Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

- in Ընտրություններ

Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած քննարկումներից հետո հանձնաժողովն ընդունել է Հայաստանի ժողովրդի՝ երկրում խաղաղ ճանապարհով փոփոխություններ իրականացնելու որդեգրած եղանակը և աջակցություն հայտնել դրան:

Այս մասին նշված է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունում, որը տեղադրված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական էջում:

«Ընդունում ենք Հայաստանում ստեղծված յուրահատուկ իրավիճակը, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել: Ողջունում ենք այն, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերանայել Ընտրական օրենսգիրքը՝ համապատասխան միջազգային չափանիշներին»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են:

Ողջունվում են այն քայլերը, որոնք ուղղված են քվեարկության իրավունքի իրականացմանն, ինչպես նաև դիտորդների իրավունքների բարելավմանը, մամուլի հասանելիության ընդլայնմանը և, ընդհանրապես, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը, ընտրակեղծիքների դեմ պայքարին:

«Ողջունում ենք ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացումը` համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի առանցքային առաջարկի»,- նշվում է հայտարարությունում:

Ողջունվում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների իրականացումը, մասնավորապես `

– Ընտրական շեմերի և ընտրական գրավի վերադարձման շեմերի նվազեցումը և ընտրական գրավի կրճատումը:

– Դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման ժամկետների կրճատումը, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների կանխարգելումը, օրինակ` դրանց քանակը սահմանափակելու հնարավորությունը:

– Երաշխավորում է զինվորականների ազատ քվեարկության երաշխիքի ապահովումը:

Հայտարարության մեջ նաև վերահաստատվում են Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրական համակարգում տեղի ունեցող խոշոր փոփոխությունների, այդ թվում՝ ռեյտինգային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող տարվա ընթացքում:

«Այդ վերապահումների կարևորությունը նվազում է, եթե քաղաքական ուժերի միջև այդ փոփոխությունների վերաբերյալ ձեռք բերված համաձայնություն կա»,- նշվում է հայտարարությունում:

Spread the love