Ռոբերտ Քոչարյանը արձանագրեց նախկին համակարգի կապիտուլյացիան

- in Վերլուծական

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ չի մասնակցելու խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Այսպիսով, նա արձանագրեց նախկին համակարգի կապիտուլյացիան, որի երկրորդ փուլը մեկնարկեց Ազգային ժողովում հոկտեմբերի 2-ին «պետական հեղաշրջման» փորձի տապալումից հետո:

Դա յուրահատուկ ԳԿՉՊ էր, որից հետո իրադարձություններն արագացան: ԱԱԾ-ն երկու բացահայտում արեց նախկին համակարգի երկու առանցքային «գանձապահների»՝ Սամվել Մայրապետյանի ու Արմեն Ավետիսյանի մասով, որից հետո ՀՀԿ խմբակցությունը սկսեց փլուզվել: Այդ բացահայտումների սլաքներն ուղղված են դեպի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով վերջին շրջանում փորձում էր մոբիլիզացնել համակարգը եւ ԶԼՄ-ներին, միեւնույն ժամանակ փորձելով ցույց տալ Մոսկվայի աջակցությունը:

Դրանից հետո համակարգի ներկայացուցիչները բռնեցին անհատական փրկության ուղին:

Մյուս կողմից, իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հուշում է, որ Քոչարյանը յուրահատուկ կատալիզատորի դեր է ունեցել հեղափոխության այսպես ասած երկրորդ փուլում, երբ պետք է արդեն նոր իշխանությունը լեգիտիմանա ընտրովի մարմիններում: Քոչարյանի գործոնը փաստացի համախմբեց ոչ թե հին համակարգին, այլ հանրությանը, որը երկու ակտով՝ Երեւանի ավագանու ընտրությանն ու հոկտեմբերի 2-ին ԱԺ-ի պաշարմանը լիովին մերժեց իրադարձությունների զարգացման որեւէ այլ սցենար:

Զուգահեռ, արդեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրերին Արեւմտյան գործընկերները «ճանաչեցին» Հայաստանի նոր իշխանությանը: Իրեն հատուկ ոճով ճանաչման ակտը կայացրեց նաեւ Ռուսաստանը: Նկատելի է, որ արտաքին գործընկերները շահագրգիռ են Հայաստանում իշխանության խնդրի հանգուցալուծմամբ, ինչը զարմանալի չէ, հաշվի առնելով, որ Հայաստանում իշխանության ձեւավորումը եղել է ու կա աշխարհքաղաքական խնդիր:

Նիկոլ Փաշինյանի կտրուկ ու ինչ որ առումով անսպասելի որոշումը՝ արտահերթ ընտրությունը դեկտեմբերին անցկացնելու վերաբերյալ, ըստ ամենայնի կապված է այս խնդրի հետ: Նա օրինակ հայտարարել է, թե հեղափոխական էյֆորիան կարող է տեւել 15 տարի, այդպիսով ակնարկելով, որ իր որոշման հիմքում ամենեւին էլ այդ էյֆորիայի սպառման անհանգստությունը չէ:

Իր հերթին, նախկին համակարգի ռեւանշի հնարավորության վերաբերյալ պատկերացումները քիչ ինչ չափազանցված էին եւ ավելի շատ ծառայում էին որպես ֆոն Հայաստանի փոփոխությունների համար:

Այս հանգամանքները հուշում են, որ արտաքին գործընկերները ցանկանում են Հայաստանում հնարավորինս արագ գործ ունենալ ամբողջական լեգիտիմ իշխանության հետ: Եվ դա զարմանալի չէ մի իրավիճակում, երբ միջազգային ներկայիս զարգացումները, առավել եւս մեր շրջանում, պահանջում են հստակ դիրքորոշումներ եւ գործընկերային քաղաքականություն:

Արտահերթ ընտրությունը դեկտեմբերին անցկացնելու որոշումից հետո Հայաստանում նկատելի է գերտերությունների «մրցավազք»: Ռուսաստանից ժամանել էր Կրեմլի էմիսարների պատվիրակությունը, անցած շաբաթ Հայաստանում էին Ֆրանսիայի ու Բելգիայի ղեկավարները, այս շաբաթ Հայաստանում է լինելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը, նրանից հետո՝ ԱՄՆ վարչակազմի առանցքային գործիչներից մեկը՝ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Իշխանության ձեւավորման այս փուլում բնական է առավել շատ ազդեցության ուղղությամբ գերտերությունների ձգտումը: Մյուս կողմից, դա նշանակում է, որ կա միջազգային գործերում դիրքորոշումները հստակեցնելու խնդիր:

Spread the love
  • 21
    Shares