Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն «վերադարձը» ընդհատելու և «հետադարձ» սկսելու մասին

- in Կեղտոտ լվացք

«Ես չգիտեմ՝ որքան կարող է պետությունների ղեկավարների միջեւ քիմիա գոյություն ունենալ, այն դժվար չափելի է: Ոչ մի քիմիա չի ստիպի նախագահին հետ կանգնել իր ազգային շահից», ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը որպես օրինակ բերել է Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի հետ Պուտինի հարաբերությունը, թե անձնական, թե պետական դաշտում, երբ Շրյոդերը դեռեւս կանցլեր էր:

Հայաստանի հանրության դիտանկյունից սակայն Պեսկովի հայտարարությունը ավելի ուշադրության է արժանանում մեկ այլ օրինակով, Կոմերսանտ թերթին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի օրինակով: Այդ հարցազրույցում Քոչարյանը բավական հանգամանալից խոսել էր իր եւ Պուտինի անձնական հարաբերության մասին, դրան տալով իհարկե ոչ ֆորմալ, բայց քաղաքական կատեգորիայի իմաստ: Իսկ այդ անձնական հարաբերության ձեւավորման մասին հարցին ի պատասխան էլ նա հայտարարել էր, որ չի կարող բացատրել՝ «դա քիմիա» է:

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն «վերադարձի» հենց սկզբից խաղադրույք էր կատարել հենց Պուտինի հետ անձնական հարաբերության հանգամանքի վրա: Այդ հարցում առանցքային դրվագ էր Պուտինից ծննդյան օրվա առիթով շնորհավորանք կորզելը, որը Հայաստանի հանրությունն ընկալեց իբրեւ սենսացիա, իսկ նոր իշխանության ընդդիմախոսները սկսեցին անթաքույց գեներացնել տրամադրություն կամ մտայնություն, որ Պուտինը աջակցեց Քոչարյանին, եւ Նիկոլ Փաշինյանը դեռ կտեսնի:

Ժամեր անց նույն Պեսկովի մեկնաբանությունը, որ հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Քոչարյանի հանդեպ հետապնդման հարցը, այսինքն անձնական հարաբերությունից դուրս չեն քննարկել որեւէ քաղաքական հարց, մատնվեց անուշադրության:

Այժմ փաստորեն ՌԴ նախագահի խոսնակը իհարկե այլ առիթով, սակայն արձանագրում է կարեւորագույն մի տարր: Միջազգային հարաբերություններում լիդերների միջեւ անձնական հարաբերություններն անշուշտ ունեն նշանակություն, սակայն միջպետական հարաբերության հիմքում դրանք չեն եւ լինել չեն կարող, որովհետեւ անգամ բռնապետները այսպես ասած միայն իրենցով բռնապետ չեն լինում եւ նրանք ներկայացնում են համակարգի շահ եւ չեն կարող այդ շահը ստորադասել որեւէ մեկի հետ անձնական հարաբերությանը:

Ըստ այդմ, հայ-ռուսական հարաբերության, Հայաստանում տեղի ունեցող որեւէ գործընթացի առումով Պուտինը չէր կարող առաջնորդվել Քոչարյանի քիմիայով, եթե անգամ այդ քիմիան զգացել էր ոչ միայն Քոչարյանը, այլ նաեւ ինքը:

Պուտինը պետք է առաջնորդվեր Ռուսաստանի պետական շահով, իսկ այդ շահը ներկայում չափազանց բարդ մարտահրավերների առաջ է, որոնցում այն ունի Հայաստանի կարիքը, որքան էլ դա տարօրինակ թվա հայաստանյան հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական որոշ շրջանակների: Ինքնուրույն, դիմադրունակ, ինքնիշխան քաղաքականություն իրականացնող Հայաստանը ներկայում անհրաժեշտ է տարատեսակ խաղաքարտերից զրկվող Ռուսաստանին, որը գտնվում է գրեթե չորս կողմից ճնշումների ռեժիմում:

Դա է նաեւ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների եւ դրանցում լրջագույն վերափոխումների պատմական հնարավորության առանցքային նախադրյալներից մեկը:

Միեւնույն ժամանակ, դա ակնհայտորեն տեսանելի եւ հասկանալի է դառնում նաեւ Ռոբերտ Քոչարյանի համար, եւ գուցե նույնիսկ ավելի հասկանալի դառնում է հենց նրա համար, քան այն շրջանակների, որոնք շարունակում են որեւէ հույս կապել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանում հին համակարգ փրկելու հետ:

Ռոբերտ Քոչարյանը ՌԻԱ Նովոստիին տված վերջին հարցազրույցում ակնհայտորեն ժուժկալ էր Ռուսաստանի ուղղությամբ շեշտադրումների եւ Մոսկվային Նիկոլ Փաշինյանի հանդեպ իր հավատարմային առավելությունները ցուցանելու հարցում: Եվ ավելին, մինչ այդ ֆորմատի հարցում դեռեւս չկողմնորոշված եւ այդ առումով թերեւս Ռուսաստանին խորհրդի առաջնայնություն թողնող Ռոբերտ Քոչարյանը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտարարեց, որ  կուսակցություն է ստեղծում, բայց ինքը չունի որեւէ պաշտոնի հավակնություն, այլ փնտրելու է երիտասարդ, նոր դեմքեր:

Այլ կերպ ասած, Քոչարյանը պարզապես հայտարարեց քաղաքականություն «վերադարձը» ընդհատելու եւ «հետադարձ» սկսելու մասին, երիտասարդ նոր դեմքերին առաջարկելով իր «փոխարեն» քաղաքականությամբ զբաղվելու իր հովանավորությունը՝ կուսակցության տեսքով: Երկրորդ նախագահը չստացավ այն բլից էֆեկտը, որն ակնկալում էր քաղաքականություն վերադարձի մասին հայտարարելիս: Միաժամանակ նա չի կարող արագ հեռանալ, ինչպես արագ եկել էր: Ըստ այդմ ընտրվում է դանդաղ եւ սահուն, թավշյա հեռանալու տարբերակը:

Spread the love
  • 18
    Shares