Փաշինյանը գուցե այդ ժամկետով «որսը» հանում էր «բնից»

- in Հրապարակ

Վարչապետի խոսնակ Արման Եղոյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին հրաժարական չի ներկայացնի: Այդ հարցը ծագել էր «Ֆրանս 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում վարչապետի հայտարարությունից հետո, որ մինչև հոկտեմբերի 16-ը հրաժարական կտա, և դեկտեմբերի 9-10-ին կլինի արտահերթ ընտրություն:

Արմեն Եղոյանն ասել է, որ հրաժարականի օրը կախված է մի շարք հարցերից, որոնց ուղղությամբ այժմ աշխատանք է կատարվում: Եղոյանը բացատրել էր, թե «Ֆրանս 24»-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, խոսելով 16-ի մասին, նկատի է ունեցել դեկտեմբերին արտահերթ ընտրության օրվա համադրությունը՝ 9-10, և եթե այդ օրերին պետք է լինի ընտրությունը, ապա հրաժարականը պետք է լինի մինչև 16-ը, իսկ եթե ընտրությունը դիտարկվի մի քանի օր, ապա հրաժարականն էլ մի քանի օր «կտեղափոխվի»:

Մի բան, իհարկե, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս երաշխավորված չի համարում այն, որ իր հրաժարականից հետո չի լինի որևէ անսպասելի զարգացում: Այլ կերպ ասած՝ ռիսկերը, որ անկասկած կան, չեզոքացված չեն, և հետևաբար վարչապետի հրաժարականը կապված է լինելու այն հանգամանքի հետ, թե երբ կչեզոքացվեն ռիսկերը: Այստեղ մեկ այլ հարց է ծագում. արդյո՞ք այս ընթացքում առաջացել են չնախատեսված հանգամանքներ, կամ չնախատեսված երկարել է որոշակի ռիսկերի չեզոքացման գործընթացը: Որովհետև վերջին հաշվով ինչպիսի բացատրություն էլ տրվի, այդուհանդերձ «Ֆրանս 24»-ի հետ զրույցում խոսվել է շատ կոնկրետ ժամկետների շրջանակում, և դա իհարկե իր ազդեցությունն է թողել հանրային ընկալումների ու սպասումների վրա, ըստ այդմ՝ պետք է պատասխանատու լինել այդ ամենի համար:

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Փաշինյանը պարզապես մանևրում է, և որքան էլ հրաժարականը սպասելի, այդուհանդերձ այն պետք է լինի որոշակիորեն անսպասելի և չհայտարարված կամ, ավելի շուտ, չազդարարված: Ավելին, չի բացառվում նաև, որ «Ֆրանս 24»-ի հետ զրույցում խոսելով կոնկրետ ժամկետներով՝ Նիկոլ Փաշինյանն իրականում քաղաքական մանևր է արել, այսպես ասած՝ յուրօրինակ «հետախուզություն»՝ ստեղծելով իրադարձությունների զարգացման արագացման տպավորություն և այդպիսով գուցե ստիպելով որոշակի ռիսկերի բացահայտմանը կամ նաև հենց բացահայտման գործընթացի արագացմանը:

Այլ կերպ ասած՝ Փաշինյանը գուցե այդ ժամկետով «որսը» հանում էր «բնից»: Հաջողվե՞լ է դա նրան, և ներկայումս այն աշխատանքները, որոնց մասին խոսում է վարչապետի խոսնակը, այդ, այսինքն՝ նոր բացահայտված կամ ամբողջապես բացահայտված ռիսկերը չեզոքացնելո՞ւ ուղղությամբ են, թե՞ այդուհանդերձ իսկապես առաջացել են նոր հանգամանքներ: Եվ որտե՞ղ են դրանք՝ ներսո՞ւմ, թե՞ դրսում:

Spread the love
  • 26
    Shares