Արսեն Թորոսյանը կառաջադրվի Կենտրոնում, իսկ բուժհիմնարկներում ստուգումները շարունակվում են

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 4 ընտրատեղամասում, որը ներառում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արսեն Թորոսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է ձայներ հավաքելու, նա պատասխանեց. Հաստատ ոչ ընտրակաշառքով: Դիտարկմանը, որ ինքը շրջադարձային փոփոխություններ չի արել, ինչու պետք է մարդիկ իրեն ձայն տան, նա պատասխանեց. Շրջադարձային չեն եղել, բայց էական փոփոխություններ եղել են, որոնք շարունակական են լինելու:

Հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել, Արսեն Թորոսյանը պատասխանեց. Ընտրապայքարի մեջ մտնելու համար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը շատ ձայներ բերելու համար է արվում: Իսկ ընտրություններից հետո արդեն կորոշվի՝ ով է կառավարությունում պաշտոնավարելու, ով Ազգային ժողովում:

Իր առաջադրվելը, ըստ նախարարի, ոչ թե պահանջ է եղել, այլ քաղաքական որոշում: Թորոսյանը նաև հավելեց, որ ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումն ու օգտագործումը նոր Հայաստանում տեղ չունի ընտրական գործընթացների ժամանակ:

Բուժհիմնարկներում ստուգումները շարունակվում են, դրանք ինքնանպատակ չեն և շարունակական բնույթ են կրելու: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը. Այս պահին մեծերից Ուռուցքաբանության ազգային ինստիտուտում և Արմենիա ԲԿ-ում են տեղի ունենում ստուգումներ: Ստուգվում է ամեն ինչ՝ պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններ, փաստաթղթավորում, վճարումներ, ֆինանսավորում:

Արսեն Թորոսյանի խոսքով՝ չարաշահումներ եղել են, բայց այսուհետ չպետք է լինեն. Դժվար է ամփոփել, եղել են, այո, այսպես ասած՝ ոչ օրինական պրակտիկաներ, երբ որ այդպես չպետք է լիներ, եղել է գումարների փոշիացում, սխալ փաստաթղթավորում, և այսուհետ այդպես չպետք է լինի:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչու առողջապահության ապահովագրությունը խթանելու համար հարկերի նվազեցման ճանապարհով չեն գնում. Մենք մինչև 2010 թվականը, եթե նայենք առողջության ապահովագրության ծավալները, դրաք ընդամենը մի քանի տասնյակ միլիոնով կարող էինք գնահատել: 2010 թվականից այս կողմից երևի 10 կամ 20 անգամ աճել է, մենք միլիարդներով ենք գնահատում առողջության ապահովագրության ծավալները: Ի՞նչ տեղի ունեցավ 2010 թվականին, մենք ձեզ հետ միասին ընդունեցինք մի օրենք, որով տվեցինք արտոնություն, եկամտահարկից ազատեցինք ամսական մինչև 10 հազար դրամ այն վճարը, որը գործատուն կուղղեր իր աշխատակցի առողջության ապահովագրմանը: Եվ մենք լուրջ քննարկումներ ունեցանք կառավարության հետ: Ես ուզում եմ ուղղակի մեջբերել այն քննարկումը, որը ունեցանք այն ժամանակվա վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի հետ: Տիգրան Սարգսյանն ասաց՝ պարոն Բաբլոյան, դուք ուզում եք մտնեք բյուջեի գրպա՞նը: Ես ասացի՝ չէ, գրպանը չէ, կներեք, պիստոնչիկը, որը դատարկ է: Մի քանի միլիոն դրամի եկամտահարկը, նրա խոսքով, չնչին բան է այն օգուտի համեմատ, որը կարող է տալ առողջ մարդը. Երբ որ գործատուն վերանորոգում է սարքը, որը փչացած է, մենք ծախս ենք համարում: Երբ որ դպրոցում վերանորոգում ենք գրատախտակը կամ սեղանն ու աթոռը, դա ծախս ենք համարում, իսկ ինչու հիմնական գործիքը, որը, կներեք չակերտավոր ասած, տրակտորիստն է, որը հիվանդ է, ուզում ենք վերանորոգենք, բայց ծախս չենք ուզում համարել: Ինչո՞ւ մենք չենք ուզում ուսուցչին առողջացնենք, երբ նա հիվանդացել է, ուզում ենք հարկ վերցնենք: Դրա համար մենք եկանք համաձայնության, օրենք ընդունեցինք, եկամտահարկից ազատեցինք, և հիմա մի քանի միլիարդ դրամի առողջության ապահովագրություն կա արդեն:

Արա Բաբլոյանը նշեց, որ չպետք է մտահոգվել, որ կան դժվարություններ, մեր քաղաքացիների առողջությունն ամենամեծ երաշխիքն է մեր տնտեսության զարգացման համար. Եթե մենք հիմնական մեր այդ գործիքը չենք ուզում սարքին պահենք, առողջ պահենք մեր քաղաքացուն, չենք կարող ունենալ զարգացող տնտեսություն:

Արսեն Թորոսյանը Բաբլոյանին ուղղեց, որ ոչ թե եկամտահարկից են ազատվել 10 հազար դրամները, այլ շահութահարից: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հատվածական լուծումներ չեն ուզում տալ խնդրին. Ես կածում եմ, որ երբ մենք արդեն ձևավորված ունենանք ապահովագրության գաղափարը, հնարավոր է նման անդրադարձ լինի նաև հարկերը նվազեցնելու կամ բարձրացնելու առումով:

Ըստ Թորոսյանի՝ հայեցակարգը մշակվում է, նախատեսվում է, որ պարտադիր ապահովագրությունը կներդրվի 3-4 տարի անց:

Արսեն Թորոսյանը խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ նախկին ղեկավար Արա Մինասյանին չկալանավորելու դատարանի որոշմանը: Թորոսյանն ասաց, որ դատաիրավական գործընթացները չի կարող մեկնաբանել. Մեզ հետաքրքրում է միայն բուժհիմնարկների արդյունավետ աշխատանքը: Դա ընդամենը կալանքը կիրառելու որոշման հետ էր կապված, ոչ թե մեղադրանքի: Ես կարծում եմ, որ Քննչական կոմիտեն պետք է ունենա փաստեր՝ դատարան գործը ուղարկելու համար: Եթե ունենա, կուղարկի, եթե չունենա, կհատնի: Կարծում եմ՝ դրանք առավել քան բավարար են: