Գաղտնալսված նախընտրական խորհրդակցություններ ՔՊ-ում եւ ՀՀԿ-ում. lragir.am

- in Մամուլ

lragir.am-ի Ֆուտուրիստական դիտարկումների բաժին

«ՔՊ»-ում.

Նիկոլը զայրացած թափահարում է կուսակիցների կազմած ընտրացուցակը.

– Այ մարդ, բա ձեր մտքով չի անցե՞լ, որ էսքան լրագրողի ԱԺ ենք ուղարկում, բա ո՞վ պիտի ՀՀԿ-ի դեմ գրի: Թե՞ հույսներդ էլի ես եմ…

Արարատ Միրզոյանը.

– Պարոն վարչապետ, դե մինչեւ նրանց տեղը նոր լրագրողներով համալրենք, երեւի մի քիչ պիտի էդ լրատվամիջոցներին զանգերով կողմնորոշենք…

– Արարատ, անկեղծորեն զարմանում եմ, որ դու դեռ ամբողջովին չես ընկալել, թե ինչ է կատարվել Հայաստանում: Նոր Հայաստանում զանգեր այլեւս չեն լինելու: Ես ստիպված եմ հենց հիմա հրաման ստորագրել, որ բոլոր հեռախոսային օպերատորները դադարեցնեն կապի ծառայությունները, թե չէ դուք կապներդ  կկտրեք…

Ներս է գալիս օգնականը բջջայինը ձեռքին.

– Պարոն վարչապետ, պարոն Օսիպյանն է շտապ ուզում խոսել:

– Լսում եմ:

– Պարոն վարչապետ, հենց նոր օպերատիվ տվյալներ ստացա, որ Արմեն Աշոտյանն ուսապարկն ուսին սելֆիներ է անում իր ընտրատարածքում: Ի՞նչ անեմ:

– Օսիպյան, ախր քեզ էլ եմ հազար ասել, ինձ մի զանգի, քո գործն արա էլի’: Պարզ իրավիճակ է, ընտրարշավը դեռ չի սկսել… մի րոպե, ասում ես ուսապա՞րկ, սելֆի՞…

Արագ դառնում է օգնականին ու ասում.

-Մի հատ նայի տես ուսապարկս ու սելֆիիս ձողը չհրկիզվող պահարանո՞ւմ են: Չէ՞…

– Օսիպյան, դրանք ոչ միայն պետությունն են թալանել, այլեւ ինձ: Ի՞նչ… Չէ, չէ, պատերով չտաք, չփռեք գետնին, թե չէ ձողը կջարդվի… Ամեն գնով գողոնը, հատկապես ուսապարկը վերադարձրեք: Ի՞նչ, չէ, չէ, ուսապարկում ջարդվող բան չկա, բայց իշխանությունն է մեջը: Արագացրեք, հանկարծ  չտանի ուսապարկը տա Քոչարյանին…

ՀՀԿ-ում.

Ներս է մտնում Աշոտյանը զվարթ տրամադրությամբ, գլխին «Դուխով» կեպի:

Շարմազանովը.

-Արմե՞ն, էդ Կոստանդյան Գեւորգից էս թռցրե՞լ…

Աշոտյանը խորամանկ ժպտում է ու չի պատասխանում:

Ներս է մտնում Վիգեն Սարգսյանը ընտրարշավի թեզերը ձեռքին եւ դառնում Դավիթ Շահնազարյանին.

-Պարոն Շահնազարյան, ահա Ձեր մասնակցությունը մեր ցուցակով հիմնավորող թեզը: Քանի որ ՀՀԿ-ն միակ…

– Վիգեն ջան, ես իմ թեզն ունեմ, դու էս մնացած անթեզների թեզը քաշի:

– Պարոն Շահնազարյան, բայց լավ կլիներ, որ տեղյակ լինեինք, թե ինչ եք ասելու:

– Շատ պարզ բան՝ ՀՀԿ-ն ինձ դեռ 2017 թ. ընտրություններին էր տեղ առաջարկել իր ցուցակում, տեխնիկական վրիպակի պատճառով անունս դուրս էր մնացել, հիմա էլ նոր ցուցակը կազմելիս նկատել են վրիպակը եւ ուղղել, ինչը ըստ էության նոր վրիպակ է նոր ցուցակում: Բայց քանի որ հիմա սիրո եւ հանդուրժողականության ժամանակներ են, ես հանդուրժում եմ այս վրիպակը:

Գալուստ Սահակյանը նայում է Վիգեն Սարգսյանի ձեռքի թեզերի տրցակին ու միջամտում.

-Ջահելներ ջան, լավ կլինի բոլորդ նույն բանն ասեք, որ խառնաշփոթ փնթորությունով մարդկանց ընտրաջիղը չջղաձգենք:

– Գալուստ Գրիգորիչ, իսկ  ի՞նչ եք առաջարկում ասել:

– Եկեք ընտրողներին ընծայենք մեր սխալականությունը:

– Գալուստ Գրիգորիչ, մեր ժամանակը կարճ է, խնդրում եմ մի քիչ պարզ ասեք՝ հասկանանք:

– Դե դա միայն իմ մտապոռթկումը չէ, Աշոտյանն արդեն լրագրողներին ասել է, որ «մեր սխալները կարող են թանկ պաշար լինել նաև այս իշխանությունների համար»: Մենք հիմա մեր էդ թանկ պաշարով պիտի մարդկանց ընտրակաշառենք, չէ, չէ, ուզում էի ասեմ ընտրապաշարենք:

Ներկաներն սկսում են արդեն անհամբերության նշաններ ցույց տալ: Աշոտյանը հասնում է օգնության.

– Համամիտ եմ, Գրիգորիչն ուզում է ասել, որ մենք պիտի ասենք, որ մեր սխալն այն էր, որ մենք սխալներ ենք արել ու այդ սխալները սխալմամբ չենք նկատել եւ որ սխալականությունը…

Վիգեն Սարգսյանն ընդհատում է նրան.

-Չէ, այդպես չեղավ, մենք դեպի անցյալ չենք նայելու, միայն դեպի առաջ, դեպի ապագա…

Հիմա էլ Շարմազանովն է միջամտում.

– Վիգեն ջան, բա ես էդ դեպքում ո՞նց եմ վիճակագրություն մեջբերելու, դու ո՞նց ես մեր արտաքին քաղաքականությունը սրանցի հետ համեմատելու առանց հետ նայելու…

Վիգեն Սարգսյանը կարճ դադարից հետո.

-Էդ դեպքերում ըստ անհրաժեշտության պիտի շրջվենք դեպի հետ ու դեպի հետ ուղղությամբ առաջ նայենք… Իհարկե, սա դժվար է լինելու, մանավանդ, որ բոլորը չեն պատրաստ լարել իրենց ուժերը:

Այս ասելիս նա բազմանշանակ նայում է Արփինե Հովհաննիսյանի կողմը:

Արփինեն հակադարձում է.

– Վիգեն, քանի ասեմ, որ իմ խոսելիքը բարդ իրավաբանական մատերիա է, անհասու ընտրողներին…

Խոսակցությունն ընդմիջվում է զանգով: Շշուկ շարքերում.

– Սո’ւս մնացեք, Ազատի’չն է…

– Ալո՞, բարի երեկո տղաներ, կարող է շախմատի խաղատախտակս նախորդ հավաքին գրասենյակում եմ մոռացե՞լ…

Spread the love