդարանական կուսակցությունները, այդ թվում՝ ՀՀԿ-ն մասնակցեն հեղափոխության հաղթանակի վերջին հանգրվանին՝ չօտարանալով նոր Հայաստանից։

Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականով ճանապարհ հարթեց արտահերթ ընտրությունների անցկացման համար, ինչի շնորհիվ վերջնական ու անշրջելի կդառնա մարտի 31-ի քայլերթով մեկնարկած հեղափոխության հաղթանակը։ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն չեն առաջադրում վարչապետի թեկնածու՝ առնվազն չխոչընդոտելով հեղափոխության հաղթանակին։

Հայաստանում որակապես նոր իրավիճակ ստեղծվեց, ինչը թույլ կտա օրինական ընտրությունների միջոցով ձևավորել միանգամայն լեգիտիմ իշխանություն։ Հեղափոխության ծնած առաջին իշխանությունը։

Spread the love
  • 18
    Shares