Քոլեջի շրջանավարտները համալրում են Արմավիրի մարզի առողջապահության ոլորտը

«Արմավիրի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը հիմնադրվել է 1996 թվականին,  գործել է քույրական, մանկաբարձական, ատամնատեխնիկական բաժինները: Լիցենզիա է տրվել նաև դեղագործական բաժնի համար, միակ բաժինն է, որն ունի հեռակա ուսուցում, տարածաշրջանի համար պատրաստում են բուժքույրեր, մանկաբարձներ, ատամնատեխնիկներ, արդեն նաև դեղագործներ և բուժական կոսմետոլոգներ: Քոլեջում այսօր սովորում են 225 ուսանողներ:

«Արմավիրի պետական բժշկական քոլեջ»-ի աշխատանքները՝ 2016 թվականից ղեկավարում է փորձառու մանկավարժ, 1958 թ. Հոկտեմբերյան քաղաքում ծնված Արամ Խաչատրյանը: Ավարտել է Հայկական մանկավարժական ինստիտուտը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է դպրոցից՝ ուսուցիչ, փոխտնօրեն, տնօրեն, այնուհետև տեղափոխվել է միջնակարգ մասնագիտական կրթության համակարգ, 2016 թ. մրցույթով ընտրվել է քոլեջի տնօրեն:

Պարոն Խաչատրյան, այս ուսումնական տարում ավագ դպրոցի շրջանավարտնեից շատե՞րն են դիմել քոլեջ ընդունվելու համար:

Այս տարի 12 ամյա կրթությամբ շրջանավարտների թվաքանակը հանրապետությունում քիչ էր և նույնիսկ ԲՈՒՀ-երի մեծ մասը կիսով չափ է կարողացել ընդունելություն կատարել: Չնայած դրան 12 ամյա կրթությամբ 20 դիմորդներ ընդունվել են մեր քոլեջ, Արմավիրի մնացած քոլեջների հետ համեմատած այս ցուցանիշը լավ է: Իսկ հիմնական կրթության բազայով այնքան էլ վատ չէր, խմբերը ամբողջական առումով կարողացանք ձևավորել:

Տեղյակ ենք, որ քոլեջը սերտ կապերի մեջ էր զորամասի հետ, այդ համագործակցությունը շարունակվո՞ւմ է:

Մեր զորամասի հետ համագործակցութուն, այցելություններ ունեցել ենք, սակայն պաշտոնական ձևակերպում չի ստացել: Էրեբունի բժշկական քոլեջին նախարարությունը հատկացնում է 10 տեղ, որպեսզի շրջանավարտները բանակում ծառայեն բուժեղբայր, իսկ մարզերի քոլեջներում սովորողներին նման տեղեր չեն հատկացվում: Կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ մարզերին էլ 3-4 տեղ հատկացվեր, այն կնպաստեր տղաների ուսումն այս ձևով շարունակելուն: Օրինակ՝ այս տարի մի տղա ընդունվել է քույրական գործ բաժինը, եթե ավարտելուց հետո հնարավորություն տրվի բուժեղբայր ծառայելու, ավելի շատ դիմորդներ կլինեն:

Բուժքույրերի պահանջարկ կա, երբ զրուցում էի զորամասի հրամանատարի հետ ասաց, եթե լինեն ցանկացողներ մեզ մոտ բուժքույր աշխատելու, իրենք կօգտվեն զինվորականին տրված բոլոր արտոնություններից, աշխատանքը շատ ավելի անվտանգ կլինի և կստանան բարձր աշխատավարձ:

Ուսումնական պրակտիկան, որտե՞ղ են անցկացնում ուսանողները:

Մեր բուժքույրական, մանկաբարձական բաժինների ուսանողները իրեց պրակտիկան անցկացնում են հիվանդանոցում և պոլիկլինիկայում, դեղագործական բաժինը՝ դեղատներում, իսկ բուժական կոսմետոլոգիայի բաժինը նոր է, արդեն պայմանագիր ենք կնքել կոսմետոլոգիական 2 սրահների հետ: Ես պայմանագիր ունեմ մեր հիվանդանոցի հետ, գործնական պարապմունքները անցկացնում են տեղի բժիշկները, այսինքն կրթություն տալու հետ մենք բացարձակ խնդիր չունենք:

Մենք նաև օգնում ենք մեր շրջանավարտներին աշխատանքի տեղավորման հարցով: Քոլեջում գործում է կարիերայի կենտրոն և սերտ կապերի մեջ է զբաղվածության կենտրոնի հետ և ցանկացած թափուր աշխատատեղ՝ մեր ոլորտի հետ կապված իմանում ենք, մեր շրջանավարտներին ուղղորդում ենք աշխատանքի:

Ո՞րն է, քոլեջի հետ կապված, առաջնային լուծում պահանջող խդիրը:

Մեր քոլեջի թիվ մեկ խնդիրը՝ շենքային պայմաններն են, տարեկան 1,3 մլն դրամ վարձ ենք վճարում քաղաքապետարանին: Քաղաքում ունենք դպրոցներ, որոնք դատարկ են, թիվ 1 ավագ դպրոցը ունի մի քանի մասնաշենք, նախատեսված են 1700 աշակերտների համար, այսօր 200 աշակերտ է սովորում, եթե շենքը տրամադրեն քոլեջին, 2-3 տարվա վարձավճարով ամբողջությամբ կվերանորոգենք և կունենանք մեր մասնաշենքը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի մարզադահլիճ:

Նոյեմբերին կկայանա 2018-2019 ուսումնական տարվա հեռակա՝ դեղագործություն բաժնի առաջին կուրսի ընդունելությունը, միջնակարգ կրթությամբ:

Մանվել ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Spread the love
  • 18
    Shares