Ռաբինդրանաթ Թագոր. «Եկ ինչպես որ կաս»

- in Մշակույթ
Axjik

Կիրակնօրյա ընթերցումներ. 

Եկ ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։ Թող լինես հերարձակ-թափված վարսերով, թող սանրվածքդ լինի անկարգ ու կորսաժիդ ժապավենները քանդած, ինչ փույթ։

Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։

Արի կանաչներով, արի, շտապիր։

Թող սեզերի ցողը քո երանգանկար ոտքերիդ ներկը իջեցնի, կամ թեկուզ ոտքերիդ բոժոժիկների օղակները բացվեն ու մանյակներիդ մարգարիտները թափվեն, ուշ մի դարձնի։

Արի կանաչներով, արի, շտապիր։

Տեսնու՞մ ես ամպերը ինչպես են ծածկում երկինքը։
Հեռավոր ծովի ծանծաղուտից կռունկների երամն իջել է գետափին ու քմահաճ քամին բարկ ուժգնությամբ սլանում է դաշտի վրայով։

Նախիրը խրտնած դեպի գյուղի ախոռներն է վազում։
Տեսնու՞մ ես ամպերը ինչպես են ծածկում երկինքը։
Դու զուր ես վառում սեղանիդ փոքրիկ ճրագը, բոցը կերերա ու քամին կմարի։

Եվ ո՞վ կնկատի, որ քո արտևանունքները չեն մրոտվել ճրագի մարած պատրույգից։ Չէ՞ որ ծավի աչքերդ ավելի թուխ են, քան ամպերը փոթորկի։

Զուր ես վառում սեղանիդ փոքրիկ ճրագը՝ բոցը կերերա ու քամին կմարի։

Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի հագնվելուդ վրա։

Հոգ չէ, որ պսակը չի հյուսված կամ ապարանջանի շղթան չի կապվում, թող այդպես մնա։

Երկիրը բոլորովին ծածկվել է ամպերով, ուշ է արդեն։ Եկ, ինչպես որ կաս, էլ ժամանակ մի կորցնի զուգվելուդ վրա։

Please follow and like us:
18642