Պղնձաձուլական գործարանի փակումը սպառնում է Ալավերդու ինֆրաստրուկտուրայի ոչնչացմանը

- in Կեղտոտ լվացք

Ալավերդու 650 աշխատող ունեցող պղնձաձուլական գործարանն այսօր դադարեցրել է աշխատանքը։

Թեղուտի հանքավայրի՝ խոշոր պարտքի դիմաց ՎՏԲ բանկին անցնելուց հետո նման սցենարը միանգամայն կանխատեսելի էր՝ թեև գոնե այս պահին դեռևս անորոշ է, թե արդյո՞ք փակված գործարանը ևս անցել է ՎՏԲ-ին։

Դեռ մեկ շաբաթ առաջ ընկերությունը կառավարությունից պահանջել էր չեղարկել բնապահպանական խախտումների համար տեսչական մարմնի սահմանած 387 միլիոն դրամի տուգանքը։ Ընկերության ղեկավարները հայտարարել էին, որ արտանետումները նվազեցնելու տեխնիկական որևէ հնարավորություն այս պահին չունեն։ Կառավարությանը, ըստ ամենայնի, այս պահանջը չեր բավարարել, համենայն դեպս՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը բավական ցածր արդյունավետությամբ և քաղաքի բնակչության համար մեծ վնասակարությամբ է աշխատում: «Այն իր տրամաբանական շարունակությունը պետք է ունենա ավելի մեծ պղնձաձուլարանի պրոյեկտում, որը մոտավորապես տասնապատիկ անգամ ավելի հումք պետք է օգտագործի, բայց որտեղ նաև լուծված կլինի ծծմբական թթվի խնդիրը»,- ասել էր Տիգրան Ավինյանը:

Կառավարության սկզբունքայնությունը բնապահպանական հարցերում, անշուշտ, ողջունելի է ու նաև գովելի է, որ գործադիրում մտմտում են հեռանկարային ծրագրերի մասին։ Սրանով հանդերձ՝ սոցիալական լարվածությունը ոչ միայն չի նվազում, այլ հանրապետությունում ավելանում են հուզումների կենտրոնները։ Այսօր հուսահատ ալավերդցիները փակել են Վրաստան տանող ճանապարհը, չկա ոչ մի երաշխիք, որ վաղը նույն ճակատագիրը չի սպառնալու Ամուլսարին, մանավանդ որ անցել է կառավարության խոստացած ոչ միայն երեք ամիսը, այլ նույնիսկ՝ այդքան էլ ավելին, սակայն ողջամիտ լուծումներ չեն գտնվել։

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության գլխին են թափվել անցյալից ժառանգություն մնացած խնդիրները, սակայն դա օրվա իշխանությանը չի ազատում պատասխանատվությունից։ Ամենամեծ պրոբլեմն այն է, որ Փաշինյանի թիմը չի ձևավորել սկզբունքային որոշումներ կայացնելու մեխանիզմներ կամ չի շտապում դա անել՝ չցանկանալով հարուցել հասարակության որոշակի խմբերի դժգոհությունը։ Մյուս կողմից՝ չլուծված հարցերը, միևնույն է, հանգեցնելու են շատ լուրջ պրոբլեմների, ինչի հետևանքով առաջանալու են լարվածության կենտրրոններ։ Կառավարությունը պետք է կարողանա հաղթահարել հեղափոխական մտայնությունը և որոշումներ կայացնել, եթե նույնիսկ դրանց շուրջ չի ձևավորվում կոմպրոմիս կամ դրանք ռիսկային են։ Պոպուլիզմը կարող է աշխատել հեղափոխության ժամանակ կամ դրան հաջորդող առաջին ամիսներին, հետո դառնում է իշխանության հիմնական թշնամին։

Գործարանների փակումը վատ ազդանշան է, որովհետև քաղաքական հարթության մեջ հակասության մեջ է մտնում, այսպես կոչված, «դուխով» Հայաստանի կոնցեպցիայի հետ։ Մարդկանց «դուխը» ձևավորվում է բարեկեցության պատշաճ մակարդակի շնորհիվ, հակառակ պարագայում՝ այն կարող է տրանսֆորմացվել լյումպենի ագրեսիվության։

Մյուս կողմից՝ Ալավերդու գործարանի կամ «Լիդիան Արմենիա»-ի անհաջող պատմությունները կարող են ստվերել Հայաստանի ներդրումային իմիջը՝ չեղարկելով կառավարության անուրանալի ջանքերը կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարում։ Այս մասին մի քանի անգամ թափանցիկ ակնարկ է արել ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսը՝ հասկացնելով, որ ամերիկյան հնարավոր ներդրումների համար նշանային կարող է դառնալ Ամուլսարի ճգնաժամի հաղթահարումը։ Կառավարությունը պարտավոր է հաշվի նստել այս ակնհայտ իրողությունների հետ, որովհետև նոր Հայաստանի սոցիալական բազան կարող է ընդարձակվել միայն արդյունավետ տնտեսական քաղաքականության շնորհիվ։ Շատ շուտով մարդիկ հոգնելու են տեսարաններից ու պահանջելու են հաց կամ ձևավորելու է սոցիալական վարքագիծ՝ ոչ թե հեղափոխական լայվերի, այլ սառնարանների պարունակության հիմքով։

Եվ վերջապես՝ այսօր տեղի ունեցածը ունի խիստ կարևոր լոկալ հետևանք։ Պղնձաձուլական գործարանի փակումը սպառնում է Ալավերդու ինֆրաստրուկտուրայի ոչնչացմանը․ գրեթե անխուսափելի թվացող արտագաղթը Ալավերդուց կարող է հանգեցնել այս քաղաքի սոցիալական պատկերի ձևախեղմանը՝ դրանից բխող հետևանքներով։

Spread the love
  • 17
    Shares