«Առանց կաշառքի չենք կարողանում հատել սահմանը»․ Վերին Լարսից հայ վարորդներն ահազանգում են

- in Սոցիալական
Lars

Նոյեմբերի 11-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահման մի քանի կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել:

Վերին Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդները Shamshyan.com-ի հետ զրույցում ասել են. «Արդեն 3-4 օր է՝ անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք՝ ինչ անենք, ում դիմենք: Անգամ սննդի կարիք ունենք… Ռուս սահմանապահները մեքենաների հերթն առաջ գցելու համար գումար են պահանջում: Միայն այս եղանակով է հնարավոր դուրս պրծնել էս դժոխքից»:

Խնդրի շուրջ հետաքրքիր է Վրաստանի դիրքորոշումը: Իշխող կուսակցության նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հետ զրույցում Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիան» բարձրացրել է նաև Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ հարցը: Նախագահի թեկնածուն ընդգծել է, որ առկա իրականության մեջ այլընտրանքային ճանապարհ ունենալն անհավանական է:

«Հասկանալի է, որ Լարսի այլընտրանքային ճանապարհը բխում է Հայաստանի տնտեսական շահերից, սակայն մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք մեր՝ Վրաստանի շահերը: Այսօր մեր երկու շրջաններն օկուպացված են Ռուսաստանի կողմից, չկան դիվանագիտական հարաբերություններ: Այս պահին բացառվում է Ռուսաստանի հետ այլընտրանքային ճանապարհ բացելու գաղափարը: Ապագայում՝ տեսնենք»: