«Ազատամարտիկների դաշինքը» կսատարի ոչ թե իշխանություններին, այլ հեղափոխությանը

- in Ընտրություններ
Gagik Melqonyan

Համապետական բոլոր ընտրություններում ազատամարտիկները մշտապես մասնակցություն ունեցել են: Խորհրդարանական արտահերթ ընտրությունները ևս բացառություն համարել չի կարելի, քանի որ ազատամարտիկների մեծ մասը տարբեր կուսակցությունների են անդամակցում ու զերծ մնալ դրանից դժվար թե կարողանան:

«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Գագիկ Մելքոնյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը իրենց դաշինքով նիստ են գումարելու՝ հստակեցնելու մասնակցության ձևաչափը և այլ մանրամասներ: Մելքոնյանի խոսքով՝ իրենց դաշինքի շատ պատգամավորներ կուսակցական են ու ազատ են ռեյտինգային ընտրակարգով իրենց թեկնածությունը դնելու ու մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Մելքոնյանը նշեց՝ որևէ սահմանափակում այդ առումով չունեն:

Իսկ դաշինքի մեկ այլ անդամ՝ ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշում է կայացվել՝ եթե ռեյտինգայինով առաջադրվողներ լինեն, որևէ արգելք չի լինի: «Ով որ կուսակցությունից ուզի՝ կարող է: Բայց դեռ նախնական ոչինչ չկա, ոչ մեկի հետ պայմանավորվածություն չկա, բայց առաջարկություններ տարբեր կողմերից եղել են: Ովքեր կուզենան՝ կարող են մասնակցել պայքարին»,- ավելացեց Ռազմիկ Պետրոսյանը:

Հարցին՝ շարունակո՞ւմ եք աջակցել և սատարել գործող իշխանություններին, Պետրոսյանն ասաց՝ ոչ թե իշխանություններին, այլ հեղափոխությանը: «Մենք աջակցում ենք, որ հեղափոխության հաղթանակն ամրագրվի: Մեր հիմնական նպատակը եղել է հեղափոխությունից հետո հեղափոխության հաղթանակը ամրագրելը: Այն ուժերը, ովքեր դեմ են եղել հեղափոխությանը, հաստատ այդ ուժերի հետ չենք լինելու»,- մանրամասնեց ազատամարտիկը, ապա ռեյտինգային համակարգով իր առաջադրման մասին ասաց՝ եթե Ապարանի տարածքում ժողովրդի մեջ պահանջ լինի, կմասնակցի, եթե չլինի, չի մասնակցի:

Spread the love