11-ամյա աղջկա գլուխը ջնջխվել է. ԱԻՆ աշխատակցի մասնակցությամբ մահացու վթարի գործով հրապարակվել են կարևոր փաստաթղթեր

- in Իրավունք
vtar

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ տևական ընդմիջումից հետո շարունակվեց 2017 թվականի աշնանը Աճառյան փողոցում ԱԻՆ աշխատակցի ու սլավոնական համալսարանի ուսանողի մասնակցությամբ տեղի ունեցած ծանր վթարի գործի դատական քննությունը:

Այս ողբերգական պատահարի արդյունքում 11-ամյա դպրոցական աղջնակ է մահացել, իսկ երեխայի հարազատները, որ նույն մեքենայի մեջ էին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ամբաստանյալի աթոռին երկու Հակոբյաններ են՝ ո՛չ բարեկամներ:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի սեպտեմբերի 5-ին 27-ամյա Լևոն Հակոբյանը՝ ԱԻՆ հրշեջ-փրկարար, իրեն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի, տրանզիտային համարանիշով ավտոմեքենայով Երևանի Աճառյան 42 շենքի մոտ ճանապարհի չթույլատրված հատվածում հետադարձ է կատարել, խոչընդոտել է սահմանված թույլատրելի արագության գերազանցումով նույն ուղեմասով ընթացող՝ 23-ամյա Արթուր Հակոբյանին պատկանող, նրա վարած «HUMMER H2» մեքենայի երթևեկությանը, ինչը և դարձել է սարսափելի ավտովթարի պատճառ:

Արթուր Հակոբյանը վտանգավոր իրավիճակի պատճառով անսպասելի փոխել է շարժման ուղղությունը, մեքենան դուրս է բերել հանդիպակաց գոտի, որտեղ ընդհարվել է սկզբում «Օպել», ապա «Նիսան» մեքենաներին:

«Օպելի» 11-ամյա ուղևորուհի Լարիսա Մ.-ն տեղում մահացել է՝ երեխայի գլուխը կտրվել է իրանից, երեխայի ծնողներին պատճառվել են ծանր ու միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Վթարից հետո փրկարար Լևոն Հակոբյանը առանց կանգ առնելու հեռացել է դեպքի վայրից, գնացել է իր աշխատավայրը, այնուհետև փրկարարների հետ ներկայացել է դեպքի վայր ու ոչինչ չի հայտնել կատարվածի մասին:

Այն բանից հետո, երբ դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի նկարահանած նյութերի ուսումնասիրությունից պարզվել է վթարի ամբողջ պատկերը, հանրությունն աղմուկ է բարձրացրել, Լևոն Հակոբյանը ոստիկանական մեքենայով ներկայացվել է ոստիկանություն:

Տուժողները Արարատի մարզի Ոստանիկ գյուղից են:

Հրշեջ –փրկարար Լևոն Հակոբյանը միջնակարգ կրթություն ունի, նրա խնամքին են 3 և 5 տարեկան մանկահասակ երեխաներն ու չաշխատող կինը:

Արթուր Հակոբյանը դեպքի պահին Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող էր:

Արթուր Հակոբյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, Լևոն Հակոբյանին՝ 242 հոդվածի 2-րդ մասով և 244 հոդվածով՝ նաև՝ պատահարի վայրը թողնելու համար:

Մահացած երեխայի ընտանիքում այս տարվա մայիս ամսին տղա է ծնվել: Ընտանիքում մեծանում է ևս մի զավակ՝ 8 տարեկան…

Երկու ամբաստանյալների նկատմամբ դատարանը ավելի վաղ կիրառել էր գրավ՝ 1-ական միլիոն դրամի չափով, նրանք արդեն ազատության մեջ են:

Դատական այս նիստի սկզբում դատարանը հրապարակեց այն չորս վկաների ցուցմունքները, որոնց ներկայությունը դատարանում հնարավոր չի եղել ապահովել, չնայած դատարանը ձեռնարկել է բոլոր միջոցները:

Վկա Անդրանիկ Մ.-ն հայտնել է, թե դեպքի պահին իր «Ռենջ Ռովեր» մեքենայով Աճառյան փողոցով ընթանում էր դեպի Աբովյան քաղաք: Տեսել է, որ ճանապարհի կենտրոնով անվադող է գլորվում: Հասկացել է, որ մոտակայքում վթար է եղել: Առջևում տեսել է երեք վթարված մեքենա, մոտեցել է վթարված «Օպելին», որի հետևի նստատեղին աղջիկ երեխայի դիակ կար: Անմիջապես զանգել է շտապօգնություն և փրկարար ծառայություն: Փրկարար ծառայություն առաջինն ինքն է ահազանգել:

Մոտակա բենզակայանում որպես լիցքավորող աշխատող Արթուր Ղ.-ն բուն վթարից րոպեներ առաջ գտնվել է մոտակա խանութում: Նա վերադարձել է բենզակայան ու տեսել է երեք մեքենաների բախումը: Դեպքի վայրում սպիտակ «Հոնդա» չի տեսել:

Բենզակայանի երկրորդ աշխատակիցը՝ Էրիկը, տեսել է, որ բենզակայանին է մոտեցել սպիտակ «Հոնդան», այդ մեքենայից իջած անձնավորությունը շշով 1-1,5 լիտր բենզին է գնել: Հետո վկան զբաղված է եղել այլ մեքենա լիցքավորելով, հանկարծ ուժեղ հարվածի ձայն է լսել՝ մեքենաներ են բախվել: Այդ ժամանակ սպիտակ «Հոնդան» արդեն հեռացել էր:

Վկա Մհեր Հ.-ն փրկարար ծառայության աշխատող է եղել՝ վարորդ-փրկարար: Դեպքի օրը նա հերթապահության մեջ էր: Կեսօրին ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցում մեքենաներ են վթարվել, գնացել է դեպքի վայր: Այնտեղ տեսել է իր ծառայակից Լևոն Հակոբյանին, ով մասնակցում էր փրկարարական աշխատանքներին: Այնուհետև իրենք մեկնել են Բյուրական՝ ծառայությունը շարունակելու: Լևոնն իրենց հետ է եղել: Ավելի ուշ ինքը տեսել է, որ ոստիկանական սպիտակ մեքենայով Լևոնին տարել են:

Դատարանն անցավ գործում առկա փաստաթղթերի հետազոտությանը:

Դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված էր, որ վթարի վայրում արգելակման հետքեր չեն եղել: Դպրոցական երեխայի դիակը գտնվել է «Օպել» մեքենայի հետևի նստատեղի ձախ կողմում՝ նստած վիճակում…

Սպիտակ «Հոնդայի» վրա, ըստ մեքենայի զննության արձանագրության, դեպքի հետ կապված վնասվածքներ, հետքեր չեն հայտնաբերվել:

Իրեղեն ապացույց է ճանաչվել դեպքի վայրի մերձակա գազալցակայանի տեսագրող սարքի տեսանակարահանած նյութը, որտեղ տեսագրված են վթարին նախորդող գործողությունները, վթարը: Այս տեսանյութը տարածվել է համացանցում, դարձել է հանրության լայն քննարկման առարկա…

Տեսաժապավենի զննության արձանագրության հրապարակումից հետո ամբաստանյալ Լևոն Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Ժաննա Կոտիկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ճիշտ է, իր պաշտպանյալը թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջի խախտում՝ անթույլատրելի տեղում է շրջադարձ կատարել, սակայն նրա կատարած խախտման պահին ճանապարհի այդ ուղեմասով մեքենաներ չեն երթևեկել: Ըստ պաշտպանի՝ իր պաշտպանյալը կատարել է լոկ վարչական իրավախախտում:

Ըստ պաշտպանի՝ երբ Լևոն Հակոբյանը «կորագիծ էր մտնում», այդ ժամանակ մեքենաներ չեն եղել, «Համերը» հետո է հայտնվել, հետևաբար ելակետային տվյալներում նշվածը, թե Լևոն Հակոբյանի վարած մեքենան հայտնվել է «Համերի» տեսադաշտում և արգելք է հանդիսացել «Համերի» երթևեկության համար, իրականությանը չի համապատասխանում: «Փաստվում է, որ Լևոնի կողմից հետադարձ կատարելուց հետո է «Համերը» հայտնվում»,- ասաց պաշտպանը: Նախագահող դատավորը արձագանքեց. «Ձեր մեկնաբանությունը մի քիչ անհասկանալի է… Եթե «Հոնդան» կանգնած չլիներ «Համերի» ճանապարհին, «Համերն» ուղիղ չէ՞ր գնալու»:

Պաշտպանը պարզաբանեց, որ իր կարծիքով՝ իր պաշտպանյալը «խախտում թույլ տալու ժամանակ վստահ է եղել, որ այլ մեքենաներ չկան», նա՛ չի դարձել երեք մեքենաների բախման պատճառ…

Հրապարակվեցին դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները:

Վթարի ժամանակ մահացած աղջնակի մոտ արձանագրվել է գլխի վնասվածքային հատում՝ գլխատում՝ գլխի ջնջխումով… Գլխի վրա բացակայել են ակնագնդերը, քիթը, ականջները…

Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ հնարավոր չէ որոշել՝ ինչ արագությամբ են ընթացել «Օպել» և «Նիսան» մեքենաները, իսկ «Համերի» արագությունը եղել է ճանապարհի այդ հատվածում թույլատրելի 70 կմ/ժ-ից ավելի:

Ըստ վթարի ելակետային տվյալների, որ ամրագրել է քննիչն ու հիմք է ընդունել փորձագետը, «Համերի» համար վտանգն առաջացել է «Հոնդա» մեքենայի կողմից կորագծով դեպի ձախ երթևեկելու պահից, երբ «Համերի» վարորդի համար «ակնհայտ է դարձել, որ «Հոնդայի» վարորդը ոչ թե շարքի վերադասավորում է կատարում, այլ՝ շրջադարձ…»:

Ըստ դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության՝ «Հոնդայի» վարորդ Լևոն Հակոբյանը բաժանարար հոծ գծի առկայության պայմաններում կորագծով դեպի ձախ է մանևրել՝ ճանապարհը չզիջելով այդ ուղեմասով ուղիղ ընթացող «Համերին» և խոչընդոտ է ստեղծել «Համերի» ընթացքի համար:

«Համերի» վարորդ Արթուր Հակոբյանը ստիպված է եղել անսպասելի փոխել մեքենայի արագությունն ու ուղղությունը, ինչը հանգեցրել է ծանր վթարի:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ «Հոնդայի» վարորդ Լևոն Հակոբյանը թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ՝ նա բաժանարար հոծ գծի առկայության պայմաններում պետք է ձեռնպահ մնար հետադարձ կատարելուց, հետադարձ կատարեր միայն թույլատրելի վայրում…

Ըստ փորձագիտական եզրակացության՝ «Հոնդայի» վարորդի կողմից պատահարի վայրից հեռանալը ենթակա է իրավական գնահատականի…

Ըստ փորձագիտական եզրակացության՝ «Համերի» վարորդ Արթուր Հակոբյանն ընթացել է թույլատրելի արագության գերազանցումով, եթե նա արագությունը չգերազանցեր, նույնիսկ ստեղծված պայմաններում տեխնիկական հնարավորություն կունենար ժամանակին արգելակում կատարելու, բայց դրա փոխարեն նա մանևրել է դեպի ձախ, մուտք է գործել հանդիպակաց երթևեկելի գոտի ու ընդհարվել է այդ գոտիով երթևեկող մեքենաներին: Վերջիններս տեխնիկական ոչ մի հնարավորություն չեն ունեցել վթարը կանխելու:

Ըստ փորձագիտական եզրակացության՝ «Համերի» վարորդը պետք է չգերազանցեր թույլատրելի արագությունը և պիտի ձեռնպահ մնար դեպի ձախ մանևրելուց…

Ամբաստանյալ Արթուր Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Վազգեն Թադևոսյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ քննիչը նամակով փորձագիտական կենտրոն է ուղարկել վթարի ելակետային տվյալներ, որոնք գործով ձեռք բերված ապացույցներից չեն բխում, դրանց վրա չեն հիմնվում: Քննիչը, որպես ելակետային տվյալ, փորձագետին պարտադրել է հետևյալը՝ «Հոնդայի» կողմից շրջադարձ կատարելու ամենասկզբից «Համերի» վարորդի համար ակնհայտ է եղել, որ «Հոնդան» կատարում է ոչ թե շարքի վերադասավորում, այլ՝ շրջադարձ…

Պաշտպանը տարակուսեց՝ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել, որ «Հոնդայի» կողմից շրջադարձ կատարելու ամենասկզբից «Համերի» վարորդը հայտնաբերել է «Հոնդան» ու ավելին՝ նրա համար «ակնհայտ է եղել», որ «Հոնդայի» վարորդը հենց շրջադարձ է կատարում…

«Համերի» համար վտանգն առաջանալու պահը պարզելու վերաբերյալ քննիչը սկզբում հարց է ուղղել փորձագետին, հետո կատարել է վթարը պատկերող տեսանյութի լրացուցիչ զննություն և այդ զննության արձանագրության վրա չհիմնվելով՝ նամակով ելակետային տվյալ է հաղորդել փորձագետին: Տեսանյութի զննությամբ չի արձանագրվել «Համերի» վարորդի համար «Հոնդայի» վարորդի կատարած գործողությունների ակնհայտությունը…

Քննիչի տված ելակետային տվյալից ստացվում է, որ «Հոնդայի» վարորդ Լևոն Հակոբյանը ձախ մանևր կատարել է երթևեկելի առաջին գոտուց, և հենց այդ պահից «Հոնդայի» վարորդի գործողությունն «ակնհայտ է դարձել» «Համերի» վարորդ Արթուր Հակոբյանի համար, ինչն իրականությանը չի համապատասխանում: «Հոնդան» շրջադարձը սկսել է ոչ թե առաջին գոտուց, այլ՝ կողնակից: Վթարը պատկերող տեսանյութը մի քսան անգամ նայելուց հետո միգուցե ակնհայտ է դառնում, որ «Հոնդայի» վարորդը շրջադարձ է կատարում, բայց նրա այդ մտադրությունը չէր կարող ակնհայտ լինել «Համերի» վարորդի համար, ում կողմից «Հոնդան» հայտնաբերելը, այն շրջանցելով՝ ձախ մաևր կատարելը ակնթարթներ է տևել՝ ասաց պաշտպանը…

Պաշտպանը նշեց, որ քննիչն իր նամակով «կաշկանդել է փորձագետին», քննիչն է որոշել՝ երբ է վտանգն առաջացել «Համերի» համար, ըստ այդմ՝ որոշվել է վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն ունենալու հարցը: Եթե քննիչը փորձագետին ելակետային տվյալ է տվել, որ «Համերի» համար վտանգն առաջացել է վթարից 7 վայրկյան առաջ, ապա, ըստ պաշտպանի, իր տատիկն էլ եղած բանաձևով կարող է որոշել «Համերի» անցած ճանապարհը: Քննիչի տված ելակետային տվյալով ստացվում է՝ եթե ընդունենք, որ «Համերն» ընթացել է 70 կմ/ժ արագությամբ, ապա «Համերի» վարորդը խաչմերուկ հասնելուց դեռ 70 մետր էլ առաջ պիտի որ նկատած լիներ «Հոնդան»՝ այն դեպքում երբ խաչմերուկում մեքենաներ էլ կային կանգնած…

Ըստ պաշտպան Վազգեն Թադևոսյանի՝ քննիչի տված ելակետային տվյալները կանխորոշել են այս գործի ելքը: Նախաքննության ընթացքում քննիչը մերժել է իրենց բոլոր միջնորդությունները, նա ցուցմունք չի վերցրել իր պաշտպանյալ Արթուր Հակոբյանից, չնայած վերջինս պատրաստ է եղել ցուցմունք տալու և պարզաբանելու: Արթուր Հակոբյանը ցուցմունք է տվել միայն նախաքննության ավարտին, երբ փորձաքննությունները կատարված-ավարտված էին, մինչդեռ քննիչի ու փորձագետի համար կարող էր էական նշանակություն ունենալ նրա տված ցուցմունքը:

Պաշտպանն ասաց, թե միջնորդելու է, որ դատարանը հարցաքննի փորձագետներին, իսկ եթե կարիքն առաջանա՝ նաև՝ քննիչին:

Ամբաստանյալ Լևոն Հակոբյանի շահերի պաշտպան, փաստաբան Ժաննա Կոտիկյանը նույնպես անհամաձայնություն հայտնեց քննիչի տված ելակետային տվյալների վերաբերյալ: Նա առարկեց նաև իր գործընկերոջ՝ Վազգեն Թադևոսյանի դիտարկումների դեմ:

Պաշտպանն ասաց, թե համամիտ չէ քննիչի արձանագրած այն տվյալի հետ՝ իբր «Հոնդայի» վարորդը չի զիջել իր ուղեմասով ուղիղ ընթացող «Համերին»: Պաշտպանը նորից կրկնեց՝ իր պաշտպանյալը, այո, շրջադարձ է կատարել չթույլատրված տեղում, սակայն շրջադարձ կատարելու սկզբնական փուլում «Համերը» չի եղել, հետևաբար՝ «Համերին» զիջելու մասին խոսք լինել չի կարող… Իր պաշտպանյալը տվյալ վթարի առաջացման պատճառ չի եղել, նա արդեն կիսով չափ կատարել էր շրջադարձը, երբ հայտնվել է «Համերը»… Ըստ պաշտպանի՝ Լևոն Հակոբյանը տեխնիկապես զրկված է եղել վթարը կանխելու հնարավորությունից: Տվյալ դեպքում միայն «Համերի» վարորդ Արթուր Հակոբյանը վթարը կանխելու հնարավորություն կունենար, եթե խաչմերուկից սկսած՝ նվազեցներ իր մեքենայի արագությունն ու արգելակեր…

Հաջորդ դատական նիստին դատարանը կհետազոտի իրեղեն ապացույց ճանաչված լազերային կրիչը՝ վթարը պատկերող տեսանյութը…

Spread the love
  • 16
    Shares