Դեռ պետք է սպասել ամերիկյան իրական քաղաքականությունը հասկանալու համար

- in Կարծիք

Տարածաշրջանում ԱՄՆ իրական քաղաքականությունը հասկանալու համար դեռ պետք է սպասել, նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ջոն Բոլթոնի հայաստանյան հայտարարությունների մասին հարցին, ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահ Սարգսյանի հայտարարությունը հատկանշական է Բոլթոնի հայաստանյան հայտարարություններից հետո հնչած արձագանքների ֆոնին: Բանն այն է, որ դրանցում ակնհայտորեն գերակշռում էր ավելի շատ մտահոգությունը, թե Բոլթոնի հայտարարությունները վկայել են Հայաստանի համար արցախյան, իրանյան, հայ-ամերիկյան ուղղությամբ մարտահրավերների և խնդիրների մասին: Միևնույն ժամանակ կային հատկանշական ասպեկտներ, որոնք հիմք էին տալիս եզրակացնել, որ այդօրինակ տրամադրությունները գեներացվում են նախորդ իշխանական համակարգի և դրան հարող շրջանակների արեալում, լիովին հասկանալի պատճառներով:

Արմեն Սարգսյանի հայտարարությունը գործնականում ուղերձ է այն մասին, որ Բոլթոնի այցից հետո արված այդ արձագանքները, որոնք ինչ-որ իմաստով նույնիսկ պարունակում էին հանրային խուճապահարության միտումներ, շտապողականություն են և հայտարարությունների, այսպես ասած, հապճեպ դիտարկումներ, որոնք իրական որևէ կապ չունեն ամերիկյան ռեգիոնալ քաղաքականության հետ: Բոլթոնի այցի հետ կապված որևէ մտահոգիչ, խնդրահարույց, հայ-ամերիկյան անհասկանալիության որևէ հանգամանքի բացակայության մասին հայտարարել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ առումով, նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը դրա կարևոր շարունակությունն է, քանի որ խնդիրը գործնականում առնչվում է շատ կարևոր մի հանգամանքի: Բոլթոնի հայտարարության արձագանքները, որ տարածում էր իշխած նախորդ համակարգը կամ դրանից մնացած շրջանակները, ոչ միայն թիրախավորել էին Հայաստանի նոր իշխանությանը՝ ի վերջո այդ մասով իշխանությունն ունի բավականին բարձր իմունիտետ և, ըստ էության, այստեղ վտանգներ չկան: Թիրախավորվում էր նաև հայ-ամերիկյան հարաբերությունը, թիրախավորվում էր Հայաստանում և ռեգիոնում ԱՄՆ քաղաքականությունը: Այն արձագանքներն ու մեկնաբանությունները, այն գնահատականները, որ գեներացվում էին ու տարածվում՝ թե՛ ՀՀԿ-ական գործիչների, թե՛ հարակից փորձագիտական, մեդիա շրջանակների միջոցով, ենթատեքստում պարունակում էին ազդակներ, որոնք հանրային գիտակցության մեջ ամերիկյան քաղաքականությունը մատուցում էին որպես հակահայկական:

Հայաստանում Բոլթոնի, նաև դրանից առաջ Ռիչարդ Միլսի հայտարարությունները՝ թե՛ Արցախի, թե՛ Իրանի առնչությամբ, մեկնաբանվում էին այնպես, որ ստեղծում էին հետևյալ տպավորությունը՝ ԱՄՆ Հայաստանից պահանջում է հայկական շահերի զիջում և դա է ռեգիոնալ քաղաքականության մեջ ԱՄՆ առանցքային նպատակը կամ նպատակներից մեկը: Ընդ որում՝ պետք է նկատել, որ այդ ազդակները զգալիորեն հասնում էին որոշակի շրջանակների, առաջացնելով, օրինակ, համոզում, թե Նահանգները Հայաստանից պահանջում են հանձնել արցախյան տարածքները, կամ պահանջելու են շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո: Ի դեպ, այդ շղթայում են նաև դիտարկումները՝ կապված ընտրությունների հետ, նաև, այսպես ասած, միջազգային ճնշման, որը, ըստ այդ շրջանակների, սպասում է Հայաստանին Արցախի հարցում: Դրա մասին, օրինակ, գրել են նաև պաշտպանության նախկին նախարար, արտահերթ ընտրությանը ՀՀԿ հավանական դրոշակակիր Վիգեն Սարգսյանը:

Այդպիսով գեներացվում է ավելի վաղ շրջանառության մեջ դրված սկզբնական միտքը, որ խորհրդարանի ընտրությունը 2019-ի գարնանից տեղափոխվել է դեկտեմբեր, այսինքն՝ արագացվել է միջազգային ճնշման արդյունքում, որպեսզի արագացվի նաև Արցախի հարցը: Ու քանի որ այդ միտքը հրապարակ է նետվել Բոլթոնի այցին, նրա և Ռիչարդ Միլսի հայտարարություններին ու դրանց տրված հապճեպ, մակերեսային գնահատականներին զուգահեռ, հասկանալի է դառնում քարոզչական ամբողջ «համալիրի» տրամաբանությունը, և դրա հետևանքը հայ-ամերիկյան հարաբերության համար, քանի որ այդ «համալիրը» ԱՄՆ-ին ներկայացնում է որպես հայկական շահերի սպառնալիք: Ահա այս առումով է, որ թե վարչապետի, թե նախագահի շուրթերից հնչող հայտարարությունները կարևոր են դառնում ոչ միայն լոկ իրականության նենգափոխում թույլ չտալու համար, այլ նաև Հայաստանի անվտանգության և զարգացման համար կարևորագույն ուղղության՝ հայ-ամերիկյան հարաբերության թիրախավորումը կանխելու համար, որ կատարվում է ընդամենը նախկին իշխանական շրջանակների, այսպես ասած, անձնական հավակնությունները կամ խմբային նկրտումները բավարարելու համար:

Այդ իմաստով նախագահ Սարգսյանի հայտարարությունը, թե դեռ պետք է սպասել ամերիկյան իրական քաղաքականությունը հասկանալու համար, պարզ ակնարկ է այն մասին, որ իրականում հապճեպ տրված գնահատականները իրականությունը չեն արտացոլում և պետք է սպասել, առաջիկայում դա տեսնելու և ներկայացվող վտանգների ֆոնի հակառակում՝ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցում ԱՄՆ դերի առարկայական կարևորությունը հասկանալու համար: Ընդ որում, այդ դերը ամենևին պետք չէ դիտարկել նաև Ռուսաստանի դերին, հայ-ռուսական հարաբերության դերին հակառակ, ինչը դարձյալ փորձ է արվել անել Բոլթոնի հայտարարություններին «տաք հետքով» տրված արձագանք-նենգափոխումներում, որովհետև ԱՄՆ դերակատարումը լայն իմաստով առավել ընդգրկուն է ու բազմաշերտ և այն, ըստ էության, լիովին տարբեր քաշային և հատկանիշային կատեգորիաներում է, և այդ իմաստով նույնիսկ ոչ թե փոխարինում է ՌԴ դերին, այլ լրացնում այն բացերը, որոնք առաջանում են ՌԴ դերակատարման անլիարժեքության հետևանքով: