«Էրկու օր առաջ կես լիտր արուն եմ կորցրել…»․ Զինված խմբի պարագլխի նկատմամբ գրավ կկիրառվի՞

- in Իրավունք
Banda

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական քննությունը՝ ըստ մեղադրանքի՝ «ՀՀ իշխանությունը յուրացնելու, զավթելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցության» 20 անդամների՝ Արթուր Վարդանյանի, Վահան Շիրխանյանի, Անտոն Դիկրան Թոթոնջյանի, Գառնիկ Մարգարյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Ավետիս Բարեյանի, Վաղինակ Ստեփանյանի, Արթուր Եղիազարյանի, Վահագն Սալնազարյանի, Արման Հայրապետյանի, Էդվարդ Ներսիսյանի, Հարություն Սարիբեկյանի, Արա Պողոսյանի, Տիգրան Բոյաջյանի, Գևորգ Ջնդոյանի, Արկադի Մարդոյանի, Ասյա Մկրտչյանի, Մարինե Կաթանյանի, Նելլի Մինասյանի վերաբերյալ:

Այս գործով կալանքի տակ մնացել է միայն մեկ ամբաստանյալ՝ խմբի անդամներ ու զենք հավաքագրող և խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը:

Մնացած ամբաստանյալներն ազատության մեջ են:

Դատական նիստի սկզբում փորձ արվեց շարունակել մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից՝ գաղտնալսված հեռախոսազրույցների հրապարակումը: ԱմբաստանյալԱրթուր Վարդանյանը նիստի սկզբում հայտարարեց, թե վատ է զգում, դատարանը շտապօգնություն հրավիրեց:

Այնուհետև, մինչև շտապօգնության ժամանումը, Արթուր Վարդանյանն ընդհատեց Լիլիթ Թ.-ի հետ իր մտերմիկ հեռախոսազրույցների հրապարակումն ու հայտարարեց, թե վատ է զգում, ջերմություն ունի, չի կարողանում նստած մնալ դահլիճում: Նա տեղեկացրեց, որ մեկուսարանում առավոտյան չափել են ջերմությունը, իրեն ջերմությունով են բերել դատարան:

Նախագահողն ի պատասխան ասաց, որ եթե ամբաստանյալն ի վիճակի չլիներ դատարան ներկայացվելու, նրան չէին ներկայացնի, փաստացի՝ առավոտյան նրա ջերմությունը չափել, բայց համարել են, որ նա ի վիճակի է դատական նիստին մասնակցելու:

Արթուր Վարդանյանն ասաց. «Նենց չի, որ առաջին անգամ ա, որ ինձ ջերմությամբ դատարան են բերել: Էղել ա, որ ավելի վատ վիճակում եմ էկել… Ես ի վիճակի չեմ երկար նստել դահլիճում…»:

Ի պատասխան դատարանի պնդման, թե դատական նիստին մասնակցելու անհնարինության մասին բժշկական փաստաթուղթ դատարանը չի ստացել, Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց. «Մենք ունենք փաստաթուղթ, որ արդեն տարիուկես Արթուր Վարդանյանի ջերմությունը չի իջնում, այդպես՝ ջերմությամբ ինքը էսօր կալանք չի կրում, պատիժ է կրում…»:

Ամբաստանյալ Արթուր Վարդանյանն էլ հայտարարեց. «Էրկու օր առաջ կես լիտր արուն եմ կորցրել…»:

Նախագահողը մնաց իր տեսակետին՝ ասելով, թե մեկուսարանում կա բուժանձնակազմ, որը առավոտյան չի տվել փաստաթուղթ այն մասին, որ տվյալ ամբաստանյալը առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ մասնակցելու դատական նիստին:

Պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց. «Հայաստանում անձը չի գնահատվում որպես մարդ… Անձը մինչև մահանալը պիտի պատիժ կրի ու դատական նիստերին ներկայանա…»:

Երբ նախագահողը հայտարարեց, որ շտապօգնության ժամանման հետ կապված կարճ ժամանակով ընդմիջում է դատական նիստը, փաստաբան Թամարա Բաղդասարյանը հայտարարեց, որ նույն դատարանում մեկ այլ նիստ ունի, եթե հնարավոր է՝ ընդմիջումից հետո այս նիստը որոշ ժամանակ անցկացնել իր բացակայությամբ՝ իր պաշտպանյալը չի առարկում:

Սակայն առարկեց մեղադրողը՝ նշելով, որ այս գործով նիստերին արդեն սովորություն է դարձել, որ պաշտպաններից ոմանք չեն ներկայանում՝ ասելով, թե պաշտպանյալը չի առարկում կամ այլ պաշտպան ժամանակավոր կփոխարինի: Դա օրինական չէ, եթե պաշտպանը չի մասնակցում նիստին, նիստը չպիտի կայանա…

Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, թե ձևական դատաքննության ժամանակ լինում է ձևական դատավարություն…

Նիստն ընդմիջվեց տասնհինգ րոպեով:

Երբ դատական նիստը վերսկսվեց, նախագահողը հայտնեց, որ շտապօգնության բուժանձնակազմը չափել է ամբաստանյալ Արթուր Վարդանյանի ջերմությունը, նա 37,5 աստիճան տաքություն ունի: Նախագահողը հայտարարեց, որ դատարանը այս նիստից հետո հարցում է կատարելու մեկուսարան՝ Արթուր Վարդանյանի առողջական ներկա վիճակի մասին պարզաբանումներ ստանալու համար:

Ամբաստանյալ Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Սիրուշ Աղվանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:

Պաշտպանը, ի տարբերություն նախորդ համանման միջնորդության, ավելացրեց առաջարկվող գրավի չափը՝ 2 միլիոն դրամից այն հասցնելով 3 միլիոն դրամի: Պաշտպանը նշեց նաև, որ նախորդ համանման միջնորդությունից հետո Արթուր Վարդանյանի առողջական վիճակը վատթարացել է:

Մեղադրող դատախազն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նշելով, որ Արթուր Վարդանյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության համար, որով օրենքը սահմանում է միայն ազատազրկման ձևով պատիժ: Մեղադրողը շեշտեց՝ դատարանը դեռ չի հարցաքննել գործով ամբաստանյալներին: Կա հավանականություն, որ ազատության մեջ լինելով՝ Արթուր Վարդանյանը կազդի մյուս ամբաստանյալների վրա: Բացի այդ, մեղադրողը հավանական համարեց նաև, որ Արթուր Վարդանյանը կարող է թաքնվել քննությունից: Նաև՝ Արթուր Վարդանյանը դատական նիստերի ընթացքում մի քանի անգամ խախտել է կարգը, նրա նկատմամբ դատարանը սանկցիաներ է կիրառել: Մեղադրողը եզրափակեց իր խոսքը պաշտպանի միջնորդությունը մերժելու դիրքորոշմամբ՝ ասելով, թե Արթուր Վարդանյանի դեպքում գրավը ի զորու չէ ապահովելու ամբաստանյալի պատշաճ վարքագիծը:

Արթուր Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց. «Մեղադրողի հայտարարության մեջ տեսնում եմ ՀՀ Սահմանադրության խախտում՝ խտրական վերաբերմունք, օրենքի առաջ բոլորի հավասարության իրավունքի խախտում… Մեղադրողը հաշվի չի առնում, որ Հայաստանում իրադրություն է փոխվել: Նոր Հայաստանի ստեղծման մեջ իր ուրույն տեղն ունեցավ Արթուր Վարդանյանը… Արթուր Վարդանյանն իր գործունեությամբ ամեն ինչ անում էր, որ Նոր Հայաստանը կայանա…Նոր Հայաստանում պետք է բացառել ընտրովի արդարադատությունը, դատարանը պետք է անկախ լինի… Ինչո՞ւ հաշվի չի առնվում, որ անձը 37,5 աստիճան տաքությամբ արդեն տևական ժամանակ գտվում է կալանքի տակ…»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արթուր Վարդանյանի նկատմամբ 3 միլիոն դրամ գրավ կիրառելու միջնորդությունը լուծող որոշում կայացնելու համար:

Դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի օրը, ժամը 12-ին:

Spread the love