«Հայտարարում եմ նկատողություն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու պատճառով»,- այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։

«Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:

Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին»,- գրել է Լիլիթ Մակունցը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեսյբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու նախարարությունը «Սայաթ-Նովա» անսամբլին բարեգործական համերգի մեկնելու համար ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել:

«Պաշտոնապես հայտնում են, որ Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին, առավոտյան 10.03-ին: Նույն օրը առավոտյան 10.23-ին դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն, եւ գործին տրվել է ընթացք:

Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը եղել է հինգշաբթի օր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգ:

Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր:

Առիթն օգտագործելով՝ խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները ներկայացվեն նախարարություն առնվազն 2 շաբաթ նախատեսվող միջոցառումից շուտ:

Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»,- գրել է Մշակույթի նախարարը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Թովմաս Պողոյսանը պատմել էր, որ ամիսներ առաջ ինքը «Սայաթ-Նովա» անսամբլով պետք է մեկներ Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու եւ դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով տրամադրել ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ եւ վերադառնան, սակայն պաշտոնական պատասխան են ստացել` «հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»: «Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Նրանց մոտ մտնելը երբեւէ բացառած հանգամանք է»,- նշել էր Պողոսյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...