Անմիջական կապ Վրաստանում ՆԱՏՕ օդանավակայանի ստեղծման հետ չկա

- in Միջազգային
Inqnatir

Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վազիանիում կկառուցվի ռազմական օդանավակայան՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծման շրջանակում: Ըստ նրա, օդանավակայան կառուցելու առաջարկը Վրաստանինն է, որն արժանացել է ԱՄՆ պաշտպանության նախարարի հավանությանը:

Վրաստանում ՆԱՏՕ ուսումնական կենտրոնը թերեւս լինելու է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմակայան Կովկասում, դե ֆակտո: Դրա համաձայնությունը Վրաստան-ՆԱՏՕ ձեւաչափում ձեռք բերվեց եւ որոշումը կայացվեց մի քանի տարի առաջ:

Ռազմական օդանավակայանի կառուցումը ցույց է տալիս, որ ծրագիրը ենթադրելու է նաեւ ռազմական ավիացիայի շոշափելի բաղադրիչի առկայություն:

Հայաստանի զինուժը առաջիկայում կարող է համալրվել ռազմական նոր օդանավերով, Հայաստանը ծրագրում է բազմաֆունկցիոնալ ավիացիայի զարգացում, համարելով, որ դա համարժեք է Հայաստանի անվտանգային խնդիրներին ռազմավարական հեռանկարի առումով:

Անշուշտ, անմիջական կապ Վրաստանում ՆԱՏՕ օդանավակայանի ստեղծման եւ Հայաստանի զինուժում բազմաֆունկցիոնալ ավիացիայի ձեւավորման հեռանկարի միջեւ չկա: Սակայն երկու այս զուգահեռ զարգացումները պետք է դիտարկել ռեգիոնալ անվտանգության համակարգի տրանսֆորմացիայի փուլում:շ

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանում հայտարարել էր ամերիկյան սպառազինության մատակարարման հնարավորության մասին: Դա խորքային առումով ոչ այնքան ռազմա-տեխնիկական, որքան ռազմա-քաղաքական բնույթի հայտարարություն էր եւ արձանագրում էր Հայաստանի տեղն ու դերը ռեգիոնալ անվտանգության համակարգի ամերիկյան ռազմավարական պատկերաշարում:

Միեւնույն ժամանակ, այս հայտարարությունը նախորդել էր ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի քվոտայի առիթով առերեսմանը, որ կազմակերպել էր Հայաստանը անդամների միջեւ: Բոլթոնի հայտարարությունը Երեւանի նախաձեռնելիք այդ առերեսմանն ընդառաջ վարչապետ Փաշինյանի ձեռքը տված խաղաքարտ էր, որին թերեւս դեմ չէր նաեւ Ռուսաստանը, քանի որ ՀԱՊԿ-ում ռուսական դիրքերի վրա բելառուս-թյուրքական գրոհին հակազդելու ՌԴ եզակի խաղաքարտերից մնացել է Հայաստանն իր ռազմա-քաղաքական ինքնիշխանությամբ ու այլընտրանքով:

Ռեգիոնալ անվտանգության առումով ընտրություն չի մնացել Ռուսաստանին, եւ Մոսկվան այդ համակարգում իր դերակատարության ռազմավարական հեռանկարի առումով կարող է պայմանավորվել միայն ԱՄՆ հետ, որն ունի ոչ թե Ռուսաստանին Կովկասում ոչնչացնելու, այլ կառուցողական ռեժիմի բերելու խնդիր: Համենայն դեպս ակնառու է, որ ԱՄՆ-ն առայժմ Մոսկվային առաջարկում է այդ տարբերակը՝ թյուրքական գործոնին անխուսափելիորեն պարտվելու փոխարեն:

Այդ համատեքստում, աշխատանքային հարթակներից մեկը կարող է դառնալ Վազիանիի ռազմական օդանավակայանը՝ ՆԱՏՕ ուսումնական կենտրոնի շրջանակում: Այն ըստ ամենայնի կդառնա ռեգիոնալ անվտանգության նոր համակարգի եւ հարաբերակցության ինտեգրացիոն հարթակ:

Spread the love