«Փուչիկներ, չոփիկներ, տրուբա… Ջոգի՞ր, ջիգյա՛ր». Զինված խմբի պարագլխի առողջական վիճակը վատացել է, դատական նիստն ընդհատվեց

- in Իրավունք
Banda

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն  վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ անդադար հետաձգումներից հետո կարծես թե սկսեց շարունակվել Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի,Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Այս գործով կալանքի տակ մնացել է միայն մեկ ամբաստանյալ՝ խմբի անդամներ ու զենք հավաքագրող և խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը:

Մնացած ամբաստանյալներն ազատության մեջ են: Դատարանի դահլիճում, որտեղ նախկինում նստելու տեղ չէր լինում, հիմա ազատ են ամբողջ շարքեր: Ուղեկցող ու կարգ պահպանող ոստիկանների մեծ խումբ չի նստում դահլիճում, լրատվամիջոցների հետաքրքրությունը ակնհայտորեն նվազել է:

Դատական նիստի սկզբից մեղադրողները շարունակեցին մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից՝ գաղտնալսված հեռախոսազրույցների հրապարակումը:

Խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի մի քանի հեռախոսազրոյւյցները հրապարակվեցին Լիլիթ Թ.-ի ու գյումրեցի Հակոբ Հ.-ի հետ:

Առաջինի հետ խոսակցությունը ինչ-որ չափով անձնական բնույթ էր կրում, նաև՝ Արթուր Վարդանյանը կազմակերպական հրահանգներ էր տալիս:

Հակոբ Հ.-ն արդեն դատվել է Արթուր Վարդանյանի պատվերով զենք հայթայթելու, նրան փոխանցելու համար:

Նրա ու Արթուր Վարդանյանի հեռախոսային հրապարակված խոսակցությունները վերաբերում էին զենք-զինամթերքի խմբաքանակ ձեռք բերելուն, որի համար Արթուր Վարդանյանը պատրաստ էր վճարել 6500 դոլար:

Խոսակցության ընթացքում զենք-զինամթերքը «ապահովության համար» այլ բառերով էին անվանվում՝ «փուչիկներ, չոփիկներ, լուցկու պաչկեք, տրուբա և այլն:

Հակոբ Հ.-ն Արթուր Վարդանյանի հետ խոսելիս նրան անվանում էր՝ «ջիգյար», տեղեկցնում էր,  որ «փուչիկներից» հնարավոր է՝ 11 հատ լինեն, իսկ «յաշիկովը» ոչ թե  350 դոլար արժի, այլ՝ 350 հազար դրամ՝ «ջոգի՞ր»:

Արթուր Վարդանյանը հրահանգներ էր տալիս Հակոբին. «Ամեն ինչը թող պատրաստի՝ իրանց զապասով: Եթե ժանգոտ պտի ըլի, չոփերը պտի չլեն, ինձ պետք չի, ինձ պետք ա՝ ամեն ինչով, իրանց զապասով… Մի քանի լուցկու պաչկա եթե չեղավ՝ կջղայնանամ… Չեմ էլ ուզում՝ գին գցեմ, բայց ամեն ինչ տեղը տեղին պտի ըլի…»:

Պետք է ասել, որ խմբի անդամները, հատկապես նախկին ազատամարտիկները, հեգնանքով էին լսում նախկին պարագլխի կարգադրողական ոճի խոսակցությունները, իսկ ընդմիջման ժամանակ նրա հասցեին ոչ փաղաքշական արտահայտություն էին անում…

Հեռախոսային խոսակցություններից մեկի հրապարակումը կիսատ թողնելով՝ նախագահող դատավորը դատական նիստը սկզբում «ուղիղ հինգ րոպեով ընդմիջեց» կալանքի տակ գտնվող Արթուր Վարդանյանի խնդրանքով, նա դատավորին տեղեկացրեց, որ լավ չի զգում, կարիք ունի կարճ ժամանակով դահլիճից դուրս գալու:

Երբ նիստն ընդմիջվեց, մի քանի րոպե անց պարզվեց, որ միջանցքում վատ է զգացել ամբաստանյալներից՝ Հարություն Սարիբեկյանը՝ «Զիմը»: Կարգադրիչները շտապօգնություն էին հրավիրել:

Մինչ շտապօգնության ժամանումը պարզվեց, որ բժշկական օգնության կարիք ունի նաև Արթուր Վարդանյանը:

«Ուղիղ հինգ րոպեով» ընդմիջված նիստը վերսկսվեց հետաձգվելու համար՝ նախագահող դատավորը Արթուր Վարդանյանի շահերի պաշտպաններին տեղեկացրեց, որ դատարանը դիմելու է ՔԿՀ՝ Արթուր Վարդանյանի առողջական վիճակի հետազոտություն անցկացնելու հարցով, քանի որ սա առաջին նիստը չէ, որ հետաձգվում է՝ Վարդանյանի վատառողջության պատճառով:

Պետք է ասել, որ այս գործով դատարանի դահլիճում ակներև է առաջիկա Համաներման սպասումը: Միգուցե Համաներման ընդգրկումն այնպիսին է լինելու, որ ավելո՞րդ է քրեական գործով ձեռք բերված ու մեղադրանքի հիմքում դրված ապացույցների հետազոտման ձանձրալի գործընթացը: Բոլորը սպասում են այս գործից ձերբազատվելուն: Ազատ ամբաստանյալները՝ հիմնականում երիտասարդները, արդեն զբաղվում են աշխատանքի և ուսման հարցերով: Կյանքը շարունակվում է…

Spread the love