Իրականում ՀԱՊԿ-ը Ռուսաստանի դեմ երկու կողմից ճնշման գործի՞ք է

- in Միջազգային
HAPK

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկվել են ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:

Անկասկած է, որ խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին է: Առավել ևս, որ նույն օրը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Լուկաշենկոն և Նազարբաևը ՀԱՊԿ ադրբեջանական գլխավոր լոբբիստներն են և նրանք են փորձում օգտագործել առիթն ու Հայաստանից վերցնել ԳՔ քվոտան, որը դեռևս մինչև 2020 թվականը պետք է լինի Հայաստանին: Ռուսաստանն այդ կապակցությամբ առայժմ լռում է: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը մտադիր է պահել քվոտան: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում երեկ այդ մասին հայտարարել է նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Օրերս այդ հարցի շուրջ բավականին բուռն և սիրառատ մտքեր էին փոխանակել Լուկաշենկոն ու Ալիևը, որոնք նոյեմբերի 19-ին կհանդիպեն Մինսկում: Իսկ մինչ այդ ամեն մեկը մյուս երկրի դեսպանին էր հրավիրել և սեր խոստովանել՝ առ Բելառուս և առ Ադրբեջան:

Եվ ահա դրանից հետո տեղի է ունենում Պուտինի հեռախոսազրույցները Փաշինյանի, Լուկաշենկոյի և Նազարբաևի հետ: Ո՞ւմ է Պուտինը համոզել զիջել, դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք ՀԱՊԿ ղեկավարների հավաքին ընդառաջ, որտեղ, ըստ Աստանայի Վեհաժողովում արած հայտարարության, պետք է լուծվի հարցը: Չի բացառվում իհարկե, որ հարցն այնտեղ էլ չլուծվի: Ի վերջո կա նախադեպ: Նույն Յուրի Խաչատուրովի նշանակման հարցը Վեհաժողովից Վեհաժողով անցավ ավելի քան մեկ տարի: Մյուս կողմից, սակայն, այստեղ խնդիրն այլ է: ՀԱՊԿ-ում Հայաստանը հարցը դրել է, այսպես ասած՝ կողով, այսինքն՝ այն իմաստով, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ը լուրջ կազմակերպություն, ռազմա-քաղաքական բլոկ է, թե՞ ոչ: ԳՔ հարցը Հայաստանը դնում է այս համատեքստում, այսինքն՝ ոչ թե Հայաստանի, այսպես ասած, արժանապատվության կամ «թասիբի», այլ ՀԱՊԿ բովանդակության և լրջության:

Ըստ այդմ, մերժել Հայաստանին, նշանակում է վերահաստատել, որ ՀԱՊԿ-ը անլուրջ կառույց է: Մյուս կողմից, եթե ժամանակ ձգվի, ապա կասկած չկա, որ Հայաստանն էլ հետո տորպեդահարելու է Բելառուսի, այսպես ասած, թեկնածուներին, երբ հերթը գա Մինսկին: Պուտինը, խոշոր հաշվով, հասկանում է, որ խնդիրը այստեղ է: Մյուս կողմից, նա երևի թե հասկանում է, որ եթե այժմ զիջում է Մինսկին ու Աստանային, ապա դրանով ոչ միայն մնում է Հայաստանի «պարտքի տակ», այդ բառակապակցության ռազմա-քաղաքական իմաստով, այլ, ըստ էության, Մինսկն ու Աստանան արձանագրում են Մոսկվայի նկատմամբ հերթական հաղթանակը: Ռուսաստանը տարիներ շարունակ ՀԱՊԿ-ը դիտարկել է որպես հետխորհրդային երկրների հետ իր երկկողմ հարաբերության հարթակ, ուշադրություն չդարձնելով այդ բլոկի հավաքականության խնդրի վրա: Մինչդեռ, մյուս հետխորհրդային երկրները, մասնավորապես Բելառուսն ու Ղազախստանը, իրականում դիտարկել են ՀԱՊԿ-ը որպես աքցան, որի մեջ կվերցնեն Մոսկվային և կսկսեն պայմաններ թելադրել։

Հիմա Ռուսաստանը բախվել է մի իրավիճակի, երբ դաշնակցային, հավաքական բաղադրիչի անտեսումը կանգնեցրել է իրեն ճգնաժամի առաջ և եթե թվում էր, որ ՀԱՊԿ-ը հետխորհրդային երկրների հետ երկկողմ հարաբերությունների միջոցով նրանց վերահսկողության կամ նրանց վրա ազդեցության գործիքներից մեկն էր, ապա այժմ ստացվում է, որ իրականում ՀԱՊԿ-ը Ռուսաստանի դեմ երկու կողմից ճնշման գործիք է: Պուտինն այս իրավիճակից չի կարող դուրս գալ առանց Հայաստանի օգնության՝ ՀԱՊԿ միակ պարկեշտ մասնակիցը, որը լիարժեք հավատարիմ է ռազմա-քաղաքական բլոկի տրամաբանությանը: Մյուս կողմից հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք Հայաստանին արժե Պուտինին արագ դուրս բերել այդ վիճակից, թե՞ այդ իրավիճակը երկարաձգումը Երևանին կարող է տալ լայն քաղաքական մանևրի և տարբեր հարցեր շոշափելու հնարավորություն:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...