Լարված իրավիճակ ԱԺ-ում. ՀՀԿ-ն լքեց նիստերի դահլիճը

- in Հասարակություն
AJ

Ազգային ժողովն այսօր չհաստատեց Ամենայն հայոց կաթողիկոսի պետական պահպանությունն ավելացնելու մասին օրինագիծը, որի հեղինակը ՀՀԿ-ական պատգամավորներն էին:

Օրինագիծը բուռն բանավեճ դարձավ խորհրդարանում, ԱԺ փոխնախագահն ու ՀՀԿ-ական պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հարցրեցինք, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն նախկինում մտահոգ չէր Վեհափառի անվտանգության հարցով. Որովհետև ՀՀԿ-ի իշխանության օրոք սեռական փոքրամասնությունները և աղանդավորները չեն վխտում և Առաքելական սուրբ եկեղեցու վրա հարձակումներ չէին իրականացնում, վեհարանի գրավման փորձեր չէին կատարում և Ջերմուկի ճանապարհին էլ կաթողիկոսի վրա չէին հարձակվում: Իսկ էս վեց ամսվա ընթացքում մենք տեսանք և վեհարանի գրավման փորձեր, և վեհափառի նկատմամբ ոտնձգություն, և աղանդավորության քարոզ, և գոմիկության քարոզ: Այդ դրա համար էսօր մենք բերել ենք այդ օրենսդրական նախաձեռնությունը: Հարցին ուղիղ օրենսդրական լուծումներ պետք է տալ, չպետք է այնպես լինի, որ վարչապետից կամ այլ անձից կախված լինի կաթողիկոսի անվտանգության հարցը: Նա մեղադրեց Ելք խմբակցությանն ու Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին՝ նախագիծը տապալելու համար:

Նախագծի քննարման ժամանակ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ եթե այսօր Վեհափառը չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ, դա նրա խնդիրն է, պետք է մտածի, թե ինչու է այդպես:

Ի պատասխան Էդ. Շարմազանովն ասաց, թե Հայ առաքելական եկեղեցու հետևորդները, եթե Աստվածաշունչ մի քիչ շատ կարդային, կհասկանային, որ մենք իրավունք չունենք տալ մեր հոտի առաջնորդներին. Վեհափառը դա Աստծուց ա, ցանկացած եկեղեցու առաջնորդ, նա Աստծուց ա: Եվ մենք՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հոտի հետևորդներ, մենք չէ, որ պետք է որոշենք ինչ պետք է անի վեհափառը, ինչ չպետք է անի:

Ազգային ժողվն այսօր չհաստատեց ԱԺ պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Գալուստ Սահակյանի և Կարինե Աճեմյանի կողմից ներկայացված նախագիծը, որով այլ կրոնական կազմակերպություններին պետք է Հայ առաքելական եկեղեցու տարածում բռնի բողոքներ անելուց զերծ պահեին: Նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել:

Նույն պատգամավորները նաև մշակել էին “Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին” օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Դրանով նախատեսվում էր բարձրացնել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը: Նախագիծը չհաստատվեց, Ելք խմբակցությունը դեմ էր:

Նախքան քվեարկությունը բուռն բանավեճ տեղի ունեցավ խորհրդարանում:

“Իմ մտահոգություններն այն են, որ մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում մեր Առաքելական եկեղեցուն, և այս ամիսների ընթացքում աղանդավորական շարժումները որոշակի գլուխ են բարձրացրել: Հաջորդ պառլամենտին կխնդրեմ ուշադիր լինել ազգային և հոգևոր արժեքների պահպանման գործում”,- ասաց Շարմազանովը:

ՀՀԿ-ական Սամվել Նիկոլյանն ասաց, որ ազգային հենասյուներից մեկը՝ Հայ առաքելական եկեղեցին ու նրա անվտանգությունն ու արժանապատվությունը պահպանելը յուրաքանչյուր հարց մարդու սրբազան պարտքն է: “Եթե այսօր որևէ պատգամավոր ու խմբակցություն բոյկոտում է, մենք ուզում ենք հստակ իմանալ՝ ովքեր են մեր արժեհամակարգի դեմ գործողություններ կատարում: Սա վերկուսակցական ու վերքաղաքական խնդիր է”,- ասաց Նիկոյանը:

Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասաց, որ կառավարության ներկայացուցիչը հավաստիացրել է՝ եթե կաթողիկոսն անվտաանգության կարիք ունենա, ապա կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի՝ պաշտպանություն իրականացնելու համար: Օրենքով դա հատուկ արձանագրելու կարիք չկա:

էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ եկեղեցին ու կաթողիկոսն այն իսնտիտուտը չէ, որ եթե-ներով խոսենք. Այո, եկեղեցին ու վեհափառը մեր Սահմանդրությամբ ունեն բացառիկ իրավունքներ, Հայ առաքելական եկեղեցու բացառիկությունն ամրագրված է ՀՀ մայր օրենքով, ուստի կառավարությունը, Ազգային ժողովը, Հայաստանի քաղաքացիները պարտավոր են հարգեր Սահմանդրությունը և պետական պաշտպանության հատուկ լիազորություններ և իրավունքներ տալ վեհափառ հայրապետին:

Նախագծի հեղինակներից Միհրան Հակոբյանն ասաց, որ Հայ առաքելական եկեղեցու խնդիրները պետք է լուծել օրենքով, թողնել վարչապետի հայեցողությանը, դա հարիր չէ: Վարչապետի հայեցողությամբ, ըստ նրա, կարելի է լուծել, օրինակ, Եհովայի վկաների առաջնորդի անվտանգության հարցը:

Սամվել Նիկոյանն ասաց՝ հստակ պետք է գիտակցել՝ պատմության ընթացքում եղել է Հայ առաքելական եկեղեցին, եղել է վեհափառը: Այն ժամանակ մենք չենք ունեցել պետություն, բայց ունեցել ենք եկեղեցին: Այսօր հարցը թողնել կառավարության հայեցողությանը, ըստ Նիկոյանի, անթույլատրելի է:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հորդորեց վեր կանգնել այս ամենից և կողմ քվեարկել նախագծին. Լավ կյանքից չէ, որ առաջացել է այս հարցը: Եվ արդեն փաստերը խոսում են այն մասին, որ ոչ թե Առաքելական եկեղեցու հովվապետը կարիք ունի պաշտպանության, եկեղեցին կարիք ունի պաշտպանության: Մենք դրա համար հատուկ հայտարարություն ենք արել: Այսօր դնել վեհափառին մի իրավիճակի մեջ, որ ինքը պետք է խնդրի, որ իրեն պաշտպանենք, չեմ կարծում, որ սա ճիշտ մոտեցում է:

Ծառուկյան դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ասաց, որ իրենք բարձր են գնահատում անվտանգության հարցը, բայց գտնում են, որ օրենքով չէ, որ պետք է այդ նախադրյալները ստեղծել. Դա այսօրվա օրենսդրության շրջանակներում անհրաժեշտության դեպքում ևս հնարավոր է ապահովել: Ծառուկյան խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի:

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այսօր պատմական պահ է՝ որոշում կայացնելու. Կոչ եմ անում բոլորիդ կողմ քվեարկել, սա ավելին է, քան քվերակություն: Այս քվերակությամբ մենք որոշելու ենք՝ ուր ենք գնում, ծառայում ենք Աստծուն, թե՞ Սատանային, ծառայում ենք եկեղեցուն, թե՞ աղանդավորությանը: Վեհափառ հայրապետն ու եկեղեցին այսօր կարիք ունեն անվտանգության հատուկ միջոցառումների:

Վեհափառին դասելով հատուկ պահպանվող պաշտոնյաների շարքին՝ մենք միաժամանակ ընդգծում ենք ազգային անվտանգության  համար նրա բացառիկ պատասխանատու դերակատարությունը, ասաց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը:

ՀՀԿ-ական Գագիկ  Մինասյանն ասաց, որ այնպիսի արտահայտություններ են անում դահլիճում, որ չխոսելը դառնում է շատ վտանգավոր. Էդ ի՞նչ է նշանակում վեհափառին պաշտպանենք համայն հայությունից: Էդ ո՞վ է համայն հայության անունից խոսում: Ես կարծում եմ՝ կամ մեր մեջ հոսում է հայի արյունը, կամ այդ արյան փոխարեն ուրիշ բան է հոսում: Չափ ու սահման պետք է ամեն ինչին լինի, մենք էսօր չենք ծնվել, ծնվել ենք հարյուրամյակներ ու հազարմյանկեր առաջ: եվ այս մեր կերպարը մեծապես պայմանավորված է մեր եկեղեցիով, մեր հայրապետով:

Նախագծին աջակցող ելույթներ ունենան նաև ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը և Հակոբ Հակոբյանը: Եսայանն ասաց, որ այդ տրամաբանությամբ ուրեմն վարչապետին էլ չպետք է պաշտպանենք հայ ժողովրդից, թող  վարչապետն էլ չունենա անվտանգության համակարգ: Ըստ նրա՝ քանի որ նախընտրական շրջան է, պետք է հասարակությունը հստակ իմանա, թե ինչու է կառավարությունը դեմ այս օրինագծին, սա շատ վտանգավոր տեղ է տանում:

Հակոբ Հոկոբյանն ասաց, որ վեհափառին իրենք պաշտպանում են սեռական ու կրոնական փոքրամասնություններից, որոնք դրսից ֆինանսավորվում են և պայքարում են հայկական պետականության ու հայ հավատքի դեմ: Նրա հայտարարությունը ՀՀԿ-ականները ծափերով ընդունեցին:

Այս բուռն բանավեճից հետ նախագծին ընդամենը 28 պատգամավոր կողմ քվեարկեց:

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն էր. Այո, հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք անում են աղանդավորության քարոզ, սեռական փոքրամասնությունների, գոմիկների քարոզ, որոնք երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը: Մենք այսօր 28 պաշտպան ենք, վաղը լինելու ենք 2800, մյուս օրը՝ 2 մլն 800 հազար: Հայկը չի կարող պարտվել Բելին, մենք հաղթելու ենք,- ասաց Շարմազանովը ու լքեց դահլիճը: Նրան հետևեցին ՀՀԿ-ականները:

Մի րոպե, պարոն Շարմազանով, մի գնացեք, այստեղ կարևոր նախագիծ կար ուսանողների համար,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Դա արդեն կարևոր չի,- դահլիճից բացականչեցին ՀՀԿ-ականները՝ հետևելով Շարմազանովի օրինակին:

Դուք դեռ լո՞ւրջ եք վերաբերվում ՀՀԿ-ի ասածներին, ես զարմանում եմ,- ասաց Ելք խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե Իմ քայլը դաշինքի համամասնական ցուցակը աջաբսանդալ է. Մենք լուրջ են վերաբերվում այն կարծիքներին, որոնք ներկայացնում են հանրության լայն շրջանակների տեսակետը. ՀՀԿ-ն չի ներկայացնում հանրության լայն շրջանակ, ներկայացնում է իրենց ներկուսակցական կարծիքը: ՔՊ-ում պատրաստ են քաղաքական պայքարի բոլոր անակնկալներին և հարկ եղած դեպքում կմատուցեն իրենց անակնկալները:

Spread the love