Ռոբերտ Քոչարյանը հանձնվեց …

Robert Qocharyan

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ չի մասնակցի դեկտեմբերին տեղի ունենալիք արտահերթ ընտրությանը:

Նա կարծում է, որ դա լինելու է Փաշինյանի հաղթանակը, բայց պետության պարտությունը, քանի որ մեկ մոնոպոլիայից կանցնենք մեկ այլ մոնոպոլիայի: Ռոբերտ Քոչարյանն ասել է նաեւ, թե չի ուզում դառնալ վարչապետ եւ համարում է, որ հետագան կախված է կառավարության հաջողությունից, եւ եթե Արցախի, տնտեսության հարցերում լինի դրական զարգացում եւ անվտանգություն, ապա դա մի իրավիճակ է, իսկ եթե լինի անկում, ապա այլ իրավիճակ, եւ եթե այդ ժամանակ գտնվեն երիտասարդ նոր գործիչներ, որ կփոխեն վիճակը, ապա թող անեն դա:

Ռոբերտ Քոչարյանի այդ հայտարարությունը գործնականում հայտարարություն է «հանձնվելու» մասին: Խոսքն իհարկե առնչվում է քաղաքական հավակնությանը, որ նա դրսեւորել էր քաղաքականություն վերադարձի մասին հայտարարելով:

Քոչարյանը Սպուտնիկ գործակալությանն ասել էր, որ ենթադրելի է, որ քաղաքականություն վերադառնալու դեպքում կմասնակցի խորհրդարանի ընտրությանը: Սակայն երկրորդ նախագահն ըստ երեւույթին ակնկալում էր, որ այն կլինի մայիսին: Նա թերեւս սպասում էր, որ ժամանակը կբերի Փաշինյանի համար ներքին ու արտաքին խնդիրների, որից հնարավոր կլինի օգտվել: Դե իսկ ինքն էլ կջանար ամեն ինչ անել այդ խնդիրների հնարավորինս արագ եւ մեծ ծավալի առաջացման համար:

Դժվար է ասել, Ռոբերտ Քոչարյանը որեւէ առնչություն ունե՞ր հոկտեմբերի 2-ի աղմկոտ օրինագծի քվեարկությանը, թե ոչ, բայց դա էլ օրինակ Փաշինյանի համար խնդիր առաջացնելու միտված մի քայլ էր, որը սակայն շրջվեց այն կատարողների դեմ եւ օգնեց Փաշինյանին լուծել առնվազն մի կարեւորագույն խնդիր՝ արտահերթ ընտրությունը մայիսի փոխարեն դեկտեմբերին անելու խնդիրը:

Դրան զուգահեռ ուշագրավ իրադարձություններ զարգացան իրավական հարթության վրա, ձերբակալվեց Ռոբերտ Քոչարյանին մոտ համարվող գործարար Մայրապետյանը, տարածվեց ԱԱԾ հայտնի տեսանյութը Արմեն Ավետիսյանի ունեցվածքի մասին, Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ կոռուպցիոն ակնարկներով:

Հոկտեմբերի 2-ին հաջորդեց նախկին համակարգի քաղաքական գրեթե լիակատար կապիտուլյացիան: Ռոբերտ Քոչարյանն առնչություն ուներ, թե ոչ, բայց նա դրա հետեւանքով մնաց մենակ: Տարօրինակ չէ, որ նա գործնականում հայտարարում է հանձնվելու մասին:

Այդուհանդերձ, քաղաքականություն վերադարձի կարճ ժամանակամիջոցում երկրորդ նախագահը հասցրեց անել շատ բան, իհարկե ոչ իր համար: Գուցե թվա տարօրինակ, բայց քաղաքականություն վերադարձի մասին հայտարարելով, նա գործնականում ծառայեց թավշյա հեղափոխությանն ու հանրային օրակարգին: Ռոբերտ Քոչարյանն իր վերադարձով փաստացի թույլ չտվեց քաղաքական ներկապնակի հետհեղափոխական «լղոզում», զրկելով գործնականում բոլոր ուժերին մանեւրի հնարավորությունից եւ այդ հնարավորությունը թողնելով միայն թավշյա հեղափոխության համար:

Մյուս կողմից, «հանձնվելը» երկրորդ նախագահի համար թերեւս միակ ռացիոնալ որոշումն էր: Նա մի կողմից մտավ քաղաքականություն իր պաշտպանությունը այդպես կազմակերպելու համար, մյուս կողմից, իր համար անհարմարավետ այդ իրավիճակում նա ակնհայտորեն միայն ավելացնելու էր իր խնդիրները: Դրանից բացի, երկրորդ նախագահն ակնկալում էր, որ նախկին համակարգն ի դեմս իրեն տեսնելու է փրկչի:

Բանն այն է, որ թավշյա հեղափոխության արդյունքում ոչ միայն քաղաքացիներն էին սկսում իրենք իրենց հավատալ, այլ նաեւ դրա հետեւանքով նախկին իշխանության, նախկին համակարգի սուբյեկտներին էին սկսում համոզվել, որ այլեւս իրենցից յուրաքանչյուրի «փրկության» գործը հենց իրենց գործն է, եւ այլեւս չի կարող լինել մեկը, ում վրա հնարավոր է բարդել ամբողջ պատասխանատվությունը, վճարել եւ այսպես ասած վայելել իշխանության մենաշնորհը:

Ի դեպ, մենաշնորհի մասին: Ռոբերտ Քոչարյանն ասում է մի բան, որը տարածված է նաեւ շատ փորձագետների, անգամ անկախ համարվող փորձագետների շրջանակում: Բանն այն է սակայն, որ կամ թյուր է, կամ նենգափոխված է պատկերացումը, թե մի մենաշնորհից դեկտեմբերին կանցնենք մյուսին: Բանն այն է, որ մենաշնորհ ասվածը որեւէ ուժի բացարձակ մեծամասնությունը չէ, այլ որեւէ ուժի իշխանության անվերապահ իրավունքը, երբ որեւէ այլ ուժ չունի ընտրության ճանապարհով իշխանության հավակնելու հնարավորություն:

Այդ տեսակետից, օրինակ թվում է, թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում չկար մենաշնորհ ասվածը՝ կար կոալիցիոն մեծամասնություն, սակայն իրականում դա ձեւն էր, քվոտաների հարաբերակցությունը, իսկ ըստ էության իշխանությունը նույն մենաշնորհն էր, որովհետեւ հանրությունը զրկված էր որեւէ այլ ուժի ընտրության ճանապարհով իշխանություն պատվիրելու հնարավորությունից:

Ըստ այդմ, նախկին մենաշնորհը՝ առնվազն քառորդ դարի, ամենեւին նույնական չէ դեկտեմբերի իրավիճակի հետ, առնվազն այն պատճառով, որ դեկտեմբերին հասարակությունն իր կամքով է բացարձակ մեծամասնություն պատվիրելու մեկ ուժի: Այն, թե ինչ կանի հետո այդ մեծամասնության հետ տվյալ ուժը՝ իհարկե հարց է: Բայց դա նախ եւ առաջ հանրության հարցն է, որ կարողանա մինչեւ վերջ տեր կանգնել իր տված պատվերին եւ անհրաժեշտության դեպքում չեղարկել այն, երբ դժգոհ լինի քաղաքական ուժի ծառայությունից:

Please follow and like us:
18642