Գործարարների միջև առկա գույքային վեճից զատ, առկա է նաև քաղաքական խնդիր

- in Տնտեսական
ara Abrahamyan

Ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ Արա Աբրահամյանի և Ռուբեն Գրիգորյանի միջև առաջացած վեճը, որը հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում և հասել մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարան, տևական ժամանակ է՝ որևէ լուծում չի ստանում։

Ռուբեն Գրիգորյանն ու Արա Աբրահամյանը «2Ն Քոմփընի» ընկերության համասեփականատերերն են և ընկերությունը տնօրինում էին հավասար սկզբունքներով։

Ռուբեն Գրիգորյանի հավաստմամբ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը փորձ է արել տնօրինել նաև ընկերության մյուս՝ իրեն պատկանող հատվածը ու, իր իսկ խոսքերով՝ դրան հասնելու համար «պատվերով քրեական գործ է հարուցվել Գրիգորյանի դեմ։ Գործարարների միջև առկա գույքային վեճից զատ, առկա է նաև քաղաքական խնդիր։ Բանն այն է, որ Ռուբեն Գրիգորյանը պարբերաբար ահազանգել է Ռուսաստանի հայերի միության կազմակերպության անգործության և կազմակերպությունը սեփական բիզնես շահերին ծառայեցնելու մասին։ Դրանից ելնելով էլ ամիսներ առաջ Ռուբեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ բացվեց նոր կազմակերպություն՝ Ռուսաստանի հայերի միավորում, որը զբաղվում է տեղի հայերի միության շահերով և ինչ-որ տեղ կոտրում Աբրահամյանի կազմակերպության մոնոպոլ դիրքերը։

Տեղեկացանք, որ տևական ժամանակ է՝ հարուցված քրեական գործը նախաքննական փուլից տեղից չի շարժվում, ընկերությունում եղել են ստուգումներ, ամբողջ օրվա ընթացքում խափանել աշխատակիցների աշխատանքը, բայց որևէ բան չեն գտել։ Ինչպես մեզ փոխանցել էր ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուրի Սեմյոնովը, իրենք «մաքուր» են աշխատում, և իրավապահները զուր ջանքեր են գործադրում։

«Առաջին լրատվական»-ին հասած տեղեկություններով՝ որոշում է կայացվել հարուցված քրեական գործը կարճել։ Մեզ հետ զրույցում Սեմյոնովը տեղեկությունը չհաստատեց՝ նշելով, որ իրենց պաշտոնապես նման ծանուցագիր չի հասել, սակայն նշեց հետևյալը. «Ես կդժվարանամ նշել, թե ինչ են անում իրավապահ մարմինները, մեզ չեն ասել, որ գործը փակված է կամ նման բան։ Համենայնդեպս, մենք օրինական բոլոր հարթակներն օգտագործել ենք, բոլոր դիմումները գրել ենք և այն, որ հիմա ոչինչ տեղի չի ունենում, յուրօրինակ պատասխան է հենց մեր կողմից իրականացված քայլերին»։

Սեմյոնովը ընդգծեց. «Մենք ենթադրում ենք, որ իրավապահ մարմինները հասկացել են այդ պատվիրված քրեական գործի անհեթեթության աստիճանը և ամբողջությամբ անհիմն լինելու փաստը»։

Spread the love