Ապրիլի 23-ից հետո Սերժ Սարգսյանին «պաշտում» են հանուն վրեժխնդրության

- in Կեղտոտ լվացք

ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը հայտարարում է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում անձի պաշտամունք է, ինչն անթույլատրելի է:

Խիստ դիտարժան է, երբ ՀՀԿ-ականը խոսում է անձի պաշտամունքի անթույլատրելիության մասին: Կամ, ավելի շուտ, այդ մասին խոսելու իրավունք ունի թերեւս մեկ ՀՀԿ-ական՝ Դավիթ Հարությունյանը, որը բացառիկ էր այն առումով, որ այդպես էլ չխոսեց Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» մասին եւ գործնականում միակն էր կուսակցության առաջատար դեմքերից, որ վարչապետի վերաբերյալ հարցերին պատասխանում էր, թե ունեն մի քանի թեկնածուներ, եւ որոշումը կբխի ժամանակից ու իրավիճակից:

Բայց անձի պաշտամունքի անթույլատրելիության մասին խոսում է ոչ թե Դավիթ Հարությունյանը, այլ Սամվել Նիկոյանը: Մյուս կողմից, դա նաեւ հասկանալի է: Հենց Նիկոյանը թերեւս ավելի լավ կարող է զգացած լինել դրա վտանգավորությունը, ու նաեւ նրանք, ովքեր եղել են Նիկոյանի, ոչ թե Հարությունյանի դիրքերում:

Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» մեխանիկան ՀՀԿ համար դարձավ ճակատագրական: Եթե Սերժ Սարգսյանը չլիներ վարչապետի ՀՀԿ թեկնածուն, ապա կասկած չկա, որ չէր ստացվի թավշյա հեղափոխության գործընթաց, կամ հեղափոխությունն առնվազն կհետաձգվեր մի քանի ընտրական ժամկետով:

Բայց ՀՀԿ-ն միահամուռ, բացառությամբ Հարությունյանի, շեփորում էր Սերժ Սարգսյանի «անփոխարինելության» մասին: Սերժ Սարգսյանն ընդհուպ այսօր հայտարարվում է ՀՀԿ ցմահ նախագահ, կամ այն ժամանակ հայտարարվում էր կուսակցական ընտանիքի հայր, եւ այլն:

Այդուհանդերձ, հենց պաշտամունքի դիրքերից հանդես եկող ՀՀԿ-ականները թերեւս կարող են որեւէ քաղաքական, առավել եւս իշխող ուժի խորհուրդ տալ սեփական մաշկով քաղած դասից: Անձի պաշտամունքը թվացյալ հարատեւության փոխարեն բերեց իշխանության անսպասելի կորստի:

ՀՀԿ-ն հենց դրա համար նաեւ չի կարողանում ներել Սերժ Սարգսյանին, ու եթե մինչ ապրիլի 23 նրան «պաշտում» էին հանուն իշխանության, ապա 23-ից հետո արդեն նրան «պաշտում» են հանուն վրեժխնդրության, չներելով այն հուսախաբությունը, որ նա պատճառեց իրենց:

Ի վերջո, նրանք իսկապես ունեին ընտրության հնարավորություն, սկսած Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Հովիկ Աբրահամյան եւ Կարեն Կարապետյան, ծայրահեղ դեպքում՝ Վիգեն Սարգսյան: Բայց հետեւողականորեն մերժել են բոլորին, Սերժ Սարգսյանից բացի, ինչի հետեւանքը եղավ այն, որ ՀՀԿ-ն կանգնեց փաստի առաջ:

Spread the love