Փաշինյանը ձևավորում է լավագույն «հավաքական դաշինքը» կամ յուրօրինակ «երազանքի թիմ»

- in Հրապարակ

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն ասել է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը ՔՊ դաշինքային մասնակցությունը կենթադրի նաև անձանց ներգրավում, որոնք եղել են «բարիկադների» մյուս կողմում:

Հետաքրքիր է, որ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ՔՊ այլ անդամներ հաճախ են սկսել խոսել այդ մասին: Դա ակնհայտորեն ոչ պոպուլյար քայլ է և խոսակցություն ու հատկանշական է, թե ինչու է ՔՊ-ն գնում դրան, լավ պատկերացնելով, որ դա կարող է բերել հասարակական որոշակի դժգոհության և անվստահության: Արդյո՞ք ՔՊ-ն այնքան ինքնավստահ է, որ անգամ այդ դժգոհության պարագայում չի կասկածում իր անվերապահ հաղթանակին, թե՞ այստեղ կարող է տեղ ունենալ առաջին հայացքից նույնիսկ տարօրինակ մի վարկած՝ որ ՔՊ-ն նույնիսկ կարող է անել այդ ոչ պոպուլյար քայլերը իր անվերապահ, ճնշող հաղթանակը, այսպես ասած, օպտիմալ հաղթանակի վերածելու և խորհրդարանի արտահերթ ընտրությանը մյուս մասնակիցների համար էլ «տեղ բացելու» նպատակով:

Իհարկե, այդ վարկածը կարող է թվալ փոքր-ինչ երևակայական, սակայն, այդուհանդերձ, այստեղ կա բավականին լուրջ ռեզոն: Ի վերջո, խորհրդարանի երկու երրորդից ավելի ձայն իշխանությունն ունենալ չի կարող: Մեկ երրորդը պետք է լինի ընդդիմություն: Բայց կա ընդդիմության ձայն հավաքելու խնդիրը: Եվ այստեղ ոչ պոպուլյար քայլերը իշխանության օգնությունը կարող են լինել ընդդիմությանը, երբ միանգամից լուծվում է երկու հարց: Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանը հստակորեն մերժել է գործարքների և «դաբրոների» քաղաքականության կիրառումը: Այդպիսով, մի կողմից, իշխանությունը լուծում է կադրային խնդիր, իսկ պրոֆեսիոնալ կադրերի խնդիր Նիկոլ Փաշինյանի թիմն ունի անկասկած, և մյուս կողմից՝ նա այդպիսով խաղալու դաշտ է բացում ընդդիմության համար՝ հաշվի առնելով, որ թավշյա հեղափոխությամբ օբյեկտիվորեն զրկել է մյուս ուժերին խաղի հնարավորությունից: Սա որպես, այսպես ասած, «էկզոտիկ վարկած»: Մյուս կողմից, եթե դիտարկենք իրականությունը հակառակ ծայրից, ապա բարիկադների միջև խտրականություն չենթադրող ցուցակ կազմելով Նիկոլ Փաշինյանը կարող է ստանալ նաև այլ էֆեկտ, այսինքն` հանրային ավելի մեծ վստահություն, եթե ներառի, այսպես ասած, բոլոր «առողջ ուժերին»:

Սա չի նշանակում, իհարկե, որ դուրս մնացողներն ու այլ ցուցակներ մտնողներն անառողջ են, բայց պայմանականորեն կիրառելով այդ բնորոշումը փորձենք դիտարկել այն իրավիճակը, երբ Փաշինյանը ձևավորում է լավագույն «հավաքական դաշինքը» կամ յուրօրինակ «երազանքի թիմ», իհարկե, դարձյալ խիստ պայմանականորեն: Բոլոր դեպքերում՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը ընտրության է գնալու դաշինքով և առանց, այսպես ասած, բարիկադային խտրականության, առնվազն վկայում է, որ նա գիտակցում է թիմի խնդիրը, այդ բառի լայն իմաստով: Գիտակցում է և չի փորձում կուսակցականացվել, ինչը անխոս դրական է: Միևնույն ժամանակ դա նշանակում է, որ ընտրարշավը կբացառի սև-սպիտակի արմատական հռետորաբանությունը, ինչը ևս ողջունելի է հեղափոխականից քաղաքական տրամաբանության անցման տեսանկյունից, որը ներկայիս գերակա խնդիրն է քաղաքական զարգացումների տրամաբանության տեսանկյունից:

Ի վերջո, այստեղ շատ կարևոր է, որ հենց Նիկոլ Փաշինյանից գան քաղաքական ձևավորվող մրցակցության, այսպես ասած, որակական-գաղափարական նոր նշաձողերի սահմանումները, քաղաքական մրցակցության իսկ մեկնարկից բարձր նշաձողի սահմանումը: Այդ իմաստով ճիշտ կլինի, թերևս, որ հասարակությունն էլ սահուն դուրս գա սև-սպիտակ տրամաբանությունից և անցում կատարի արդեն որակ-անորակ պայմանական տրամաբանության, դրանով նաև իր հերթին իշխանությանը դնելով որոշակի պահանջների առաջ: Իսկ, ընդհանուր առմամբ, կիրառվող մոտեցումն ունի, իհարկե, մի շարք մոտիվներ՝ սկսած հենց կադրային խնդրից, ինստիտուցիոնալ հիշողության խնդրից, մինչև, իհարկե, պետական կառավարման համար քաղաքական պատասխանատվությունը:

Վերջին հաշվով, եթե Նիկոլ Փաշինյանը կատարում է որևէ ոչ պոպուլյար նշանակում կամ ներգրավում, ապա դրանով առաջին հերթին հարվածում է իրեն, ոչ թե հասարակությանը: Մյուս կողմից, հանրային արդյունքի համար հասարակությունը պահանջելու է նրանից, հետևաբար պետք է թերևս որոշակիորեն լոյալ վերաբերի կադրային քաղաքականությանը, եթե, իհարկե, չկան ծայրահեղ աղաղակող նշանակումներ:

Spread the love
  • 12
    Shares