«Սևերը» ևս գոհունակությա՞մբ են ընդունել բարիկադների ապամոտաժումը, ե՞րբ կերևան օգտագործված «շինանյութերը»

- in Կեղտոտ լվացք

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ բարիկադների ապամոնտաժում է հայտարարվել: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ապամոնտաժման ժամանակն է: Ապամոնտաժման ժամանակ երեւում են օգտագործված «շինանյութերը»:

Շինարարական գլխավոր «քարը» քրեական գործերն ու բացահայտումներն էին, որոնցով խաղից դուրս բերվեցին առավել օդիոզ եւ վտանգավոր հակառակորդներն ու մրցակիցները: Դրանցից մեկը մարտի 1-ի գործն էր, որի շրջանակում ձերբակալվեցին Ռոբերտ Քոչարյանը եւ Յուրի Խաչատուրովը: Չնայած դա առայժմ չօգնեց բացահայտել մարտի 1-ի գործը, սակայն երկու կարեւոր խաղացող չեզոքացվեցին: Ռոբերտ Քոչարյանը դարձավ «շարքային ընդդիմադիր», որում նա նախատում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովին, նրա ճանապարհը Հայաստանի քաղաքականություն ընդհանրապես փակվել է:

Մարտի 1-ի գործով չեզոքացվեց նաեւ Հովիկ Աբրահամյանը: Նրա ձեռնարկությունում գտնված զինանոցն անմիջապես «կապվեց» մարտի 1-ի գործի հետ: Օրերս «բարիկադների ապամոնտաժման» շրջանակում հայտնի դարձավ, որ հայտնաբերված զենքը կապ չունի մարտի 1-ի հետ: Հովիկ Աբրահամյանի եղբորը բաց թողեցին, բայց նրա հնարավոր մասնակցությունը քաղաքական գործընթացներին արդեն կարելի է փակված համարել:

Քրեական գործերից կառուցված բարիկադ դրվեց նաեւ Տարոն Մարգարյանի, այլ հանրապետականների առաջ: Սակայն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը խոստացել է Տարոն Մարգարյանի վրայից հանել պատասխանատվությունը, եթե հատուցի Երեւանի հիմնադրամին հասցված վնասը:

Փաստացի, բարիկադների ապամոնտաժումն սկսվել է քրեական գործերից: Արթուր Վանեցյանն անգամ խոստովանել է, որ Կոնգրես հյուրանոցը Քոչարյանի կողմից 6 միլիոն դոլար կաշառքով ձեռքբերելու հայտարարությունը հիմնված էր ոչ թե փաստերի, այլ էմոցիաների վրա: Փաստացի, Վանեցյանը բարիկադներից հանել է եւս մեկ աղմկոտ կոռուպցիոն գործ:

Պետք է նկատել, որ այս բոլոր գործերը հասարակական կարծիքի վրա հսկայական ազդեցություն են ունեցել: Քաղաքագիտությունում դա կարող է գնահատվել որպես հասարակական կարծիքի մանիպուլյացիա, սակայն Հայաստանում հասարակությունն անգամ սեփական կարծիքի մանիպուլյացիային ներողամտորեն է վերաբերվում, եթե դա պետք է նախկին իշխանությանը պատժելու համար:

Նախկին իշխանության դեմ ատելության ու մերժման բարիկադն այնքան հզոր էր, որ հասարակության համար դժվար է անմիջապես վերադասավորվել ու սիրել «սեւերին»: Դրանով է պայմանավորված Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակման դեմ բողոքը:

«Սեւերը» եւս գոհունակությամբ են ընդունել բարիկադների ապամոտաժումը. Ռիա Նովոստիին Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցը կտրուկ տարբերվում է նախկին հայտարարություններից: Նա անգամ գովում է Նիկոլ Փաշինյանին եւ խոսում դրական սպասումների մասին: Ըստ երեւույթին, եկել է նրա անձնագիրը վերադարձնելու ժամանակը:

Spread the love
  • 20
    Shares