Ռոբերտ Քոչարյանը «փնտրելու է երիտասարդներ», որոնք կդառնան նրա քաղաքական «երազանքը» իրականացնողները

- in Կարծիք
Robert Qocharyan

Ռոբերտ Քոչարյանը Բլումբերգ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ չի մասնակցի խորհրդարանի ընտրությանը և համարում է, որ քաղաքական մի մենաշնորհից Հայաստանը դեկտեմբերի արտահերթ ընտրությամբ կանցնի այլ մենաշնորհի:

Դեկտեմբերի արտահերթ ընտրությանը չմասնակցելու մասին երկրորդ նախագահի հայտարարությունը արդյո՞ք հավասարազոր է այլևս քաղաքականությունից դուրս գալու մասին հայտարարության: Համենայն դեպս, նա այդ առումով արել է մեկ այլ ուշագրավ հայտարարություն, որ, եթե նոր իշխանությունը չհաջողի, ապա իրավիճակը փոխելու պատրաստ երիտասարդներ գտնվելու դեպքում նրանք թող անեն այդ փոփոխությունը:

Նշանակու՞մ է դա արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը «փնտրելու է երիտասարդներ», որոնք կդառնան նրա քաղաքական «երազանքը» իրականացնողները: Այսինքն, լավ հասկանալով, որ անմիջական քաղաքական դերակատարմամբ իր դրությունը բարդացնելուց բացի, որևէ այլ արդյունքի հասնել չի կարող, Ռոբերտ Քոչարյանն այժմ սկսել է գուցե մտածել այն մասին, որ պետք է քաղաքականության մեջ «լինել» ոչ անմիջականորեն, այսինքն ֆինանսավորել քաղաքականությունը այլ ֆորմատով, նոր երիտասարդական ձևաչափի միջոցով: Հոկտեմբերի 2-ին խորհրդարանում սրընթացծավալված իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի հետագա քաղաքական այսպես ասած գործունեությունը ընդհանրապես հայտնվեց արգելափակման մեջ: Դրանից առաջ էլ հեռանկարը առանձնապես մեծ չէ, սակայն հոկտեմբերի 2-ը ըստ էության փակեց հարցը:

Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի շուրջ սկսեցին ծավալվել ուշագրավ իրավական նոր զարգացումներ, այս անգամ սակայն ոչ թե Մարտի 1-ի, այլ տնտեսական գործով: Հատկանշական է այն, որ երկրորդ նախագահը այդ կապակցությամբ խնդրին հակադարձելու առումով զգալիորեն նվազ ակտիվ է, քան Մարտի 1-ով մեղադրանքների դեպքում: Դա նշանակու՞մ է արդյոք, որ իրավապահներն այս անգամ այսպես ասած նշանակետին են խփել, թե՞ երկրորդ նախագահի համար Մարտի 1-ի հարցում մեղադրանքները սպասելի էին և նա պատրաստ էր դրանց, իսկ ահա տնտեսական առումով նա եկել է որոշակի անակընկալի և պահանջվում է որոշակի ժամանակ, իրավիճակը հասկանալու համար: Բոլոր դեպքերում այն, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է խորհրդարանի ընտրությանը մասնակցելուց և խոսում իրավիճակի փոփոխության «երիտասարդական» տարբերակի մասին, վկայում է, որ նա իր համար անբերենպաստ,բոլոր առումներով անհարմար հրապարակային քաղաքական դերակատարումից կարծես թե աստիճանաբար անցում է կատարում դեպի ստվեր:

Իհարկե բարդ է ասել, որ ստվերային դերակատարման առումով նա եղել է ավելի արդյունավետ: Ի վերջո տասը տարի նա փորձում էր հենց այդպես պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, բայց անհաջող և անգամ ստվերային քաղաքականությունից էլ նա հեռացավ՝ 2017 թվականի ընտրությունից առաջ, հայտրարելով, որ չի ուզում մասնակցել «փողի գերակայությամբ» գործընթացին: Պարզապես ստվերում Ռոբերտ Քոչարյանը թերևս ոչ թե ունի ավելի մեծ հաջողության, այլ գուցե ավելի պակաս անհարմարության հույք, քան հրապարակային քաղաքականության դաշտում:

Ռոբերտ Քոչարյանը «Բլումբերգ»-ին տված հարցազրույցում հերթական անգամ անդրադարձել է իր քաղաքական ապագային: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ցանկանում է աջակցել քաղաքական համակարգում  հավասարակշռության ակտիվ ձևավորմանը:

Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում դա անել, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանել է.

«Դառնալ դրա մասնակիցը, առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դա կարող է լինել և անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում. դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է»։

Նա հավելել է, որ ամենակարևորն իր  համար այն էր, որ չի կարելի հեռու մնալ տեղի ունեցող իրադարձություններից։ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք իր համար ինքնանպատակ չի եղել։ «Ես անցել եմ ամենաբարձր պաշտոններով, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ կարող է երազել։ Եվ այս դեպքում դա ինձ համար ինչ-որ նոր, այսպես ասած՝ չտեսնված բան չէ, որին ձգտելու ուժգին ցանկություն լինի»,-նշել է ՀՀ երկրորդ նախագահը։

Spread the love
  • 21
    Shares