Պտղնի համայնքի ղեկավարի` պետությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

- in Պաշտոնական
Merdzavan gyux

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 2018թ.-ի հուլիսի 24-ի 192-Ա որոշմամբ՝ Պտղնի համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում աշխատանքային խմբի կազմած արձանագրությունն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն:

Այս մասին տեղեկացրել է Կոտայքի մարզպետն իր ֆեյսբուքյան էջում: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար արձանագրությունը փոխանցվել էր Աբովյանի քննչական բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Հակոբի Վիրաբյանը՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չկատարելով ծառայողական պարտականությունները, խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջները՝ իր գործողություններով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ վատնել է համայնքին պատկանող խոշոր չափերի գումար։

Դեպքի առթիվ 2018թ.-ի հոկտեմբերի 1-ին Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Spread the love