Քաղաքացիները կասեն՝ Ռոբերտ Քոչարյանի տեղը քաղաքականությունը չէ, այլ քրեակատարողական հիմնարկը

- in Սոցիալական

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է, որ մտադիր է Հայաստանում ստեղծել ընդդիմադիր կուսակցություն, հավաքել նոր թիմ, նոր մարդիկ և լցնել այդ առումով ընդդիմադիր դաշտի վակուումը:

Թերևս դժվար չէ կռահել հանրության արձագանքը այդ մտադրությանը՝ նկատի ունենալով ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դերակատարման որևէ հեռանկարի հանդեպ հանրային կոշտ, արմատական արձագանքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում քաղաքացիների ցանկացած խումբ իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ և ստեղծել կուսակցություն: Եվ այստեղ, իհարկե, հասկանալի է վարչապետի պատասխանի ֆորմալ բնույթը և մոտիվը:

Միաժամանակ, նաև հասկանալի է հասարակության արմատական արձագանքների մոտիվը և պատճառը: Սակայն այստեղ թերևս կա սկզբունքային խոսակցության անհրաժեշտություն, որտեղ էականը նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի անձը չէ:

Կասկած չկա, որ հազարավոր, տասնյակ և գուցե հարյուր հազարավոր քաղաքացիներ կասեն, որ Ռոբերտ Քոչարյանի տեղը քաղաքականությունը չէ, այլ քրեակատարողական հիմնարկը՝ հաշվի առնելով նրա նախագահության տարիների մի շարք դրվագներ: Սակայն խնդիրը բոլորովին այդ ամենը չէ, և հարկ է այս հարցում մի պահ վերանալ անձնավորումից և արձանագրել, որ բուն հարցն այն է, թե ընդհանրապես քաղաքականությունը ինչ բովանդակությամբ է լցվելու նոր Հայաստանում, հին Հայաստանը վերջնականապես անցյալ դարձնելու համար:

Այստեղ է խորքային հարցը, որովհետև կարելի է իքսին, իգրեկին և այլոց ընդհանրապես արգելել զբաղվել քաղաքականությամբ, սակայն դա հարցի մի կողմն է միայն, որովհետև հարցի մյուս կողմն այն է, թե ի վերջո՝ ով պետք է զբաղվի քաղաքականությամբ և ինչպես պետք է զբաղվի նոր Հայաստանում: Այս հարցը չի նշանակում, որ քանի դեռ չկա այդ հարցի պատասխանը, ով ասես պետք է և կարող է զբաղվել զուտ այդ բառի, այսպես ասած, ոչ ֆորմալ իմաստով, որովհետև ֆորմալ իմաստով իրապես կարող են զբաղվել բոլորը:

Բուն հարցը այստեղ այն է, որ հնի ճանապարհը պետք է փակել ոչ թե վարչահրամայական տրամաբանությամբ, այլ նոր բովանդակությամբ կամ բովանդակային նորով: Որովհետև հինն արգելափակելը հարցի մի կողմն է, բայց հարցի մյուս կողմն է նաև նորը ստեղծելը, և եթե հասարակությունն ի զորու չի լինելու կարճ ժամանակում սկսել ստեղծել այնպիսի էֆեկտիվ, մրցունակ նորը, որպեսզի որևէ մի հին այլևս, ունենալով անգամ մեծ ցանկություն, ռեսուրս և անգամ ֆորմալ իրավունք, այդուհանդերձ, անկարող լինի գտնել քաղաքականությամբ զբաղվելու տեղ և իմաստ, ապա դա արդեն ինքնին խնդիր է և բավական տարողունակ խնդիր, քան Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կուսակցություն ստեղծելը:

Ավելին՝ խնդիրը հենց դա է, ոչ թե երկրորդ նախագահի քաղաքական կամ կուսակցական որևէ հավակնություն:

Spread the love