Սերժ Սարգսյանը հարգանքով է մոտեցել Գևորգ Կոստանյանի հայտարարությանը

Kostanyan Gevorg

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը Եվրամիության դատախազությունում աշխատանքի առաջարկ է ստացել և մտադիր է այն ընդունել: Կոստանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես մի քանի անգամներ տարբեր տարիներ առաջարկություն եմ ստացել տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Այս փուլում այդ առաջարկն ուժի մեջ է: Եվ ես ամենաուշը մինչ դեկտեմբերի 15-20 պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ: Եվրամիության դատախազությունում աշխատանքի անցնելու առաջարկ է դա: Բայց մինչ դա դատախազության կազմավորման աշխատանքները լինելու են մյուս տարվանից: Եվ որպեսզի դրան մասնակից լինես, պետք է առնվազն Եվրոպայի խորհրդում գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայում ներգրավված լինես: Եվ այս առաջարկությունն իմ կողմից ընդունվել է»,-ասաց Կոստանյանն ու հավելեց`իր վերջնական որոշումը կհայտնի մինչ դեկտեմբերի 15-20-ը:

Կոստանյանը նշեց` ներքաղաքական դաշտում մեջ իր դիրքորոշումը դրա հետ կապ չունի: Գևորգ Կոստանյանն օրեր առաջ հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, որ պատրաստ է օժանդակել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը: Նա Փաշինյանին որակել էր ազնիվ և պարկեշտ մարդ:

«Ինձ շատ դժվար է մեղադրել անսկզբունքայնության մեջ հիմնավոր կերպով, իսկ անհիմն շատ բաներում կարելի է մեղադրել: Սա՝ մեկ: Երկրորդ՝ էստեղ սկբունքայնության շեղման ընդհանրապես դրսևորում չկա մի քանի պատճառներով: Ընդհանրապես, ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որևէ առնչություն երբևէ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստն ու կայունության երաշխիքը դա հենց ծառայությունն է պետությանն ու հայրենիքին: Եվ ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ էլ շեղվելու: Եթե որևէ մեկը դա կարող է դիտարկել շեղում, ես հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելուց հետո իր հասցեին հնչող մեղադրանքներին:

Ըստ նրա՝ ինքն իր որոշումը ներկայացրել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին, թեև կուսակցական չէ, և Ս.Սարգսյանը հարգանքով է ընդունել այն. «Ես եղել եմ թիմի անդամ և մնում եմ թիմի անդամ»:

Please follow and like us:
18642