Քոչարյանն իհարկե ընդդիմություն լինելու առումով նկատի ունի հենց Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինելը

Ռոբերտ Քոչարյանը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է ստեղծել կուսակցություն, որը կզբաղեցնի, իր գնահատմամբ, ընդդիմադիր դաշտում առաջացած լուրջ վակուումը:

Երկրորդ նախագահը փաստորեն ձեռնոց է նետում Հայաստանի խորհրդարանի ընտրությանը մասնակից բոլոր ուժերին՝ բացառությամբ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությանը կամ դաշինքին:

Ֆորմալ իմաստով Քոչարյանն իհարկե ընդդիմություն լինելու առումով նկատի ունի հենց Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն լինելը, սակայն բանն այն է, ինչպես ցույց է տվել նաև իրավիճակը, Ռոբերտ Քոչարյան ընդդիմությունը միայն ուժեղացնում է Նիկոլ Փաշինյանին և թուլացնում մնացյալ բոլոր այն ուժերին, որոնք հավակնում են միջնաժամկետ հեռանկարում դառնալ նոր իշխանության ընդդիմություն և հինգ տարի անց հավակնել խորհրդարանի ընտրությամբ իշխանությունը վերցնելուն: Ռոբերտ Քոչարյանը այդպիսով իրականում դառնում է ընդդիմություն ՀՀԿ-ին՝ նայած, թե այդ կուսակցությունից ինչ կմնա կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում, ընդդիմություն է դառնում ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և մի շարք այլ ուժերի:

Այստեղ առանձնահատուկ իրավիճակ կարող է լինել «Սասնա ծռերի» մասով, որովհետև Քոչարյանի քաղաքական որևէ հայտ հանրության շրջանում ակտիվացնում է ռադիկալ տրամադրությունները, Նիկոլ Փաշինյանին ուղղված առավել կոշտ գործելու պահանջները: Ժամանակի ընթացքում այդ տրամադրությունների վրա կարող է խաղալ «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը հայտնի է նախորդ համակարգի ապամոնտաժման հարցում առավել կոշտ և անզիջում մեթոդների և տեմպի կողմնակից լինելով:

Այդ տեսանկյունից որքան քաղաքական կյանքում, այսպես ասած, որևէ դեր ունենալու հավակնի Ռոբերտ Քոչարյանը, առավել ևս ընդդիմադիր կենտրոն լինելու դեր, այդքան փաստորեն հանրության լայն շրջանակներում կարող է բարձրանալ նախկին համակարգի հանդեպ առավել կոշտ մեթոդաբանությամբ ուժի պահանջարկ: Համենայնդեպս, առաջանում է այդ հեռանկարը կամ այդ մթնոլորտի հավանականությունը: Իսկ այդ համատեքստում ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հայտով, այսպես ասած, ձեռնոց նետելով նոր իշխանությանն ընդդիմություն լինելու հավակնող գործնականում բոլոր ուժերին՝ բացառություն կդառնա որպես քաղաքական ուժ կամ կուսակցություն «Սասնա ծռերի» քաղաքական ապագայի համար՝ հանրության շրջանում խթանելով նրանց մեթոդաբանության պահանջարկ:

Որովհետև ավելի հավանական է, որ այս դեպքում, հիասթափվելով Նիկոլ Փաշինյանից, հանրության առնվազն մի մեծ մաս գնա ոչ թե ընդդիմադիր Քոչարյանի հետևից, այլ նախկին համակարգի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշման կողմնակից «Սասնա ծռերի»:

Spread the love